ԿարևորՎերլուծական

Սենատի բանաձեւն օրենք չէ, բայց քաղաքական եւ իրավական առումներով լավ հիմք է. միջազգայնագետ

Որոշ քաղաքագետներ նկատում են, որ ԱՄՆ–ի քաղաքական և բարոյական շահերը համընկան, որի արդյունքում եղավ բանաձեւը։ Այդուհանդերձ նրանք շեշտում են նաեւ, որ Սենատի բանաձեւը պատմական իրադարձություն է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն Թուրքիային պատժելու հազարումի միջոց ունի, բայց Հայ դատի ճիշտ լոբբինգի արդյունքում հնարավոր եղավ ԱՄՆ-Թուրքիա վատթարացող հարաբերություններն օգտագործել հօգուտ ՀՀ շահերի։

Բանաձեւն ընդունվեց միաձայն՝ առանց որեւէ վերապահման, ինչը կարեւոր է ցեղասպանության ճանաչման հետագա աշխատանքների համար, այն ստեղծել է նպաստավոր իրավիճակ՝ կարծում են փորձագետներն ու քաղաքագետները։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նկատում է, որ բանաձեւն ընդունվեց առանց վերապահման՝ միաձայն։ Դեմ քվեարկեց ընդամենը 11 կոնգրեսական, ովքեր, ըստ էության, թուրքական բարեկամական խմբի անդամներ էին եւ չէին կարող այլ կերպ քվեարկել։

«Համենայնդեպս, մենք ունենք համարյա միաձայն այսպիսի պատկեր եւ՛ ներկայացուցիչների պալատում, եւ՛ սենատում։ Սա նշանակում է, որ քաղաքական հիմնական խաղացողները՝ թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատներն այս բանաձեւի ակտիվ աջակիցներն են եւ այս առումով, իhարկե, բարենպաստ միջավայր է ձեւավորվել՝  նաեւ այս մեսիջը Թրամփին հասցնելու համար»,- ասաց քաղաքագետը։

Սուրեն Սարգսյանը միաժամանակ նկատեց, որ ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևն օրենք չէ եւ պարտադրող ուժ չունի։

 «Իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չէ եւ նախագահի վավերացմանը չի գնալու։ Սա ամենակարեւորն է, որ մենք hասկանանք։ Եվ նախագահը որեւէ պարտավորվածություն չունի «ցեղասպանություն» բառն օգտագործել իր ելույթներում  կամ իր խոսքում»,– ասաց Սարգսանը։

Բայց, միեւնույն ժամանակ, միջազգայնագետի խոսքով, սա շատ լավ հիմք ու նախադեպ է թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով, որպեսզի հայկական համայնքը շարունակի ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր քայլերը՝ հասնելու այն բանին, որ ԱՄՆ նախագահը չխուսափի «ցեղասպանություն» տերմինից։

«Լինի դա Թրամփը, թե հաջորդ նախագահ, օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը բոլոր պատեհ առիթներով»,– նշեց Սարգսանը։

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այս բանաձեւի ընդունումից հետո, հիմա արդեն ոչ միայն հայկական համայնքը, այլ նաեւ Հայաստանի իշխանությունները բոլոր ուղղություններով՝ արտգործնախարարություն, կառավարություն, ԱԺ, բոլոր հնարավոր խողովակներով պետք է աշխատեն։ Ժամանակը նպաստավոր է եւ եթե կարողանան ժամանակը ճիշտ տնօրինել, ապա, բնականաբար, կհասնենք նաեւ այն արդյունքին, որը համայնքի համար կարեւոր է, այսինքն՝ Թրամփը կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը։

Բանաձեւը պատմական է համարում ՀՅԴ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։ Ի՞նչ կտա այն՝ ըստ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցչի.

«Այս բանաձեւը վերջ կտա 100 տարվա այն ընթացքին, երբ թուրքական կառավարությունը հաջողել է ինքը որոշել այս հարցում Սենատի կեցվածքը։ Մյուս կողմից՝ կարեւոր է, որ ԱՄն-ն ճիշտ ձեւով արտացոլի հայոց պատմությունը։ Այս հաղթանակները պետք է դիտարկենք ապագայի համար, նաեւ՝ դատական հարցերի հետ կապված՝ վերջիվերջո, իսկապես, արդարություն առաջ բերելու հայոց ցեղասպանության ոճրի պատասխանատվության հարցում։ Մենք կշարունակենք աշխատանքը գործադիր մարմնի, նախագահի  վրա»,– ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Սենատի ընդունած բանաձեւը բարոյաիրավական, քաղաքական նշանակություն ունի, բայց այն մի փոքրիկ կետ է հիմնականի մեջ։ Նա, հիմնական ամենակարեւորն էլ առանձնացրեց.

«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռուսաստանի – այս բոլոր երկրների, նույն՝ Օսմանյան Թուրքիայի, արխիվները լիքն են հարյուր hազարավոր փաստաթղթերով, որոնք փաստում են, որ եղել է ոչ միայն ցեղասպանություն՝ ցեղի սպանություն, այլ նաեւ հայրենազրկում՝ մի ամբողջ հայրենիքի սպանություն։ Եվ սրա պատասխանը, սրա հատուցումն անպայման գալու է»,– նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Դա, սակայն, նախկին արտգործնախարարի խոսքով, մի բանաձեւով չի լինելու, դա պետք է լինի պայքարով, ուժերի հարաբերակցության փոփոխությամբ, երբ նրա ձեւակերպմամբ, հայ ազգը լինի ուժեղ, երբ ՀՀ-ն լինի իրավական, ժողովրդավարական, միասնական պետություն՝ շատ ավելի, քան մենք կանք այսօր,-եզրափակեց Րաֆֆի Հովաննիսյանը։   

Ցուցադրել ավելի
Back to top button