Խորհրդարանն այսօր կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ներառված բոլոր հարցերը գործադիրի ներկայացրածն են։
Պատգամավորներին անակնկալի է բերել օրակարգային հարցերից մեկը, որն էլ դարձել է բանավեճի հիմնական առիթը։ Տարվա ավարտից 18 օր առաջ խորհրդարանին առաջարկվում է վավերացնել վարկային 4 համաձայնագիր՝ այս տարվա բյուջեի կատարման համար։
Բյուջեում փող կա՞, թե՞ չկա ։ Եթե կա, ապա ինչո՞ւ է կառավարությունը նորից վարկ վերցնում միջազգային կառույցներից այս տարվա բյուջեի կատարումն ապահովելու համար։ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգը մի շարք հարցեր եւ կասկածներ առաջացրեց պատգամավորների ընդդիմադիր հատվածում։
Գեւորգ Գորգիսյան․«2019–ի ավարտին մնացել է 18 օր։ Մենք նո՞ր ենք գիտակցել, որ սրա կարիքը կա, ինչի՞ սենց արտահերթով, ափալ–թափալ բերել ենք այս 4 նախագծերը։ Ուզում եմ հասկանալ»,- ասաց ։
Վահե Էնֆիաջյան․ «Ամբողջ տարվա ընթացքում կառավարության ներկայացուցիչների կողմից ասվել է՝ ոչ թե դեֆիցիտ ունի մեր պետական բյուջեն, այլ պրոֆիցիտ, ասվել է՝ գումարի ավելցուկ ունենք, գումարի խնդիր չունենք։ Հիմա եկել է տարվա վերջ, հասկանում ենք, որ դեֆիցիտի խնդիր ունենք։ Այն էլ բերում ենք 24 ժամվա ռեժիմով, որպեսզի այս դեֆիցիտը լրացնենք»։
Տիգրան Ուրիխանյան․«Այն պարագայում, երբ տնտեսությունն աճում է, բյուջեն մեծանում է, հավելյալ մուտքեր են ապահովվում եւ կանխատեսվում, ո՞րն է պատճառը ի սկզբանե դեֆիցիտ արձանագրելու, փողի պակաս արձանագրելու եւ պարտք վերցնելու այն լրացնելու համար։ Լավ չի»։
Չորս վարկային համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի պարտավորություն։ Միջազգային բանկերի հետ բանակցությունները սկսվել են այս տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր կառույց ունի իր ընթացակարգը՝ հաստատելուց առաջ։ Դրանից հետո ևս փաստաթղթերը որոշ փուլեր են անցնում։ Դա է պատճառը, որ համաձայնագրերը նոր են հասնում խորհրդարան։ Եթե 24–ժամյա ռեժիմով վավերացվեն, ապա գումարը կփոխանցվի երկու շաբաթվա ընթացքում։ Բացատրությունները պատգամավորներին ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։ ԱԺ–ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բացատրեց, որ պետական բյուջեի դեպքում «դեֆիցիտ» ձեւակերպումն այդքան էլ վատ բան չէ։
«Այնպես ստացվեց, որ դեֆիցիտը, որ մենք ունենք, դա արդեն լավ բան չէ։ Այդպես չէ, պարոն Ուրիխանյան։ Բյուջեի դեֆիցիտ մենք ունեցել ենք եւ կունենանք, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Երբեմն դեֆիցիտն արվում է միտումնավոր։ Այսինքն՝ պետությունը վարվում այսպես․ ավելի շատ ծախսում է, քան՝ հավաքում է հարկերի տեսքով, որպեսզի տնտեսությունը ակտիվացնի։ Դուք փորձառու պատգամավոր եք եւ բյուջեի դեֆիցիտի մասին ասում եք՝ լավ չի։ Այդտեղ վատ ու լավի բան չկա»։
Սա մասնագիտական բացատրությունն էր։ Քաղաքական ենթատեքստերին պատասխանեցին Գեւորգ Պապոյանը եւ Հայկ Գեւորգյանը։
Գեւորգ Պապոյան․ «Այդ վարկերը վատ բան չեն։ Վատ բան է վարկերը վերցնելը եւ անարդյունավետ ծախսելը։ Եվ որ ամենավատն է՝ վարկերը վերցնելը, թալանելը, ուտելը, լափելը, դրանք վերջում երկրից դուրս հանելը։ Դա ամենավատն է, որը մենք չենք անում։ Ընդհակառակը՝ գործողություններ ենք ձեռնարկելու այդ գումարները հետ բերելու համար»։
Հայկ Գեւորգյան․ «Պետական պարտքի սպասարկման համար մենք տարեկան ծախսում ենք 180 միլիարդ դրամ։ Այդ պարտքը կուտակվել է հենց այսպիսի համաձայնագրերով, որ տարիներ շարունակ բերվել են եւ այստեղ դակվել են։ Ձեր խմբակցությունը՝ լինելով կոալիցիայի անդամ, կողմ էր քվեարկում։ Մենք 16–17 թվականներին, հեղափոխությունից առաջ արտաքին պարտքը ավելացել է 1.7 միլիարդ դոլարով։ Այն ժամանակ այսպիսի ելույթներ չէին հնչում։ Ու հանկարծ հիմա, երբ 130 միլիոն դոլարի մասին է խոսքը, ասում եք՝ լավ չի, չգիտեմ ինչ։ Լավ է ու ավելի լավ է լինելու»։
Նոր վարկ վերցնելու հարցում կառավարության դրդապատճառները փորձում են հասկանալ նաեւ ընդդիմադիր հատվածի տնտեսագետ պատգամավորները՝ ընդունելով հանդերձ, որ բյուջեի այսպես ասենք «ավելցուկ» իրականում իսկապես կա։
Արկադի Խաչատրյան․ «Հոկտեմբեր ամսվա արդյունքներով մենք ունենք 58 միլիարդ 642 միլիոն դրամի հավելուրդ, ոչ թե դեֆիցիտ»։
Միքայել Մելքումյան․ «Եթե մենք ունենք հարաճուն աճ բյուջեում , 300 միլիարդ էլ դրել ենք դեպոզիտի նման 5.5%–ով, ինչի՞ ենք գալիս բեռնում այդ 152 միլիոն դոլարով։ Հայտարարեք, որ հրաժարվում եք, եւ երկրաշարժ չի լինի, իմ կարծիքով, քանի որ ունեցած փողը չենք կարողանում օգտագործել, դրել ենք տոկոսով։ Ի՞նչն է խնդիրը»։
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հաստատեց, որ վարկերը հնարավոր է նաեւ չվերցնել՝ բանակցությունները որեւէ պարտադրանք չեն ենթադրում։ Այդ դեպքում, սակայն, 2019–ին կարող են առաջանալ ֆինանսական ռիսկեր, քանի որ բյուջետային մուտքերի աճի ֆոնին կառավարությունն այս տարի սկսել է իրականացնել, օրինակ, մի ծրագիր, որը երբեւէ չի նախատեսվել որեւէ տարվա բյուջեով։
«Մի կարեւոր որոշում, որը կայացրել է նաեւ ԱԺ–ն, վերաբերում էր մինչեւ 2017 թվականի ԱԱՀ գերավճարները վերադարձնելուն և գնահատվում էր 56 միլիարդ, ընթացքի մեջ է մտել։ Մենք բյուջեում նախատեսված նման ռեսուրս չենք ունեցել։ Սեպտեմբերին մի անգամ քննարկել ենք՝ արդյո՞ք հնարավոր է խուսափել եւ վարկ չվերցնել, փորձել ենք գնահատել ամբողջ իրավիճակը եւ հասկացել ենք, որ այնուամենայնիվ, ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն ունենալու ենք»։
Այս ամենով հանդերձ կառավարությունը արդեն հաշվարկել է եւ օրենքով ամրագրել՝ բյուջեի սպասարկման, դեֆիցիտը ֆինանսավորելու համար վարկեր այլեւս չեն վերցնելու։ Այս 4 համաձայնագրերը վերջինն են։ 2020–ին լինել են բացառապես ծրագրային վարկեր, իսկ դեֆիցիցտը ֆինանսավորվելու է միայն ներքին աղբյուրներից։