ԿարևորՀասարակություն

Հայաստանի առաջին աստղադիտարանը՝ թամանյանական առաջին շենքերից մեկը` Երևանում

Աստղադիտարանից  աստղային  երկնքին առաջին անգամ Հայաստանում նայել  են, որքան էլ զարմանալի է, ոչ Բյուրականից։ Երևանի կենտրոնի գողտրիկ անկյունում թաքնված  գանձի մասին  քչերը գիտեն, մինչդեռ այն ոչ միայն մեր երկրի առաջին աստղադիտարանն է, այլև` թամանյանական առաջին կառույցը Երևանում։ Վիկտոր Համբարձումյանի անունը կրող ԵՊՀ-ի աստղադիտարանն ու դրան առնչվող  հայտնի ու անհայտ պատմությունները «Ռադիոլուրի» ռեպորտաժում։

Երևանի Աբովյան փողոցի հարևանությամբ, Վիկտոր Համաբարձումյանի անունը կրող պուրակում, գիտնականի արձանից զատ ուշագրավ մի կոթող էլ կա՝  գմբեթաձև շինություն, որի գործառութային նշանակության մասին, համոզված եմ, քչերը գիտեն։

Վիկտոր Համբարձումյանի անունը կրող ԵՊՀ աստղադիտարանն է։ Խորհրդավոր շինության ներսում տեղադրված  աստղադիտակով  ժամանակին հիմք դրվեց հայ աստղագիտությանը։ 

ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի  ամբիոնի ասիստենտ, «Աստղաֆիզիակա» մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Էմիլյա Կարապետյանն ասում է, որ իր նշանակությամբ բացառիկ է նաև շենքը, քանի որ թամանայանական առաջին կառույցներից մեկն է Երևանում.

«Ի սկզբանե կառուցվել և գործել է որպես աստղադիտարան և հիմք է հանդիսացել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման համար։ Դիտակը Համաբարձումյանի միջոցով է Լենինգրադից տեղափոխվել  Երևան»։

Տիկին Էմիլյայի բնորոշմամբ՝ դիտակի տեղափոխման հետ կապված խառը պատմություններ կան։  30-ականների բռնադատության տարիներին Համբարձումյանի ձերբակալման հարցն է անգամ դրված եղել՝ պատճառաբանությամբ, թե գիտնականն իր ազդեցությունն ու անձնական կապերն է օգտագործել դիտակը Հայաստան բերելու համար։ «Փառք Աստծո, պատահական միջադեպով ձերբակալության հարցը հանվել  է, Համբաձումյանը փրկվել  է»,-ասում է տիկին Էմիլյան։

«Ի սկզբանե դիտակը գործել է  և ժամանակի համար եղել է հզոր դիտակ։ Սկզբում միայն գիտական նշանակություն ուներ, բայց 1945 թվականին Համբարձումյանն այստեղ բացեց աստղաֆիզիկայի ամբիոնը»։

Դրանից հետո միայն՝ 1946 թվականին Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ բացվեց Բյուրականի աստղադիտարանը։ «Նա առաջին հերթին լուծեց կրթական խնդիրը, հետո՝ գիտական։ ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնի ուսանողները հենց սկզբից սովորել են այս աստղադիտարանում, այստեղ է եղել  ամբիոնը»,-ասում է զրուցակիցս։  50-ականների վերջին այս շինությունը մեկ այլ  կարևոր նշանակություն է ստացել.

«1958 թվականին այստեղ բացվել է արհեստական արբանյակների դիտման կայան։ Այն տարիներին դա միակ  նման կայանն էր խորհրդային միության հարավային մասում։ Կայանը գործել է մինչև միության փլուզումը»։

Տիկին Էմիլյան հպարտությամբ է նշում՝ մեր  կայանը  կարևոր նշանակություն է ունեցել ամբողջ Խորհրդային միությունում, քանի որ այստեղ հայտնաբերվել են նաև լրտես արբանյակներ։ Կան անգամ այդ առիթով աշխատակիցներին պարգևատրելու իրեղեն փաստեր։  Որպես աստղադիտարան՝ Երևանի կենտրոնում գտնվող  դիտակն այսօր զիջում է  Բյուրականին. զրուցակիցս պարզաբանում է՝ Երևանի լուսավորությունն արդեն հերիք է, որ երկինքը վատ տեսնես, բայց դրանով դիտակի գիտական արժեքը չի նվազում։

«Գիտական աշխատանքի համար խնդիրը ուրիշ է, ուղղակի ճանաչողական առումով՝ ուրիշ»։

Վիկտոր Համաբարձումյանի ծննդյան 110-ը ամյակի առիթով,  աստղաֆիզիկայի ամբիոնի իր ուսանողների հետ միասին «Աստղաֆիզիակա» մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Էմիլյա Կարապետյանը   աստղադիտարանի վերաբացումը տոնեց սեպտեմբերի 18-ին։

Ապագա աստղաֆիզիկներն աստղերի հետ շփումն ապահովում ու իրենց գիտելիքները համալրում  են թամանյանական հենց այս  շենքում։  «Մեծ ոգևորություն է սովորել այս բաժնում ու նման դիտակից օգտվելու հնարավորություն ունենալ»,-խոստովանում են աստղային երկինքն արդեն բավականին  ուսումնասիրած  ապագա աստղագետները։

«Անբացատրելի զգացողություն է, երբ դիտակն ուղղում ես երկնային ինչ-որ լուսատուի վրա և ուսումնասիրում այն». աստղագետների նշած հաճույքը վայելելու հնարավորություն, ցավոք, չունեցա, այցիս օրն անձրևոտ էր, իսկ  դա նշանակում է՝ երկինքը փակ էր։

Ցուցադրել ավելի
Back to top button