ԿարևորՀասարակություն

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը խոշտանգումների գործերով վերանայման հայտեր է ստանում

ԱԺ–ն այսօր աշխատանքը սկսել է հոտնկայս ծափերով եւ շնորհակալությունով՝ ուղղված ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի անդամներին։ Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական ուղերձը հղել է 3 խմբակցությունների անունից։  

ԱԺ–ն այսօր ավարտել է արտահերթի աշխատանքը, եւս մեկ արտահերթ կհրավիրվի դեկտեմբերի 19–ին։

Իսկ այսօր քննարկված նախագծերից  մեկն ընդունվել է միաձայն։ Այն որոշակիորեն  առնչվում է վերջերս համացանցում տարածում գտած սկանդալային տեսանյութին։

Անցած ամիս համացանցում տարածվեց սկանդալային մի տեսանյութ, որտեղ երեւում էր, թե  ինչպես են ոստիկանները խոշտանգում անհայտ քաղաքացու։ Ցուցմունքները կորզվում էին  մահակներով եւ հակագազով։

Դեպքը տեղի էր ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Տեսանյութի հրապարակումից մեկ օր անց ծառայողական քննության շրջանակում ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։ Ոստիկանությունից  հայտնում են, որ աղմկահարույց տեսանյութն արվել է շուրջ 10 տարի առաջ:

«Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով»․ այս հանցակազմով հարուցված քրեական գործով Հատուկ Քննչական ծառայությունն արդեն պարզել է նաեւ խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։ Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։ Կատարվում են քննչական եւ այլ դատավարական գործողություններ:

Հետագայում նման դեպքերից խուսափելու համար խորհրդարան էր բերվել ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծ։

 «Նախագծի նպատակն է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու եւ բացահայտելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նպատակով ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող եւ տեսաձայնագրող համակարգերի կիրառման օրենսդրական ամրագրումը։ Սույն օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ոչ թե հարցաքննությունների իրականացման ընթացքում հետաքննության մարմնի կողմից ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքի» 29 հոդվածի 2–րդ մասով նախատեսված քննչական գործողություններին, այդ թվում հարցաքննությունների արդյունքների տեսաձայնագրման ձեւով դատավարական ամրագրմանը, այլ՝ ընդամենը ոստիկիանության ստորաբաժանումների վարչական շենքերում դատավարական տարբեր սուբյեկտների հարցաքննության ընթացքում խոշտանգման հնարավոր դեպքերի կանխարգելմանը եւ բացահայտմանը»,– ասաց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը։

Տարիներ շարունակ ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հիշում է, թե քանի անգամ է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովն այս համատեքստում անդրադարձել Հայաստանի հարցին․

 «Բազմաթիվ անգամներ գլուխս կախել եմ եւ անհարմար եմ զգացել, երբ Հայաստանը եղել է այն ցուցակում, որտեղ ցուցմունքները կորզում են խոշտանգումներով ։ Կարեւոր է, որ մենք իսկապես կարողանանք 20 եւ ավելի տարիների արատավոր ավանդույթը՝ խոշտանգումների, ահաբեկումների, շանտաժի, սպառնալիքների միջոցով  կորզել ցուցմունքներ եւ դա դնել դատավճռի հիմք, մենք կարողանանք գոնե այս քայլերով այդ խնդիրը մեղմացնել։ Մարդու իրավունքների հանձնաժողովը հիմա արդեն ստանում է տասնյակ եւ հարյուրավոր նամակներ՝ խնդրելով միջնորդել, որպեսզի վերաբացվեն բոլոր այն գործերը, որոնք կայացվել են խոշտանգումների արդյունքում կորզված ցուցմունքների հիման վրա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Առաջարկվող փոփոխություններն արդեն օրենքի ուժ են ստանում, բայց պատգամավոր Սասուն Միքայելանը հորդորում է չմոռանալ հոգեբանական հնարավոր ճնշումների մասին։

 «Եթե մարդուն բերում ես, հարցաքննում ես կարող ես «մորալնի» վրան ազդես, նոր տանես քննչական սենյակ, այնտեղ արդեն տեսախցիկներ դրված է։ Չգիտեմ ինչու, դա դուրս մնաց, որը շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ եթե մարդուն բերում են բաժին քննության կամ հարցումների ժամանակ, եթե տեսախցիկ չի լինում մարդու վրա կարող են ազդել եւ տանեն քննչական սենյակներ, որտեղ, բնականաբար,  տեղադրվում է տեսախցիկները»,– նշեց Միքայելանը։

«Ոստիկանության մասին» օրենքում կառավարությանն առաջարկած լրացումներն ու փոփոխություններն այսօր ընդունվեցին միաձայն երկրորդ ընթերցմամբ՝ 105 կողմ ձայնով։

Back to top button