ԿարևորՀասարակություն

«Մի մուշտին էլ» է հանցագործություն․ գործադիրը քրեականացնում է բռնության կոչերը

Կառավարությունն այսօր քննարկել եւ հավանության է արժանացրել ՀՀ «Քրեական օրենսգրքում» եւ ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու օրենսդրական փաթեթին։

Նախաձեռնությամբ առաջարկվում է քրեականացնել անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը։ Ձեւակերպումները հնարավորինս հստակեցված են այնպես, որ իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ չառաջանան՝ վստահեցրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը երկար ժամանակ է քննարկվել։ Չասված բան, կարծես թե, չի մնացել։ Այսօր էլ կառավարությունում վերջնական հարցադրում-հստակեցումներ արվեցին ու պատասխաններ եղան՝ չասված բան չմնալու տրամաբանությամբ։  

Պաշտպանության պարագայում խնդիրը հստակ է ու այն դուրս է այս օրենքի կարգավորումից։ Օրինագծի պաշտպանության ներքո առնվող շրջանակների մասին խոսելով՝ ԱՆ Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ խոսքի ազատության  առումով բալանսն ապահովելով էլ նախագիծը մշակված.  

«Կարծում ենք, որ քրեական օրենսգրքում առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի եւ առողջության, անձնական ազատության սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության պաշտպանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից, ուստի՝ թվարկված արժեքների պաշտպանության եւ հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ է քրեաիրավական երաշխիք ստեղծելու, բռնության կոչերի աճը կանխարգելելու նպատակով անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասսայով, մաշկի գույնով, ինչպես նաեւ ցանկացած այլ խտրական հիմքով բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են քրեական օրենսգրքի հոդվածներում, որոնք արդեն նախատեսում են   նման հանցակազմեր այդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, պետք է նախատեսվի ինքնուրույն քրեական պատասխանատվություն»,–ասաց Ռուստամ Բադասյանը։

Ծանրացնող հանգամանք կդիտվեն, եթե թվարկված արարքներից որեւէ մեկը կատարվում է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, կամ՝ կազմակերպված խմբի կողմից կատարելը եւ պաշտոնական դիրքն օգտագործելով կատարելը։

Քննարկումների ժամանակ Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշակի խմբերի խտրական հիմքով շահերի պաշտպանության ուղղվում, արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի առհասարակ բռնության կոչերն այս կարգավորումների ներքո ներառել եւ արդյո՞ք հոգեբանական բռնությունն էլ նկատի է առնվում։

Օրենքը չի հստակեցնում՝ հոգեբանակա՞ն, թե՞ ֆիզիկական բռնության մասին է, իսկ թե ինչո՞ւ խտրականության հիմքով՝ ուղղակի բռնության կոչն անհասցե դժվար է պատկերացնել՝ պարզաբանեց Ռուստամ Բադասյանը։ Այս առումով ասելիք է ունեցել նաեւ ՄԻՊ գրասենյակը։

«Մենք կարծում ենք, որ քրեաիրավական պայքարի տեսանկյունից կարեւոր է, որ հենց հատկանիշների դեմ ուղղված արարքները քրեականացվեն՝ տուժողին բացառելով»,–ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Կարեւորել ենք, որ խտրականության հիմքով լինի, որպեսզի մարդկանց լայն շրջանակ չհայտնվի «բռնության կոչ»-ի գործողության տիրույթում, բացի այդ՝ բռնության կոչը դժվար է պատկերացնել առանց խտրականության հիմքի, որի դեպքում այլ հոդվածներ կան՝ հստակեցրեց արդարադատության նախարարը։ 

Նախագիծը կարեւոր ու սկզբունքային է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բխում է 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության տրամաբանությունից եւ գաղափարախոսությունից։ Մենք խնդիր են մեր առաջ դրել, որ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն։ Մենք պետք է արձանագրենք, որ մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում, եւ սա նոր երեւույթ չէ մեր օրակարգում»,– ասաց վարչապետը։

«Մի մուշտի տալ»-ն էլ Հայաստանի Հանրապետությունում համարվում է քրեական հանցագործություն,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով դասականի հայտնի գործը։ Վարչապետը նաեւ հավելեց.

«Կարծում եմ, որ մենք շատ կոնկրետ բան ենք ասում՝ շա՛տ կոնկրետ բան ենք ասում. ՀՀ որեւէ քաղաքացի՝ որեւէ՛ քաղաքացի. որեւէ՛, բառիս բուն իմաստով՝ որեւէ քաղաքացի, չպետք է ենթարկվի բռնության։ Պետությունը, այո, այդտեղ միջամտելու իրավունք ունի։ Եվ ինձ, անկեղծ եթե ասեմ, դուր չի գալիս երբեմն մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ ՀՀ-ում արդեն երկար ժամանակ մարդիկ բռունցք են թափ տալիս, որ՝ «այս դավադիր կառավարությունն ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնի»։ Գուցե դա կապված է այդ կոնվենցիայի «տեղորոշման» հետ, բայց… Ի միջիայլոց, պարոն Բադասյան, մենք ստացա՞նք միջազգային իրավական, թե ինչի՞ մասին է այդ կոնվենցիան։ Ի վերջո՝ դա ու՞մ նկատմամբ բռնություն գործադրելը կանխարգելելու մասին կոնվենցիա է»,– ասաց Փաշինյանը։   

Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը ստացվել է՝ զեկուցեց արդարադատության նախարարը։ Հանրայնորեն հնչած փաստարկներն ու շահարկումներ, թե՝ ընտանիքի ավանդական պատկերացումներին է ուղղված,  անտեղի են՝ ասաց.

«Բոլոր էն փաստարկները՝ ուղղակիորեն նշված է, որ սա վերաբերում է  ինչ-որ միասեռական ամուսնությունների օրինականացմանը կամ նման զույգերի կողմից երեխայի որդեգրմանը, սեւով սպիտակի վրա ԵԽ մարմինը  (իսկ այս կոնվենցիան եւս ԵԽ կոնվենցիա է)  հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի»։

Անկախ որեւէ կոնվենցիայից Հայաստանում որեւէ մեկի նկատմամբ բռնություն պետք է չգործադրվի. կրկին արձանագրեց վարչապետը՝ եզրափակելով, որ դա քաղաքական նպատակաարմարության, առեւտրի՝ դիվիդենտներ շահելու կամ կորցնելու հարց չէ, այլ՝ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների իմաստավորված կամ անիմաստ լինելու հարց է։ 

Ցուցադրել ավելի
Back to top button