ԿարևորՏնտեսական

Մետաղի ջարդոնից՝ արտահանվող արտադրանք

Մոտ մեկ ամիս առաջ  Հայաստանի  վարչապետը  կոչ արեց  ազատվել  հնամաշ մեքենաներից ու դրանք՝ որպես մետաղի ջարդոն  հանձնել համապատասխան կազմակերպություններին։  Նաև նշեց,   որ վերջին երկու ամսում հանրապետությունում  հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք։

Մոտ 420 աշխատակից,  200 հազար դրամ միջին աշխատավարձով  աշխատում են երկու հերթափոխով։  Չարենցավանում  ՝  «Հայավտո»   արտադրական  միավորման   Չարենացավանի  Ավտոձուլ   գործարանի  բազայի վրա ստեղծված գործարանն աշխատում է արտադրական ամբողջ հզորությամբ։  Խորհրդային տարիների հետ ասոցացվող  ծանր արդյունաբերության  մասին կարելի  է  պատկերացում  կազմել հենց այս գործարանում։  «Ասկե Գրուպ»   ընկերության արտադրության պետ  Անդրանիկ Հարությունյանը պատմում է՝  մեկ ժամում  40 տոննա  սև  մետաղե ջարդոն են ձուլում։

«Ձուլելուց  հետո  ստանում ենք նախապատրաստվածք,  որը տարբեր նպատակների համար է օգտագործվում՝  թե ամրանների արտադրության , և  թե աղացե գնդերի արտադրության մեջ։ Երկուսն էլ մենք ենք արտադրում։ Մեր արտադրողական հզորությունները մեծ են, հայաստանյան շուկայի համար մի բան էլ ավել են»։

Գործարանի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն մեծացավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հավաքել  հնամաշ  մեքենաներն ու հանձնել համապատասխան կազմակերպություններին։  «Ռադիոլուրին»  հետաքրքրեց, թե ինչ է արվում  և որտեղ է  հավաքվում մետաղե ջարդոնը։ Պարզվեց՝  մի քանի տասնյակ կազմակերպություն ջարդոնը հավաքում և հանձնում են հենց այս գործարանին։

«Հումքի մատակարարումը ավելացել  է։ Մենք հնարավորություն ունենք ձուլելու ամսական 10 հազար տոննա մետաղե ջարդոն։  Վերջին երկու ամսում հասնում ենք ամսական 8 հազար տոննայի, մինչ այդ ձուլում էինք մոտ 5–6 հազար տոննա»։

Հարությունյանն առաջարկում է ՝   մեկ վայրում հավաքել  մեքենաների կմախքներն ու դրանք նախ բրիկետ դարձնել, հետո հանձնել  իրենց՝ որպես հումք։   

«Այստեղ բերում են  անհրաժեշտ  չափսերով։ Մետաղե ջարդոնը ընդունող կազմակերպությունները իրենք հավաքում են, բերում այն չափսի, որը պետք է վառարանում օգտագործես»։ 

Տարեկան   120 հազար տոննա արտադրական  հզորություն ունեցող գործարանի հոսքագիծը  ներկայացուցիչների  պնդմամբ, լավագույնն է։ Աղացե գնդերը  արտահանում են Աֆրիկա ու Վրաստան ։  ԵԱՏՄ շուկա մուտքն այս պահին նպատակահարմար չեն համարում։

Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատող  գործարանում ակտիվ եռուզեռ է։ Աշխատում են վայրկյանների ճշգրտությամբ։  

«Ինչ անենք, մեր գործն էլ դա է, հեշտ աշխատանք ընդհանրապես չկա։ Հետաքրքիր է արտադրական ողջ գործընթացը։ Արտադրություն սիրող մարդու համար շատ հետաքրքիր է։ Բարդ է, շատ ջանք է պահանջում, պետք է համբերատար լինել, նաև վտանգավոր է, բայց անվտանգության կանոնները ապահովում ենք, որ միջադեպեր չլինեն։

Արտադրական գործընթացը բարդ է, սակայն, աշխատողների համար բարդ ոչինչ չկա, հատկապես, որ աշխատում են ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները

«Այս վառարանում է տաքանում մետաղե նախապատրաստվածքը, որից ամրան ենք ստանում։ Սեղմող ստենդի տակ մի քանի անգամ գնում–գալիս է, ստանում ենք մեր ուզած չափը։ Դառնում է մեր ուզած վերջնական ամրանը։

Այնքան են ձուլվել  աշխատանքին,  որ առանց աղմուկի ու արտադրական պրոցեսի  չեն պատկերացնում իրենց առօրյան։

«Մեզ համար մեր աշխատանքը շատ հետաքրքիր է, եթե այստեղ ենք ուրեմն սիրում ենք։ Առանց աղմուկի էլ չենք պատկերացնում  մեր կյանքը»։

Վստահեցնում են՝  տեղական արտադրանքը  ռուսական ու իրանական ամրաններից  մատչելի  է, մրցունակ, որակով  էլ  չի զիջում եվոպական  արտադրանքին։  

Այն, որ վարչապետի հայտարարությունը մետաղի ջարդոնի մշակմամբ զբաղվող ընկերությունների աշխատանը ակտիվացրել է, ակնհայտ է։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝   վերջին երկու ամսում  կազմակերպությունները  3600 տոննա ջարդոն  են ընդունել,  95  տոկոսը մեքենաների կմախքներն են։

Կառավարությունում սակայն հիմա մեկ այլ հարցի շուրջ են մտածում՝  ինչ անել այն դեպքերում, երբ հին մեքենաների սեփականատերերն իրենք չեն ցանկանում ազատվել ջարդոնից։

Ցուցադրել ավելի
Back to top button