ԿարևորՀասարակություն

«Ինդուստրիայի օր» ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր կազմակերպել է «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն է բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և իրենց մագիստրոսական ծրագրի համար գտնելու համագործակցության ուղիներ։

Այսօրինակ միջոցառումներն ուսանողների և ՏՏ ոլորտի ընկերությունների միջև համագործակցության նոր հեռանկարներ են ստեղծում:

Միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը,  Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։

«Ինդուստրիայի օր» խորագրով միջոցառմանը, բացի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից ու ուսանողներից, մասնակցել են «Ucom», «GG», «Krisp», «10Web», «OMD», «SFL», «Disqo», «SmartClick», «Mentor Graphics», «SuperAnnotate», «Arloopa», «X-Tech», «RAFA Solutions», «FimeTech», «Chessify», «ClinSoft», «PicsArt» ընկերությունների և «Tumo» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի  ու «FAST» հիմնադրամի անդամներ:

Ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ պրոռեկտորն ու միջոցառման համակազմակերպիչ Կարեն Քեռյանը հանդես է եկել ողջույնի խոսքերով, իսկ միջոցառման մասնակից ընկերությունները ներկայացրին մեքենայական ուսուցման վերաբերյալ հնարավոր նախագծերը, որոնք հիմնականում նպատակաուղղված են «ASDS» մագիստրոսական թեզերի թեմաների ընտրությանը։

Ա․ Սահակյանը, ներկաներին ողջունելով, ասել է, որ ուրախ է «Ինդուստրիայի օր» միջոցառման բացումը ազդարարելու համար։

«Այս տարի մեր ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 60-ամյակը, և հիմա կարող ենք արձանագրել, որ ֆակուլտետը մեծ հաջողություն ունի։ Ինչպես ֆակուլտետի, այնպես էլ համալսարանի հիմնական հաջողությունը իր տված շրջանավարտներն են»,-նշել է նա։

Դեկանը նշել է, որ ֆակուլտետի ուսանողների և ինդուստրիայի ներկայացուցիչների այս հանդիպումը առաջինն է իր տեսակով, սակայն ինքը հուսով է, որ այն կդառնա պարբերական։

Ռ․ Բարխուդարյանը իր ողջույնի խոսքում նշել է, որ կրթական ծրագրերը պետք է մոտ լինեն ինդուստրիային։

«Որևէ ոլորտում խորացված ուսուցումը, իհարկե, ինդուստրիայի ներկայացուցչի համար լավ է, սակայն խորը գիտելիք ունենալ միայն մի ուղղությամբ ու հարակից օժանդակ հմտությունները մղել երկրորդ պլան նույնպես պետք չէ»,- ասել է նա՝ նկատի ունենալով համալսարանի կրթական ծրագրերի բազմակողմանի լինելը։

«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանն էլ ասել է, որ միջոցառումը լավ առիթ է ծրագրի ուսանողների համար ընտրելու թեզի թեմա կամ փորձաշրջան անցնելու որևէ կազմակերպությունում։

«Շատ ուրախ եմ, որ ընկերությունները համագործակցում են մեզ հետ և նոր հնարավորություններ են բացում ուսանողների համար»,- նշել է միջոցառման համակազմակերպիչը` պատմելով նաև իր ղեկավարած մագիստրոսական ծրագրի դասախոսների մասին։

Այնուհետև ֆակուլտետի նախասրահում միջոցառման մասնակիցներն առանձին տաղավարներով ներկայացրել են իրենց ընկերությունները, հետաքրքրության ոլորտները, ծանոթացել միմյանց հետ և քննարկել հետագա համագործակցության ուղիները։

Back to top button