ԿարևորՀասարակություն

Մեծ Այրումի բնակիչը պատրաստվում է դիմել դատարան՝ փոխհատուցման պահանջով

Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների տարածքներում,  չեխական «Արնիկա» կազմակերպության իրականացրած հետազոտության արդյունքներով,  մարդու առողջությանը սպառնացող ռիսկեր կան։

Շուրջ տասը բնակավայրից վերցված փորձանմուշներում  ծանր մետաղների քանակությունը գերազանցել է միջազգային թույլատրելի սահմանը։

Ախթալա և Ալավերդի համայնքների շուրջ տասը բնակավայրերում արդեն երկրորդ տարին է չեխ մասնագետները հետազոտություն են իրականացնում։ Նմուշներ են վերցվել  հողից, սննդից և մարդու մազերից։ Արդյունքներն, ըստ հետազոտողների, մտահոգիչ են։ Օրինակ, հողի նմուշներում ծանր մետաղների կոնցենտրացիաները գերազանցում են թե՛  տեղական,  թե՛  միջազգային չափորոշիչները, մանրամասնում է  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը․

«Ե՛վ  Ախթալայի,  և՛ Ալավերդու բնակավայրերում հողերի նմուշներում մի շարք ծանր մետաղներ են հայտնաբերվել։ Օրինակ ՝ մկնդեղը  տարածաշրջանում գերազանցում է հայկական ստանդարտները ՝ 100 տոկոսով, իսկ միջազգայինը ՝ 70 տոկոսով։ Մկնդեղով ամենաաղտոտված տարածքը Ճոճկան գյուղն է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է կադմիումը, իսկ երրորդը ՝ նիկելը։ Հատկապես բարձր պարունակում արձանագրվել է  Ալավերդու Աքորի գյուղում, մարդկանց մազերի միջից։  Եվ այս բոլոր նյութերը  քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին հիվանդությունների պատճառ են հանդիսանում»։

Ինչ վերաբերում է սննդին, ապա Դուլգարյանի խոսքով՝  հետազոտել են համայնքի հավերի  հավկիթները․ դրանցում  դիօքսինի բարձր պարունակություն  է հայտնաբերվել․ «Դիօքսինների քանակը տագնապ է առաջացնում, քանի որ միջազգային նորմաները գերազանգում են երկու, իսկ Հայաստանինը ՝ 1.8 անգամ։ Համեմատության համար վերցրել ենք  սուպերմարկետից հավկիթներ, որոնք ոչ ազատ տեղաշարժվող  հավերից են առաջանում։ Դրանցում դիօքսինների քանակը 0.20 մլ է, իսկ Ալավերդու հավերի դեպքում ՝ 15 մլ։ Սա շատ բարձր քանակ է»։

ՀԿ ներկայացուցիչները կարծում են, որ ծանր մետաղների աղտոտման աղբյուր կարող են լինել  թե Ալավերդու պղնձաձուլարանը, թե «Ախթալա ԼՀԿ»-ի կողմից շահագործվող Շամլուղի պղնձի հանքավայրը և պոչամբարները: Հետազոտության արդյունքները բնակիչներին նույնպես    մտահոգել են։

Մեծ Այրում գյուղի բնակիչ Հարութ Դանիելյանը, ում տունը պոչամբարից ընդամենը հիսուն մետր հեռավորության վրա է,  մեզ հետ զրույցում ասաց , որ երեք երեխա ունի, տեղյակ չլինելով պոչամբարի վտանգավորության մասին՝  տարիներ առաջ  տուն է գնել և հիմա չի կարողանում վաճառել։ Ասում է՝ ոչ ոք չի ցանկանում ապրել պոչամբարին մոտ, իսկ երեխաներն էլ պարբերաբար հիվանդանում են։ Հիմա պատրաստվում է դատարան դիմել ՝  և փոխհատուցում պահանջել․

«Ուզում եմ գնալ այստեղից, իմ պահանջը, խնդրանքը դա է ։ Գան, իմ փոխհատուցումը տան , ես գնամ ուրիշ տեղ տուն առնեմ, էս տունն էլ կտամ իրանց։ Կողքի գյուղը կգնամ ՝ Շամլուղ, Ախթալա կամ ուրիշ տեղ։ Իմ երեխեն 2 տարի հիվանդանոցում է մեծացել, երեխեքս անընդհատ հիվանդ են։ Ափից 50 մետր ենք հեռու, վտանգավոր է էլի։ Ես դիմել եմ  գործարանի տնօրենին, բայց նույնիսկ ներս չեն թողել մտնեմ։ Անվտանգության պետն եկավ   ու ինձ ասեց, որ մենք չենք կարող բոլորիդ տներ առնենք։ Հիմա  դատարան կդիմեմ, ուրիշ տարբերակ չկա»։

Հայաստանը չունի մարդկանց առողջության վրա  շրջակա միջավայրի  աղտոտվածության ազդեցության մշակված քաղաքականություն և մեթոդաբանություն։ Այս մասին հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը․

 «Առողջապահության նախարարությունը  երբևէ չի հայտարարել, որ  հանքարդյունաբերության ոլորտը  չունի ազդեցություն մարդու առողջության վրա։ Ես սա պաշտոնապես եմ հայտարարում։ Մենք ասել ենք , որ մեթոդաբանությունը միջազգային չէ։ Այս պահին կազմակերպել ենք քննարկումներ ՝ փորձագետներ  հրավիրելու նպատակով և այս մասին  շուտով հայտարարություն կանենք»։  

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը  էլ տեղեկացրեց, որ  աշխատանքներ են տարվում տարբեր պետական օղակների հետ՝ այն հույսով, որ առաջիկայում կունենանք մարդու առողջության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը  գնահատելու մեթոդաբանություն։ Ինչն էլ թույլ կտա  ունենալ պաշտոնական արդյունքներ, թե որքանով են ազդակիր համայնքների բնակիչները տուժել հանքավայրի շահագործումից։

Ցուցադրել ավելի
Back to top button