ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքում նախընտրում են տղա ունենալ, բայց կարծրատիպերը կոտրվում են

Պտղի սեռով պայմանավորված հղիության  ընդհատումը խախտեց նորածինների   սեռերի հարաբերակցությունը: Բժշկական սարքավորումների միջոցով երեխայի սեռի որոշմամբ բազմաթիվ աղջիկ երեխաներ չծնվեցին, քանի որ ընտանիքներում գերադասելի էր տղաների ծնունդը:   Այն ավելի սուր է արտահատված Գեղարքունիքի մարզում:

Գեղարքունիքի մարզում աստիճանաբար  կոտրվում է պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման կարծրատիպը, որի արդյունքում աղջիկներն ավելի քիչ են ծնվել, քան տղաները: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանն ասում է, որ այս տեսակետից  Գեղարքունիքի մարզը գերազանցել է աշխարհում ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրին.

«Մեր մարզն ամենավտանգվածն է, եթե աշխարհում ամենաբարձր ցուցանիշն ունի Չինաստանը՝ 100 աղջկա դիմաց՝ 118 տղա, ապա մեր մարզում 100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում»:

2013-ից սկսված քարոզարշավը, որի հիմքում նաև սոցիալական տեսահոլովակների անընդմեջ ցուցադրումներն ու հասարակական շահագրգիռ կազմակերպությունների հանդիպումներն էին  պահպանողական տեսակետներ ունեցող ընտանիքների  հետ, դրական փոփոխություններ գրանցեց: Հասմիկ Ումրշատյանի դիտարկմամբ առանց աղջիկների, բնականաբար, տղաները չեն կարող օջախի ծուխը ծխեցնող լինել, աղջիկները նոր  կյանք պարգևողներն են:  

Ավանդական ու պահպանողական ընտանիքներում ամուսինների փոխարեն երեխաներ ունենալու կամ չունենալու որոշումները կայացնում են սկեսուրներն ու սկեսրայրները: Այդպիսի օրինակները շատ են, բացառություն չի եղել  Լիլիթի ընտանիքում, նա ապրում է Լիճքում և պատմում է, որ տան առաջնեկն է, երբ ծնվել է 2-րդ աղջիկը, տատը փոխել է մոր նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Մայրը ծննդատնից վախով է եկել տուն:  Երրորդ երեխայի հղիությունը ընդհատել է՝ աղջիկ լինելու պատճառով: Տղա են ցանկացել ունենալ, 7 տարի հետո  հղիությունը նույնպես վտանգված է եղել, մինչև պարզել են երեխայի սեռը: Լիլիթը հիմա ունի 2 եղբայր՝ 12 և 4 տարեկան:

Երեխաների միջև խտրականություն չեն դրել  Զոլաքարում ապրող երիտասարդները «Ես մի աղջիկ ու մի տղա ունեմ՝ 2.5 և 1 տարեկան: Եթե 2-րդ երեխան էլ աղջիկ ծնվեր, էլի խնդիր չկա, թող 3-րդն էլ աղջիկ ծնվի»:

«Ես 3 երեխա ունեմ՝ 2 աղջիկ, մեկ տղա: Մեր ընտանիքում ինձ ոչ ոք չի ստիպել միայն տղա ունենալ»:

Կարծրատիպերն աստիճանաբար են կոտրվում, Անահիտ Գևորգյանը համոզված է, որ խնդիրը հասարակության ընկալման մեջ է, ընտանիքներում դրանք ավելի քիչ են արտահայտված.

«Այս ցուցանիշը՝ 124, իջել է 114, իսկ հանրապետությունում՝ 112, այսինքն՝ սա էմոցիայի խնդիր է, ազդել ենք մարդու հոգեբանության վրա, խղճի վրա: Ինչու են ուզում միայն տղա ունենալ, որ իրենց պահող լինի, ծերանոցներում 75 տոկոսը տղաներ ունեն»:

Տղաների և աղջիկների ծնունդների  խախտված թվային  հարաբերությունների շուրջ Ձորագյուղում միջինից բարձր տարիք ունեցող տղամարդիկ անեկդոտներ պատմեցին, նշեցին, որ անցած ուսմանական տարում դպրոց հաճախող առաջին դասարանցիներից 40 տղաներ էին, 20-ը՝ աղջիկներ:

Այս տղամարդիկ նշում էին, որ իրենց երիտասարդության տարիներին աղջիկներն ավելի շատ են  եղել, ընտրություն են կատարել. կատակով էին անդրադառնում ներկա վիճակին, երբ տղաները չունեն ընտրելու հնարավորություն:

Back to top button