ԿարևորՀասարակություն

Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը․ Նիկոլ Փաշինյան

«Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ», – այսօր կառավարության նիստում  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել՝ ժողովուրդն իր քաղաքական թիմին ձայն է տվել  փոփոխությունների համար։

Կառավաության ղեկավարը նաև անսպասելի հայտարարություն է  արել․ այն բոլոր արդյունքները, որ արձանագրել է կառավարությունը ՝  տնտեսական ցուցանիշներ, հաջողություններ,  արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի և նախարարությունների։ 

Պետական կառավարման խնդիրներին գործադիրի ղեկավարն  անդրադարձել է կառավարության նիստի ժամանակ, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհամաձայնություն  է հայտնել քննարկվող փաստաթղթերից մեկին։

Հարկային քաղաքականությունը մշակող և  այն իրականացնող պետական երկու կառույցները՝  ՊԵԿ–ն ու ֆինանսների նախարարությունը, անհամաձայնություն  ունեն։

Պատճառը ՊԵԿ–ի երկու նախագծերն են՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը և Գյումրիում Հյուսիսային մասքսատան սպասարկման կենտրոնի կառուցումն ավարտելու  համար  պահանջվող   3,5 մլրդ դրամը հատկացնելու հարցը։ Լրացուցիչ գումար տրամադրելուն  ֆիննախը դեմ է, դեմ է նաև  ՊԵԿ–ի ռազմավարությանը։

Կառույցը հարկային բարեփոխումների նոր ռազմավարություն է մշակում և առաջարկում է առկախել ՊԵԿ–ի նախագծի ընդունումը՝  մինչև  հարկային բարեփոխումների փաթեթի մշակումը։  Իսկ ՊԵԿ–ը  ռազմավարական ծրագրով   հարկային և մաքսային մարմինների կառավարման  համակարգերի կատարելագործում, վարչարարության բարելավում, ստվերի դեմ պայքար ու ենթակառուցվածքների արդիականացում է նախատեսում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝  որոշել են  ռազմավարութունների աստիճանակարգություն   սահմանել․ վերևում լինելու է Ազգային անվտանգության ռազամավարությունը։

«Հետևաբար, եթե գնանք ձեր ասած տրամաբանությամբ, պետք է մինչև ազգային անվտանգության ռազմավարությունը չլինի, մնացած որևէ ռազմավարություն պետք է չքննարկենք,  բայց դա ճիշտ ճանապարհ չէ»,– ասաց Փաշինյանը։

Ֆիննախին դուր չի եկել, որ ՊԵԿ–ն ընթացքում փոխել է ծրագրերը․ նախապես ծրագրել  է Գյումրիում ունենալ  ավտոմաքսատուն, սակայն  այժմ առաջարկում է կառուցել  արտաքին տնտեսական գործունեության սպասարկման  կենտրոն։  Վարչապետն արձանագրեց՝  փոփոխությունը կատարվում է, որ քաղաքացիներին ծառայություննեը «Մեկ պատուհան»–ից մատուցվեն։

ՊԵԿ–ը նախաձեռնությամբ է հանդես եկել, իսկ նախաձեռնությունը պատժելի չէ՝ հայտարարեց վարչապետը։  Առնվազն երկու անգամ քննարկումներին կառավարության ղեկավարն անձամբ է մասնկացել։

«Ռազմավարություն, ռազմավարություն, եկեք լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք պետական կառավարման համակարգում  ունենք  ռազմավարությունները մշակելու պոտենցիալ։ Մեկ–մեկ նախարարություններից թղթեր են գալիս, կարդում,  ասում ես՝ որ դասարանի երեխա է գրել»,– նշեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը բացեց որոշ փակագծեր՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ընթանում է՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի։

« Ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք»։

Խնդիրները խորքային են, առաջիկայում նեկայացվող ռազմավարությունները նույնպես իդեալական չեն լինելու՝ ասաց Փաշինյանը.

«Մենք չենք ունենալու այնպիսի ռազմավարություն, որը մեկ անգամ ենք ընդունելու։ Հետո ռազմավարական քննարկումների ժամանակ եկանք նաև այսպիսի մի եզրահանգման․ նաև ժամանակակից աշխարհի առնաձնահատկությունը հաշվի առնելով՝  տասը տարվա ռազմավարություն  ունենալը այդքան էլ տրամաբանական չէ։ Կյանքը անընդհատ փոխվում է»։

Մոտ մեկուկես ժամ քննարկումից հետո ՊԵԿ–ի ռազմավարությունը հասատատվեց։  Կառավարությունը հաջորդ փաստաթղթերի  դեպքում էլ կառաջնորդվի «հաստատել, հետո  փոփոխություններ անել» մոտեցմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button