Գեղարքունիքում նախընտրում են տղա ունենալ, բայց կարծրատիպերը կոտրվում են


Պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը խախտեց նորածինների սեռերի հարաբերակցությունը: Բժշկական սարքավորումների միջոցով երեխայի սեռի որոշմամբ բազմաթիվ աղջիկ երեխաներ չծնվեցին, քանի որ ընտանիքներում գերադասելի էր տղաների ծնունդը: Այն ավելի սուր է արտահատված Գեղարքունիքի մարզում:
Գեղարքունիքի մարզում աստիճանաբար կոտրվում է պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման կարծրատիպը, որի արդյունքում աղջիկներն ավելի քիչ են ծնվել, քան տղաները: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանն ասում է, որ այս տեսակետից Գեղարքունիքի մարզը գերազանցել է աշխարհում ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրին.
«Մեր մարզն ամենավտանգվածն է, եթե աշխարհում ամենաբարձր ցուցանիշն ունի Չինաստանը՝ 100 աղջկա դիմաց՝ 118 տղա, ապա մեր մարզում 100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում»:
2013-ից սկսված քարոզարշավը, որի հիմքում նաև սոցիալական տեսահոլովակների անընդմեջ ցուցադրումներն ու հասարակական շահագրգիռ կազմակերպությունների հանդիպումներն էին պահպանողական տեսակետներ ունեցող ընտանիքների հետ, դրական փոփոխություններ գրանցեց: Հասմիկ Ումրշատյանի դիտարկմամբ առանց աղջիկների, բնականաբար, տղաները չեն կարող օջախի ծուխը ծխեցնող լինել, աղջիկները նոր կյանք պարգևողներն են:


Ավանդական ու պահպանողական ընտանիքներում ամուսինների փոխարեն երեխաներ ունենալու կամ չունենալու որոշումները կայացնում են սկեսուրներն ու սկեսրայրները: Այդպիսի օրինակները շատ են, բացառություն չի եղել Լիլիթի ընտանիքում, նա ապրում է Լիճքում և պատմում է, որ տան առաջնեկն է, երբ ծնվել է 2-րդ աղջիկը, տատը փոխել է մոր նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Մայրը ծննդատնից վախով է եկել տուն: Երրորդ երեխայի հղիությունը ընդհատել է՝ աղջիկ լինելու պատճառով: Տղա են ցանկացել ունենալ, 7 տարի հետո հղիությունը նույնպես վտանգված է եղել, մինչև պարզել են երեխայի սեռը: Լիլիթը հիմա ունի 2 եղբայր՝ 12 և 4 տարեկան:
Երեխաների միջև խտրականություն չեն դրել Զոլաքարում ապրող երիտասարդները «Ես մի աղջիկ ու մի տղա ունեմ՝ 2.5 և 1 տարեկան: Եթե 2-րդ երեխան էլ աղջիկ ծնվեր, էլի խնդիր չկա, թող 3-րդն էլ աղջիկ ծնվի»:
«Ես 3 երեխա ունեմ՝ 2 աղջիկ, մեկ տղա: Մեր ընտանիքում ինձ ոչ ոք չի ստիպել միայն տղա ունենալ»:
Կարծրատիպերն աստիճանաբար են կոտրվում, Անահիտ Գևորգյանը համոզված է, որ խնդիրը հասարակության ընկալման մեջ է, ընտանիքներում դրանք ավելի քիչ են արտահայտված.
«Այս ցուցանիշը՝ 124, իջել է 114, իսկ հանրապետությունում՝ 112, այսինքն՝ սա էմոցիայի խնդիր է, ազդել ենք մարդու հոգեբանության վրա, խղճի վրա: Ինչու են ուզում միայն տղա ունենալ, որ իրենց պահող լինի, ծերանոցներում 75 տոկոսը տղաներ ունեն»:


Տղաների և աղջիկների ծնունդների խախտված թվային հարաբերությունների շուրջ Ձորագյուղում միջինից բարձր տարիք ունեցող տղամարդիկ անեկդոտներ պատմեցին, նշեցին, որ անցած ուսմանական տարում դպրոց հաճախող առաջին դասարանցիներից 40 տղաներ էին, 20-ը՝ աղջիկներ:
Այս տղամարդիկ նշում էին, որ իրենց երիտասարդության տարիներին աղջիկներն ավելի շատ են եղել, ընտրություն են կատարել. կատակով էին անդրադառնում ներկա վիճակին, երբ տղաները չունեն ընտրելու հնարավորություն: