ԿարևորՄշակույթ

Անցյալում ստեղծված Ապագայի «Սասունցիները»

Երևանից 25 կմ-ի վրա՝ Արմավիրի մարզում են ապրում անցյալում ստեղծված Ապագայի «Սասունցիները»: Արդեն մի քանի տասնամյակ է դրանք նորացվելու կարիք ունեին։ Ապագա գյուղի այցեքարտը դարձած որմնանկարը երկրորդ կյանք կստանա «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի շնորհիվ։

Ապագա համայնքի «Սասունցիները» վերջապես երկրորդ կյանք կստանան։ Այս գյուղում 1919-ից սկսած ապրում են սասունցիներ, բայց նրանց հետ միասին արդեն ավելի քան 45 տարի նույն գյուղում ապրում են նաև նկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիները»:

Գյուղի մշակույթի տան նախասրահում 1974-ին  նկարչի ստեղծած որմնանկարը Խորհրդային Հայաստանի մոնումենտալ նկարչության բացառիկ գործերից է:

Որմնանկարը զբաղեցնում է նախասրահի 74 քառակուսի մետրը, ավելի քան 18 մետր լայնություն ու 3.5 մետր բարձրություն ունի:

Աշխատանքը երեք մասից է. հորիզոնաձիգ մեծադիր նկարի կենտրոնում պատկերված է ազգային տարազով, մանկանն իր գիրկն առած տիրամայրը, առաջին պլանում ուշադրություն են գրավում բացված «Սասնա ծռեր» մագաղաթյա մատյանը, խաչքարն ու մանկան օրորոցին հենված հրացանը։

Որմնանկարի ձախ մասում պատկերված է  հայերի եւ թուրքերի միջեւ մարտը, որտեղ առանձնանում է Զորավար Անդրանիկի խրոխտ կերպարը։ Նկարի աջ մասում Գեւորգ Չաուշի թաղման սգերթի տեսարանն է, ուր ֆիդայիի կերպարանքով պատկերված է նաեւ ինքը՝ Սարգիս Մուրադյանը։

Որմնանկարն այնքան մեծ է, որ քեզ աշխատանքի մի մասն ես զգում:

Հայրենիքի թեման Սարգիս Մուրադյանի ստեղծագործական կյանքում ամենակարևորն էր, հիշում է նկարչի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը:

Թե ինչպես է նկարիչը հայտնվել Ապագայում, Զարուհին չի հիշում, բայց որ հայրը միշտ շատ լուրջ է մոտեցել մնայուն արժեքներին, փաստ է։ 

«Սարգիս Մուրդայանը սկզբում արվեստանոցում արել է էսքիզը՝ բնականաբար փոքր մասշտաբով, հետո արդեն ամեն առավոտ ընկերների հետ գնում էր Ապագա գյուղ ու ուշ երեկոյան վերադառնում»,- հիշում է Զարուհի Մուրադյանը։

Գյուղում որմնանկարին «մեր նկար» են ասում, հպարտանում են։ Թե ինչպես է ստեղծվել որմնանկարը, բոլոր մանրամասնություններով գյուղում հիշում են բոլոր տարեցները, երիտասարդներն էլ՝ անգիր գիտեն իրենց  գյուղի այցեքարտը դարձած որմնանկարի ստեղծման պատմությունը։

«Գյուղում բոլորը սիրում են էս նկարը, ով գալիս է` ասում են՝ սասունցիների պարտքը կատարել են»,– գյուղի բնակիչներից մեկն է պատմում։

Որմնանկարը ստեղծելուց հետո՝ 90-ականների վերջին, Զարուհի Մուրադյանը հոր հետ առաջին անգամ է գնացել Ապագա: Մշակույթի տան դուռը փակ էր, այդ անգամ որմնանկարը չեն տեսել:

Հաջորդ անգամ՝ արդեն առանց հոր, նկարչի դուստրը որմնանկարը տեսել է, հասկացել, որ ժամանակի ընթացքում վնասվել է, վերականգնման կարիք ունի: Ասում է՝ գյուղացիները սրտացավ են ու լավ են նայում, բայց ժամանակն իրենն ասում է:

Վերականգնող ճարտարապետ Արա Պաոլո Զարյանի ու Զարուհի Մուրադյանի հանդիպումը «Սասունցիներ»-ին երկրորդ կյանք տալու հույս առաջացրեց դեռ 2017-ի աշնանը:

«Ես եւ Քրիստին Լամուղեն գնացինք Ապագա գյուղ եւ տեսանք որմնանկարը, նայեցինք ու ես հասկացա՝ ինչի մասին է խոսքը։ Վերադարձանք, կազմեցինք նախահաշիվ ու ներկայացրինք մի փոքր առաջարկ»,- ասում է Արա Պաոլո Զարյանը։

Առաջարկը նկարչի ընտանիքի միանգամից ընդունեց, վերջին 5 տարում Զարուհի Մուրադյանի տարբեր նախաձեռնություններով կազմակերպվեցին բարեգործական համերգներ ու դրամահավաք։ Այս տարի որմնանկարի փրկության գործին միացել է նաեւ «Իմ քայլը» հիմնադրամը՝ 3 մլն․ դրամ նվիրատվությամբ։

Արդեն սկսվել են որմնանկարի նախասրահի վերանորոգման աշխատանքները, իսկ վերականգնող ճարտարապետ Արա Զարյանն ու Քրիստին Լամուղեն Ապագա կգան արդեն հաջորդ տարի, որ երկրորդ կյանք տան անցյալում ստեղծված Ապագայի «Սասունցիներին»։

Back to top button