ԿարևորՀասարակություն

Մերձարևադարձային մշակաբույսեր և ծառատեսակներ՝ Տավուշի մարզում

Գյուղատնտեսության  բնագավառում  անհնարինը հնարավոր դարձնելու գիտափորձ՝ մերձարևադարձային մշակաբույսերի և ծառատեսակների համար ոչ բարենպաստ պայմաններով գոտում, այն էլ հակառակորդի ամենօրյա  չդադարող կրակահերթերի թիրախում։ Հասցեն՝ Տավուշի մարզ, սահմանամերձ  Այգեձոր համայնք։ Տեղի հողերի համար խորթ արևադարձային  պտղաբուծությամբ զբաղվելու միտքը  միանգամից չի ծնվել։ Թոշակի անցնելուց  հետո հայրական  գյուղ վերադառնալով՝  78-ամյա Մելիս Բաբայանը նախաձեռնել է սեփական  բակը կլոր տարին կանաչ պահելու ոչ հեշտ  աշխատանքը։

«Ես չեմ մտածել   արևադարձային այգի հիմնելու մասին, պարզապես սիրում եմ, որ շուրջս հարմարավետ է։ Ես ուզել եմ, որ այգումս ամառ-ձմեռ  կանաչ լինի։ Ես սկսեցի փնտրել այն բույսերը, որոնք հնարավոր է, որ ձմեռեն մեզ մոտ,  բայց լինեն կանաչ»։  

Այդ կանաչ տեսքն ու հաճելի  հոտն այգում ապահովում են ազնիվ դափնիները։ Մելիս պապիկն իր այգու  հիմնումը սկսել է հենց մշտադալար ազնիվ դափնու տնկիները հողին պահ տալով։ Արդեն այսօր՝ 18 տարի անց, Բաբայանների  տքնաջան  աշխատանքի շնորհիվ երբեմնի աննկատ  բակը վերածվել է  կանաչապատ  այգու։ Իսկ դափնիները  այգու անկյունաքարն են։

«Շատ ունեմ  ազնիվ դափնու ծառ։ Ես այնքան դափնի ունեմ, որ կարող եմ Հայաստանի մեդալներ շահած  մարզիկներին  պարգևատրումների համար դրանք առաջարկել։ Նրանց պետք է պարգևատրեն իսկական  դափնու տերևներից պատրաստվածով, այլ ոչ թե անհասկանալի ինչ որ  բաներից  ստեղծվածով»։

Մերձարևադարձային  պտղաբուծությունը զարգացած է գլխավորապես միջերկրյածովյան երկրներում։ Ամեն անգամ այդօրինակ երկիր  հանգստի մեկնելիս Մելիս Բաբայանը ձեռնունայն չի վերադարձել։ Յուրաքանչյուր այցելությունից  իր այգին հարստացել է արևադարձային գոտուն բնորոշ ծառատեսակով։ Բաթումից Այգեձոր է հասել, օրինակ, բանանը, որն արդեն պտուղ է տալիս։ Թեև առայժմ բերքառատ չէ, սակայն այգուն որոշակի շուք ու արտառոցություն պարգևում է։

«Այս շքեղությունն  ինձ դուր է գալիս։ Չնայած այնքան շատ է տեղ զբաղեցնում, որ արդեն խանգարում է, բայց  դուր է գալիս։ Համտեսել ենք։ Իսկական բանանի համ ունի, սակայն սրա պտղամիսը փոքր է, այնքան, որ տնտեսական որևէ արժեք չի ներկայացնում, սա պարզապես դեկորատիվ ծառ է այգում»։

-Բանանի ծառի դեպքում ձմռանը խնդիրներ չ՞են առաջանում։

-Բանանի հարցը   շատ ավելի բարդ է, քանի որ դա ջերմասեր կուլտուրա է։ 0 աստիճանի դեպքում  անմիջապես ոչնչանում է։

Արմավենիներն էլ Սոչիից են հյուրընկալվել Բաբայանների այգում։ 16–ամյա այդ ծառատեսակները յուրովի են  հիշեցնում ծովափնյա քաղաքի բուսածածկն ու ծառաշատ  վայրերը։

Լայնաթուփ արմավենիներ ու սահմանամերձ Այգեձոր. մի տեսակ անհավատալի, բայց իրական տեսարան։

«Շատ լավ է աճում, շատ գոհ եմ։ Ու մինչև հիմա ամեն տարի ծաղկում էր, պտուղ չէր բռնում, հիմա  բռնել է։ Հույս ունեմ, որ  հասունանան, կկարողանամ շատացնել։ Ձմեռը երբ սկսում է ցրտել, ես ինձ ավելի շատ եմ վատ զգում, քան նույն արմավենին։ Եթե անհրաժեշտ է լինում, փաթաթում ենք, ծուխ եմ տալիս»։

Մրգերի շարքը կարելի է թվարկել։ Կիվին՝ իր գեղատեսիլ թարմաներով, ըստ Մելիս Բաբայանի, գյուղում մեծ հեռանկարներ ունի, որովհետև  Այգեձորում կիվիի մշակությամբ արդեն շատերն են զբաղվում։

«Կիվին շատ բերքատու մրգատեսակ է։ Տնտեսական մեծ էֆեկտ  կտա։ Ես համոզված եմ, որ  սա մեր գյուղում հեռանկարային կուլտուրա կլինի։ Հայաստանում ուրիշ տեղ չի աճում, այստեղ գտել է իր տեղը։ Մեր պայմանների համար   շատ հարմար կուլտուրա է»։

Մերձարևադարձային մշակաբույսերի աճի և զարգացման համար պահանջվում է տաք ձմեռ, ինչը բնորոշ չէ Այգեձորի  կլիմային։ Կիվին շատ ավելի ցրտադիմացկուն է, քան արքայանարինջը, թուզը։ Այդուհանդերձ, բնակլիմայական առանձնահատկությունն են թելադրում իրենց քմահաճույքները։ Օրինակ, Արարատյան դաշտավայրում ոռոգումն ավելի հաճախ պետք է կատարվի, իսկ Այգեձորի տարածաշրջանում  նման խնդիր չկա։ Իհարկե, անկախ ամեն ինչից, հաջողությունների հասնելու կարևորագույն գրավականը անսպառ սերն է և ամենօրյա սրտացավ աշխատանքը։

«Եթե մի բանը  սիրում ես, ամեն ինչի կհասնես։  Հողի գործը հեշտ չէ, բայց եթե սիրով ես անում, չես էլ զգում աշխատանքի դժվարությունը։ Եթե ծառին համարում ես քո երեխան, ուրեմն նրան պետք է մշակես, խնամես առանց տրտնջալու։  Հոգեկան մեծ բավականություն եմ ստանում, և էդ շատ ավելին է, քան այն նյութականը, որը կարող է լինի»։

Մեր զարմանահրաշ զբոսանքն այգում  և անչափ հետաքրքիր զրույցն ամփոփվեց կիվիի շիվերի տակ  կառուցված  փոքրիկ զրուցարանում՝ այգու բերքուբարիքի համտեսով։ Հեռանալով  այգուց՝ փորձեցի ի մի բերել լսածս ու տեսածս  և հասկացա, որ անհնարինը հնարավոր է դարձել ոչ միայն սիրո և աշխատասիրության, այլև հայրենի  հողի նկատմամբ անասելի նվիրվածության ու նաև  անվախ  և անկոտրում բնավորության շնորհիվ։ Չէ, որ այդ  բերքը մշակվում է կրակոցների ձայների տակ։

Ցուցադրել ավելի
Back to top button