ԿարևորՔաղաքական

Թուրքիան փորձում է ճնշել ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը հարթում է իր ճանապարհը

Անկարայի ու մասնավորապես Էրդողանի վերջին շրջանի ջանքերն ապարդյուն էին․ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող  բանաձևը։ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բանաձևի ընդունումը վճռորոշ քայլ է որակել արդարության, ճշմարտության հաստատման ու Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ։ Այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը:

Բանաձևը կոչ է անում ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` պաշտոնապես ճանաչելով և հիշատակելով այն։ Բանաձեւը Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է անում մերժել ՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը:

Այն կոչ է խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ  ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը։

«Այս բանաձեւի ընդունումը վճռորոշ քայլ է արդարության, ճշմարտության եւ  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։  Ցավոք այսօր էլ բախվում են ինքնության խնդիրների ու այսօր դա ոգեւորող է»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Թուրքիայի արձագանքը չուշացավ։

Պաշտոնական Անկարան ամոթալի է որակում Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Նշվում է, թե Սենատի որոշումը զուրկ է պատմական և իրավական հիմքից և պարտավորեցնող բնույթ չունի:

«Սենատի որոշումը պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակներից է: Այնուհանդերձ, իրականությունը անտեսելով պատմությունը քաղաքական շահերի համար օգտագործողները չեն կարող հասնել իրենց նպատակներին», — ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն էլ բանաձեւի ընդունումը «քաղաքական ներկայացում» է անվանել։ Նա վախկոտներ է կոչել իր ձևակերպմամբ «պատմությունը քաղաքական նպատակներին ծառայեցնողներին ու պատմության հետ իբր առերեսվել չցանկացողներին»:

«Պարադոքսալ է, որ ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության օրվան ընդառաջ Թուրքիան դիմում է ժխտման քայլի, դրանով առավել խորացնելով իր եւ համամարդկային արժեքների միջեւ առկա անջրպետը։ Ժխտողականությունն ապագա չունի՝ անկան նրանից թե ինչ փաթեթավորում է դրան տրվում։ Որքան էլ Թուրքիան փորձի ճնշել ճշմարտությունը, միեւնույնն է  ճշմարտությունը հարթելու է իր ճանապարհը եւ դառնալու է հասարակական գիտելիք»։

Թուրքիայից այսօր ժխտողականության արձագանքների պակաս չկա, ինչն ըստ Աննա Նաղդալյանի եւս մեկ անգամ ընդգծում է, որ Թուրքիան Հայաստանի անվտանգության սպառնալիք է։

Մինչ Անկարայում դժգոհում են, աշխարհի հայերն այսօր գոհունակություն են հայտնում ճշմարտության ջատագովներ սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին արդարության հաստատման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button