ԿարևորՀասարակություն

Երևան- Վիեննա՝ 24․99 եվրոյով․ ի՞նչ է մտնում գնի մեջ

2020 թվականից Հայաստանից հնարավոր  կլինի Եվրոպա մեկնել  էժան ավիատոմսերով ՝ «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններից։  Հունվարի 14–ից  արդեն դեպի   Միլան, Հռոմ, Բեռլին   թռիչքներ կիրականացնի    իռլանդական  « Ryanair» ընկերությունը։ Այսօր հայտարարվել է ևս մեկ ընկերության՝   հունգարական   «Wizz Air» –ի մուտքի  մասին։

«Wizz Air» ընկերությունը  Վիեննա և Վիլնյուս  թռիչքներ կիրականացնի 2020 թվականի ապրիլից։ Այս ընկերությունը սուբսիդավորում չի ստանա, պետտուրքից էլ կազատվի միայն դեպի Վիլնյուս թռիչքներ իրականացնելու համար։  Բյուջետային թռիչքները առանձնահատկություններ ունեն։ Դրանց հատկապես ուղևորները պետք է ուշադրություն դարձնեն՝ խնդիրներից խուսափելու և տհաճ անակնկալների առաջ չհայտնվելու համար։  

Երևան– Վիեննա, Երևան– Վիլնյուս․  2020- ի ապրիլից Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից  թռիչքներ կսկսի իրականացնել Wizz Air ընկերությունը։ Մեկ ուղղության արժեքը 24․99 եվրո է, լրացուցիչ ցանկացած ծառայության համար ուղևորը պետք է լրացուցիչ վճարի։ Գումարը մեկ ուղղության արժեքն է։  Սա բյուջետային ավիաընկերությունների առանձնահատկությունն է։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը  «Ռադիոլուր»- ին  ներկայացնում է ոչ միայն այս, այլ նաև մյուս բյուջետային ավիաընկերությունների առանձնահատկությունները։ Նախկինում դրանք  թռիչքներ  էին իրականացնում երկրորդական օդանավակայաններից, այժմ, սակայն,  թռիքչներ կիրականացնեն նաեւ  հիմնականներից

«Մենք սովոր ենք, որ պետք է ճանապարհորդենք մեծ ճամպրուկով։ Հնարավոր է, սակայն դրա համար պետք է վճարել։ Այս ընկերությունները գումարը վերցնում են ավիատոմսի համար։ Եթե մարդը կոնկրետ նստատեղ է ուզում, ճամպրուկ է ուզում, սնունդ է ուզում,  պետք է վճարի։  Նրանք, ովքեր այդ ամենը չեն ուզում, կարող են շատ ցածր գնով վճարել։ Շատ կարևոր է գրանցման հարցը։ Կան ավիաընկերություններ, որոնց  գրանցումը  միայն օնլայն է, օդանավակայանում գրանցվելու համար պետք է վճարել։  Մարդը տոմսը պատվիրելիս պետք է ուշադիր կարդա»։

Եվ այսպես,  Wizz Air  ընկերությունը  պլանավորում է   չվերթներ իրականացնել տարբեր ուղղություններով ։ Ընկերության կորպորատիվ   հաղորդակցության ղեկավար   Անդրաս Ռադոն հայտարարեց, որ   տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց: Տուրիստական գործակալությունից քաղաքացին չի կարող տոմս գնել: Առցանց գնումները հնարավոր է կազմակերպել՝ օգտվելով ընկերության հավելվածից։  Wizz  Air- ի ղեկավարը վստահեցրեց, որ իրենցը ուլտրա-բյուջետային բիզնես մոդելի կազմակերպություն է: Սա նշանակում է, որ շահագործումն իրականացվում է ցածր ծախսերով:

«Անգլերեն կոչվում է low-cost  airline (լոուքոսթ)   ընկերությունը թռիչքներ է իրականացում ցածր գներով։ Ծախսերը շատ ցածր են, բիզնեսի համար դա շատ արդյունավետ եղանակ է։ Մեր  ընկերությունն ունի բավականին թարմ, ժամանակակից օդանավեր, սա  շատ կարևոր է ավիաընկերության գործունեության համար: Մենք թռիքներ իրականացնում ենք միայն Airbus  օդանավերով։ Ունենք A320, A321 օդանավեր, դրանք ամենաժամանակակից օդանավերն են»։

2020թվականի հունվարի 14- ից արդեն  իր  առաջին  չվերթը  կիրականացնի «Ռայն Էյր» ընկերությունը։ Սա ավելի շուտ է, քան նախատեսվում էր.

«Մենք մտածում էինք, որ ամենաշուտը թռիչքները կսկսվեն ամառվանից, սակայն հունվարի 14- ից կունենանք  առաջին չվերթը։ Ուղղությունները Միլան, Հռոմ, Բեռլին ու Մեմինգին, բայց արդեն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից։ Սա շատ մեծ փոփոխություն կբերի, քանի որ այս ընկերությունը Եվրոպայի ամենամեծ ընկերությունն է։ Ամենաարագ աճող ավիաընկերություններից է։ Այս չորս ուղղությունները դեռ սկիզբն են։ Բացի դրանից,  «Air Baltic«  ընկերությունը  Ռիգա է թռչելու, դեկտեմբերի 10–ին իր առաջին թռիչքն է իրականացրել ռուսական  «Azimuth» ընկերությունը։  Այս ամեն ինչը հնարավոր եղավ, քանի որ մենք սկսեցինք ավելի ճկուն աշխատել։ Գնացինք ու ավիաընկերություններին հարցրեցինք, թե ինչու Հայաստանը հետաքրքիր չի իրենց»։

 Ռևազյանն ասում է, որ  Հայաստանը  միջազգային ավիաընկերություններին հետաքրքիր չէր, քանի որ  շուկան է սահմանափակ,  բացի այդ, ընկերությունները  օդի տուրք  են  վճարում։ Տարեկան այս գումարը կազմում է 11–12 մլրդ դրամ։ Օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, սակայն ոչ  բոլոր ընկերությունների համար հանեցին տուրքը։

Որքան մրցակցությունը մեծ լինի, այնքան  ավիատոմսերի  գները ցածր կլինեն` ասում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button