ԿարևորՔաղաքական

ՍԴ դատավորներին նախկինում էլ են փորձել թոշակի ուղարկել

Ձայների 82 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր ամբողջությամբ  ընդունել է «Սահմանադրական դատարանի  մասին» օրենքում կառավարության  առաջարկած փոփոխությունները։

Փաթեթով  ԱԺ–ն երկրորդ փորձն  է անում հանգուցալուծելու ՍԴ–ի  շուրջ ստեղծված ճգնաժամը․ դատավորներին առաջարկվում է օգտվել վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից։ Ընդդիմադիրները  սա գնահատում են որպես անաշխատ եկամուտի օրինականացում։

ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու ցանկություն ավելի վաղ, պարզվում է,  ունեցել է նաև նախորդ իշխանությունը։ Դեռ 2018թ․ հունվարի 27–ին Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված օրենքում կարելի է գտնել ի 88–րդ հոդվածի 4–րդ կետը, որը սահմանում է․

«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն առնվազն տասներկու տարի զբաղեցրած անձին նրա լիազորությունները հրաժարականի դիմում տալու միջոցով դադարելու դեպքում, անկախ նրա` օրենքով նախատեսված կենսաթոշակային տարիքը լրացած լինելու հանգամանքից ․․․ սահմանված կարգով եւ չափով նշանակվում է կենսաթոշակ»:

Զարմանալի զուգադիպությամբ թավշյա հեղափոխությունից անմիջապես առաջ՝ մարտի 28–ին նույն այս կետը չեղյալ է ճանաչվել։ Այսինքն՝ դրույթն  ունեցել է ընդամենը 2 ամսվա կյանք՝ այդպես էլ անհայտ թողնելով օրենքում նախ՝դրա ներմուծման , հետո դրանից հրաժարվելու նպատակը։

Այդ տարիներին խորհրդարանում աշխատել են ԲՀԿ անդամները, որոնք այսօր խիստ քննադատում եւ «անաշխատ եկամուտի օրինականացում են» գնահատում գործող իշխանության նույնանման փորձը։

«Ինձ հետաքրքրում է՝ այն ժամանակ, երբ ընդունվում է ՍԴ–ի մասին օրենքը,  որեւէ քննադատություն այն մարդկանց կողմից կամ իրենց խմբակցության գործընկերների կողմից եղե՞լ է, թե՞ չի եղել։ Չի եղել։ Կարո՞ղ եմ ես կասկածել այժմ նույն տրամաբանությամբ բերված նախագծում այդ հանգամանքը բարձրացնելու ազնիվ մղումների վրա։ Կարծում եմ, որ այո»,- ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը։  

Խորհրդարանական մեծամասնությունը պնդում է՝ հարցի շուրջ բովանդակային քննարկում այդպես էլ տեղի չունեցավ։ Բոլոր քննադատությունները քաղաքական էին։ Նիստերի դահլիճում սկսված բանավեճը շարունակվեց նաեւ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյան․ «Այս իշխանությունները նախորդներին քննադատում էին, ասում էին, որ ամեն ինչը ուզում են ծառայեցնել իրենց, բոլոր ատյաններն ուզում են իրենցով անեն։ Հիմա իրենք զբաղված են նույն բանով»։

ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան․ «Դատավորներն, ըստ էության, վաճառում են իրենց մասնագիտական բարոյականությունը փողի դիմաց։ Սա իմ կարծիքով՝ բարոյականության տեսանկյունից, այո, խնդրահարույց է,  եւ ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր իրեն  մեկնված ձեռքը չի սեղմի եւ վնաս չի պատճառի ՀՀ որեւէ քաղաքացու»։   

Առաջարկվող փոփոխությունը ոչ թե հանգուցալուծում է  ՍԴ ճգնաժամը, այլ  հնարավոր քայլերից  մեկն է՝ քննարկումների ժամանակ ասել էր արդարադատության նախարարը։ Նա էր պնդում, որ սա իշխանության կողմից մեկնված ձեռք է ՍԴ դատավորներին։ Խորհրդարանում, սակայն, շատերն են գիտակցում, որ ՍԴ ճգնաժամը լուծելու հարցում խորհրդարանական մեծամասնության երկրորդ փորձը նույնպես կարող է անարդյունավետ լինել։ ՍԴ դատավորներն ու նախագահ Հրայր Թովմասյանը կարող են չտրվել վաղ կենսաթոշակի գնալու «գայթակղությանը»։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան․ «Կա կոնկրետ մեկնված ձեռք, թե ով կսեղմի այդ ձեռքը, ես չգիտեմ։ Եթե չսեղմեն, որեւէ կատաստրոֆիկ եւ դարակազմիկ բան չի լինում, գնում ենք առաջ, մեկնում ենք մյուս ձեռքը։ Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին հասցրել է տրվել եւ այլեւս չեմ կարծում, որ կտրվի»։  

Այսպիսի քննարկումների մթնոլորտում է լրանում իշխանափոխությունից հետո ձեւավորված խորհրդարանի գործունեության առաջին տարին։ Այս հարցում  նույնպես իշխանություն –ընդդիմություն տարաձայնությունների պակաս չկա։ Ընդդիմադիրները  պնդում են, որ խորհրդարանում չի գործում հեղափոխության հիմնական՝ «սիրո եւ հանդուրժողականության» սկզբունքը։

ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյան․ «Մեր առօրյայում դրանք այնքան էլ չեն դրսեւորվում։ Ավելորդ լեզվակռիվները, փոխադարձ կսմիթները վստահաբար որեւէ մեկին, որեւէ լավ բան չեն տալու»։

ԼՀ խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյան․ «Ամենաթեժ քննարկումները երեւի սկսվեցին հենց առաջին նիստից, երբ քննարկում էինք կառավարության ծրագիրը, կառուցվածքը։ Մենք իրապես տեսանք անհարդուրժողական մթնոլորտ,  տեսանք ելույթներ, որոնք հրահրեցին ատելության խոսքի մեծ ալիքներ։ Ես կարծում եմ, մեր գործընկերները դեռ խնդիր ունեն հասկանալու ընդդիմության դերն ու նշանակությունը»։  

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ գիտի, թե ինչից է ձեւավորվել ընդդիմադիրների այս տպավորությունը։

«Այսօր գործող իշխանությունը որեւէ ձեւով կախված չէ որեւէ մեկից՝ բացի ՀՀ ժողովրդից։ Եվ մեր ուղիղ լինելը, աշխատելաոճը միգուցե այդքան էլ սովորական չէ 12 տարի այս դահլիճում նստած պատգամավորների համար։ բայց ես ուզում եմ մի բան ֆիքսենք․ ՀՀ–ում իշխող կուսակցության միակ կոալիցիայի անդամը եղել է եւ կա ՀՀ ժողովուրդը։ Միգուցե դա է, որ մենք ավելի բաց, կտրուկ եւ անվանական են ամեն ինչ ասում, որը միգուցե տպավորություն է ստեղծում»։

Սրանով ավարտվեց խորհրդարանի՝ այս տարվա  համար նախատեսված աշխատանքը։ Պատգամավորներին, սակայն, սպասում է նաև  արտահերթ աշխատանք։ Դեկտեմբերի 12–ին գումարվելու է արտահերթ նիստ։

Back to top button