ԿարևորՍպորտ

Սաները սպասում են Քաջարանի մարզադպրոցի վերանորոգմանը

Քաջարանի մարզադպրոցի ծանրամարտի սաները հաջողությամբ են հանդես գալիս հանրապետության առաջնություններում և պարբերաբար գրավում մրցանակային տեղեր: Սակայն այսօր նրանք կանգնած են լուրջ խնդրի առջև. մարզվում են անմխիթար պայմաններում։ Համայնքապետարանից տեղեկացնում են, որ հնարավոր չէ վերանորոգում իրականացնել, քանի դեռ իրենց չի պատկանում մարզադպրոցը։ Իսկ ԿԳՄՍ նախարարությունն ու պետական գույքի կառավարման կոմիտեն ասում են՝ կզբաղվեն խնդրով։

Ծանրամարտիկ Էլեն Անդրեասյանն է պարապմունքներ անցկացնում, ցանկանում է կրկնապատկել հաջողությունները։

«Երկու տարի է, ինչ զբաղվում եմ ծանրամարտով, վերջերս գնացել էինք Գյումրի, որտեղ մասնակցեցի 71 կգ քաշային կարգում և վերցրեցի երկրորդ տեղը»։

Շատերն են Էլենի պես մարզվում ու ձգտում հաղթանակի, միայն թե  անմխիթար պայմաններում  Քաջարանի Լեռնագործների 19 հասցեում գտնվող նկուղային կառույցում խոնավ է, ցուրտ, պատուհանները ծածկված են պոլիէթիլենով, հատակը բորբոսնած է։  Վատ պայմանները մարզիչ Կարեն Հարությունյանին մտահոգում եմ։

 «Սառը մարզադահլիճում ինտենսիվ պարապմունք անելը վնասվածք ստանալու աղբյուր է, որ չի կարելի։ Նվազագույնը 22 աստիճան սենյակային ջերմաստիճան է հարկավոր։ Որ մենք եկանք, 8 էր, ջեռուցիչը միացրեցինք, դարձավ 12, էլ չի բարձրանում»։

Վերանորոգում իրականացնել հնարավոր չէ, քանի որ բացակայում է անհարժեշտ փաստաթուղթը։  Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մերուժան Աթայանի խոսքով` խնդիրը  մշտապես բարձրաձայնել են, սակայն ոչ մի տեղաշարժ։

«Հուսով էի, որ նոր իշխանությունը այս տարածքը կհանձնի մարզադպրոցին կամ համայնքին։ Եթե մենք փաստաթուղթ ունենայինք, համայնքապետն էլ երկու ձեռքով կողմ է, որ վերանորոգեն, բայց չկա փաստաթուղթ։ Պատրաստ է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը նույնպես»։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը նշում է․«Եղբայր, տվեք մեզ, մենք ի վիճակի ենք սարքելու, չեն տալիս, ասում են՝ դուք սարքեք, իսկ ես ասում եմ՝ ո՞նց, վաղը սարքենք կամ մյուս օրը դնեն աճուրդի, մի Պողոս կամ Պետրոս գա, անգամ կարող է սպորտի բնագավառից էլ չլինի, ասի դուրս եկեք»։

Մինչ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վերակազմավորումը մի քանի անգամ դիմել են տարածքի սեփականաշնորհման հարցով, սակայն ԿԳՄՍ նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանն ասում է՝ խնդրին տեղյակ չեն։

«Ես նշանակվել եմ մոտ ամիս ու կես առաջ։ Այդ պահից սկսած չի եղել և ոչ մի նամակ, դիմում, խնդրանք, որ առանց արձագանքի ենք թողել։ Այս հարցը մենք կուսումնասիրենք անպայման։ Կխոսենք տնօրենի, մարզիչի հետ։ Կհասկանանք այդ շինությունը՝ ում է պատկանում, ում հաշվեկշռում է։ Փորձելու ենք շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկենք այս հարցը, թե ինչ լուծում ենք ստանալու»։

Կապ հաստատեցինք նաև պետական գույքի կառավարման կոմիտե, կառույցի գույքի տնօրինման վարչության պետ Ռոման Մարդոյանը տեղեկացրեց, որ հիշյալ տարածքը պետական գրանցում չունի։

«Խնդիրը կարգավորելու համար մեր կողմից չափագրման աշխատանքներ են պատվիրվել, հատուկ մասնագետների կողմից, ովքեր չափագրումներն արդեն արել են, որոնց հիման վրա պետք է իրականացվեն այդ տարածքների պետական գրանցումը, որպեսզի ունենան պետական գրանցման վկայականներ»։

Իսկ ինչ վերաբերում է խնդրի լուծման ժամկետին, հստակություն չկա։

Ցուցադրել ավելի
Back to top button