ԿարևորՀասարակություն

Լճափ համայնքն ունեցավ արարողությունների սրահ

Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի գյուղապետարանի շենքի երկրորդ հարկն այսուհետ կծառայի որպես արարողությունների անցկացման վայր: Նախաձեռնությունը եղել է համայնքինը, իսկ իրականություն դարձել է կառավարության սուբվենցիոն ծրագրի շնորհիվ:   

Լճափ համայնքում ուրախության և տխրության առիթներին բնակիչները ստիպված էին լինում օգտվել այլ համայնքների համապատասխան ծառայություններից: Իսկ հիմա դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գյուղապետարանի 2-րդ հարկը վերափոխվել է արարողությունների սրահի: Նախկին գյուղապետ Հայկ Սիմոնյանի խոսքերով այս տարածքը չէր օգտագործվում և ուներ վերանորոգման խիստ կարիք:

«Էս շինությունը չէր օգտագործվում, քանդվում էր, 2-րդն էլ համայնքում արարողությունների սրահ չունեինք: Ժողովուրդը շատ էր նեղվում, իրենց տներում հնարավորություններ չկային, չէին կարում էլի: Էսի սարքվել ա, ամեն ինչը նորմալնի ձևով արված ա և՛ հարսանիքի համար, և՛ տխրության համար, ամեն ինչի արարողությունների համար էսի օգտակար ա»,-ասաց Հայկ Սիմոնյանը:

Արարողությունների սրահն ունի նոր մուտք՝ գյուղապետարանի մուտքի հակառակ  կողմից: Առաջին հարկում սանհանգույցներն են, 2-րդ հարկում՝  մեծ դահլիճն ու խոհանոցը: Տարածքն ամբողջապես վերանորոգվել է, փոխվել են դռներն ու լուսամուտները, շենքը գազիֆիկացվել է: Համայնքապետարանը սրահը՝ սեղան-աթոռներով, բնակիչներին դեռևս տրամադրում է անվճար հիմունքներով:

Ավագանու նիստով կորոշեն՝ ծառայությունը անվճար թողնել, թե այնուամենայնիվ,  շենքի պահպանման և կոմունալ ծախսերի համար որոշակի գումար սահմանել: Արարողությունների նոր սրահի կարևորության  և դրա հետագա պահպանման վերաբերյալ կարծիքներ հայտնեցին գյուղի բնակիչները:

«Անհրաժեշտություն շատ կար: Տարածքը կա, մեծ ա ինքը, հարմարությունը արդեն ռեմոնտից հետո շատ լավ ա, մնում ա մի քիչ ֆինանսավորում ունենա գյուղապետարանը, էդ շուշեղեն բան էլի առնի, որ լրիվ նորմալ ըլնի: Սպասքը, որ ուրիշ տեղից ենք բերում, ավելի լավ ա, մենք ունենանք մեր գյուղինը, որ ասենք ամեն ինչը տեղում ըլնի, գազը միացրել են, շատ լավ ա, շնորհակալ ենք գազի համար, ռեմոնտի համար, ամեն ինչի համար շնորհակալ ենք»,-նշեց Սմբատ Թովմասյանը: Անդրանիկ Հովսեփյանն էլ ավելացրեց.

«Պետք ա ըլնի վճարովի, որովհետև գազ ա, գազը, որ ըտեղ վառեցին, էդքան արարողություններա, ո՞վ  պտի վճարա, գյուղապետարանն էլ ի վիճակի չէ էսօր վճարելու, համայնքը փոքր ա, ֆինանսավորում չըլնում, հարկերը շատերը չեն տալում, չեն կարողանում տան, դրա համար պետք ա վճարովի ըլնի, որ որոշ չափով էդ զալը օգտագործվի ժողովրդի համար, էլի մեր համար ա»:

Արարողությունների սրահը կառուցվել է կառավարության սուբվենցիոն ծրագրով: Կապալառուն՝ «Պ.Գևորգյան և գործընկերներ» ՍՊԸ է: Լճափ համայնքի նորընտիր ղեկավար Արսեն Հովսեփյանը նշեց, որ շինարարությունը կատարվել է որակով և ուրախ է, որ պետությունն այս հարցում  իրենց  աջակցեց:

«Ընդհանուր գումարը կազմել է 8 մլն. 280.000 դրամ: Պետությունն իր կողմից նախատեսել է 45% -ը, 55%-ը՝ համայնքը: Շինարարություններն անցել են շատ նորմալ, կարևորությունը շատ մեծ էր, համայնքին շատ անհրաժեշտ էր, չունեինք նման տեղ, որ ընդհանուր արարողությունները կատարվեին, շատ լավ ծրագիր էր»:

Համայնքի ղեկավար Արսեն Հովսեփյանը գյուղի համար հաջորդ կարևոր հիմնախնդիր է մատնանշում հեռագնա արոտավայրերում խմոցներ չունենալը: Նրա խոսքով, 2020թ.-ին դարձյալ սուբվենցիոն ծրագրով կփորձեն լուծելի դարձնել նաև այս խնդիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button