ԿարևորՀասարակություն

Հիմա աշխատանքը պետք է շարունակվի Սպիտակ տան հետ. արձագանքում են ամերիկահայ կառույցները

Երախտագիտություն հայտնելով ԱՄՆ սենատորներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող համար 150  բանաձևի ընդունումը ողջունել են ամերիկահայ կառույցները՝ այն գնահատելով որպես հստակ ազդանշան Անկարային: Ինչպես «Ամերիկայի Ձայնն»  է գրում, վերջիններիս հայացքներն այժմ ուղղված է դեպի վարչակազմ:

«Բանաձևը չի պահանջում նախագահի ստորագրություն: Քանի որ Կոնգրեսի երկու պալատները փաստորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ պետք է ակնկալենք, որ վարչակազմը ճիշտ քայլերի կդիմի և Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կօգտագործի ցեղասպանություն եզրը»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը:

«Հիմա աշխատանքը պետք է շարունակվի Սպիտակ տան հետ, որ վերջնականապես վերջ դնենք Ցեղասպանության մերժման և մեղսակցության կեցվածքին»,- հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը:

ԱՄՆ վարչակազմի կողմից դեռևս որևէ արձագանք չի հնչել այս կապակցությամբ:

ԱՄՆ Սենատը երեկ առանց առարկության և քվեարկության միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեկ օր առաջ ԱՄՆ Սենատն ընդունել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը

Մենք նոր անցկացրեցինք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, հայտարարել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ ԱՄՆ Սենատում համար 150 բանաձևի ընդունումից հետո, որն, ըստ Սենատի կանոնակարգի, ընդունվել է առանց առարկության և առանց քվեարկության: Բովանդակային առումով այն կրկնում է Ներկայացուցիչների պալատի վերջերս ընդունած բանաձևի տեքստը:

Իր ելույթում բանաձևի դեմոկրատ համահեղինակ, սենատոր Մենենդեսը նշել է, որ բանաձևի ընդունմամբ Սենատը հաստատում է ճշմարտությունը: Մեջբերում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուելի գրքից՝ սենատորն ընդգծել է՝ ԱՄՆ արձագանքի բացակայությունը Թուրքիայի գործողություններին առաջացրել է անպատժելիության նախադեպ, որն ըստ սենատորի այժմ դադարեցվում է:

«Շնորհակալ եմ, որ այս բանաձևն ընդունվեց, երբ դեռ ողջ են Ցեղասպանությունը տեսած մարդիկ: Եվ նրանք ի վիճակի կլինեն տեսնելու, որ Սենատը ճանաչում է այն, ինչի միջով նրանք անցել են»,- հուզական իր ելույթն ավարտել է Մենենդեսը:

Բանաձևի հանրապետական համահեղինակ, սենատոր Թեդ Քրուզն էլ իր ելույթում ընդունումը որակել է երկու կուսակցությունների ձեռքբերում: Նրա կարծիքով ԱՄՆ բարոյական պարտավորություն ունի մեկ ու կես միլիոն հայ նահանտակների առջև:

«Մենենդես-Քրուզ բանաձևը վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»,- ընդգծել է սենատոր Քրուզը:

Անկարան դատապարտել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացումը, ինչպես նաև նախօրեին Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին Սենատի ընդունած օրենքը: Նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին իր թվիթերյան գրառման մեջ Ցեղասպանության բանաձևի ընդունման որոշումն անվանել է «դատարկ» և «անիմաստ», որը հետ չի պահի Թուրքիային իր դիրքերից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից դեկտեմբերի 12-ին ընդունված Հայկական բանաձևին:

«ԱՄՆ Սենատի որոշումը քաղաքական ցուցք էր: Ոչ մի իրավական պարտավորություն կամ հիմնավորում չկա: Պատմական, քաղաքական խնդիրներ են դրվում այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում բախվել իրենց վախկոտության հետ»,- CNNturk-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն:

Պաշտոնական Երևանը ողջունել է բանաձևի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն  է հայտնել ԱՄՆ Սենատին այս բանաձևի ընդունման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button