ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի նաև անվտանգային բաղադրիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման կարևոր բաղադրիչ է, նաև անվտանգային բաղադրիչ ունի` ասել է վարչապետը

«Այդ պրոցեսը կարևոր է երկրի ու ժողովրդի անվտանգության պահպանման տեսակետից, ոչ թե 1915 թ. ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար»,- նշել է նա:

Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում էին Թուրքիայի վարած ապակառուցողական  և ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում․ «Եկեք նայենք, թե ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Իրաքի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ և Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, ու սա ըստ էության ի ցույց է դնում այն դերակատարումը, որ այսօր մեր տարածաշրջանում ունի:

Եվ այս առումով կարծում եմ՝ նաև միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նաև Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերագնահատի և վերանայի իր դերը մեր տարածաշրջանում: Ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին բոլոր կառավարությունները, մեր կառավարությունը նույնպես արձանագրում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Եվ ընդ որում մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ իմ նշած գործառույթների շրջանակներում, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում, որը ցավոք, այսօրվա իր դերակատարմամբ իմ նշած քայլերի շրջանակներում որոշակի պատմական աղերսներ է ստանում դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ»:

Վերադառնալով քննարկվող օրակարգին՝ վարչապետը հստակ արձանագրել է, որ իհարկե անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է. այստեղ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական, և՛ դիվանագիտական կոմպոնենտներ կան: «Բայց այնուամենայնիվ, մեր արձանագրումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ 1 պաշտպանը Զինված ուժերն են, բանակն է, Հայոց բանակն է, և Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են: Այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին 1.5 տարվա ընթացքքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների:

Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն և ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ:

Եվ մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության, Զինված ուժերի զարգացման ոլորտում, բայց սպառազինությունների ձեռքբերումն այս ոլորտում մեր վարած քաղաքականության մի հատվածն է ընդամենը: Ես շատ կարևոր եմ համարում, որ լրջագույն քայլեր են արվել Զինված ուժերի ծառայողների ծառայության  պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ: Եվ այս ուղղությամբ նույնպես մենք մեր աշխատանքները շարունակելու ենք:

Իհարկե, այս համատեքստում կան բազմաթիվ քննարկումներ, հրապարակումներ, քննադատություններ: Ես դրանք կբաժանեի երկու մասի. առաջինը, գիտեք, որ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ և նույնիսկ հակազդեցություն է առաջացնում: Սա բնական մասն է, բայց կա նաև երկրորդ հատվածը, որ մենք, իհարկե, բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որպեսզի այն բարեփոխումները և փոփոխությունները, որն իրականացնում ենք, իրենց բովանդակության կատարման որակով և արդյունքով 100 տոկոսով համապատասխան լինեն մեր մտադրություններին, մեր ցանկություններին և վերջնական նպատակներին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թվականին Զինված ուժերում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սպառազինության համալրման, ենթակառուցվածքների զարգացման, բանակում կրթության որակի բարձրացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի,Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Հումանիտար ականազերծման կենտրոնի գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

Ցուցադրել ավելի
Back to top button