ԿարևորՀասարակություն

Ծովազարդցիները վերջապես ազատվել են ճանապարհի խոր խանդակներից․ ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը

Տարիներ շարունակ Ծովազարդի՝ անմխիթար վիճակում մնացած կենտրոնական փողոցի 1200 գծամետրը կառավարության սուբվենցիոն ծրագրով այս տարի ասֆալտապատվել է : Զորավար Անդրանիկի փողոցի ընդհանուր երկարությունը 5 կմ է: Ըստ համայնքի ղեկավարի՝ հաջորդ տարիներին ևս կփորձեն մասնակցել սուբվենցիոն ծրագրերի և այդ կերպ ասֆալտապատ դարձնել փողոցն ամբողջությամբ: 

Վերջին անգամ  Ծովազարդի Զորավար Անդրանիկ անունը կրող այս բանուկ փողոցը ասֆալտապատվել էր 1970 թ.-ին: Տարիներ շարունակ այն քայքայվել էր և բնակիչների խոսքերով ասֆալտից մնացել էին միայն նշույլներ:

Վարորդներ Մարութ Գալոյանը և Լիլիթ Սիմոնյանը ասֆալտապատումից հետո էլ չեն հավատում, որ վերջապես ազատվել են խորը խանդակներ ունեցող ճանապարհից:

«Առաջ տրասը շատ ահավոր էր, քշել չէր ըլնում ավտոն, հիմա ասֆալտապատած, ահագին, արդեն նորմալ կարում ենք քշենք»,-ասաց Մարութ Գալոյանը:
«Որպես վարորդ ասեմ, որ առաջ այ էս հատվածը, որ արդեն նորոգված ա, սարսափելի վատ վիճակում էր, իսկ հիմա կարելի է ասել՝ երանելի ա: Շատ լավ ա, շատ գոհ ենք»,- նշեց Լիլիթ Սիմոնյանը:

Ծովազարդի կենտրոնական այս ճանապարհից են օգտվում գյուղ ելումուտ անող բոլոր մարդիկ: Ճանապարհը տանում է թե’ գյուղի միջնակարգ դպրոց,  թե’ մանկապարտեզ, թե մշակույթի տուն ու գյուղապետարան: Ճանապարհի՝ անցյալում թողած դժվարությունների մասին հիշեց ծովազարդցի Անդրանիկ Նաջարյանը:

«Ճանապարհի վիճակը առաջ շատ ահավոր էր, չէին կարում երեխաները գնային տուն, գային դպրոց, ցեխի մեջ կորած, հիմա աստծուն փառք, ճանապարհի մեծ հատվածը կարելի է ասել, վերանորոգվել ա»:

5 կմ երկարություն ունեցող այս փողոցում այս տարի ասֆալտապատում են իրականացրել միայն գյուղի կենտրոնական՝ 1200 գծամետր հատվածում: Անցկացվել է նաև ջրահեռացման համակարգ: Աշխատանքներն իրականացրել է «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ը: Այս ամենը կյանքի է կոչվել կառավարության սուբվենցիոն ծրագրով, որի  ընդհանուր արժեքը շուրջ 63 միլիոն դրամ է.  60 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, իսկ մնացած 40 տոկոսը՝ համայնքի բյուջեից,- հայտնեց համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:

«Տնտեսած գումարով մասնակցեցինք սուբվենցիոն ծրագրին, ներկայացրեցինք ծրագիր, որը կառավարության կողմից հավանության արժանացավ և, որոշեցինք, որ ճանապարհը, որը մեծ գումարների հետ է կապված ասֆալտապատումը, քանի որ երկարությունը շատ է նշեցի, որ 5 կմ, համարյա, որոշեցինք, որ մաս-մաս ասֆալտապատենք և, այս տարի մեր տնտեսած գումարով և կառավարության կողմից հատկացված գումարով ասֆալտապատեցինք 1.2 կմ հատված Զորավար Անդրանիկի փողոցից»:

Ծովազարդցիների համար տարեց տարի պայմանները բարեկեցիկ են դառնում, նկատում է համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը. համայքը գազիֆիկացված է, ասֆալտապատ փողոցն այս տարի ունեցավ նոր լուսատուներ՝ 46 խնայող լեդ լամպեր: Հաջորդ տարիներին, կանեն հնարավորը, որ սուղ բյուջե ունեցող Ծովազարդը դարձյալ սուբվենցիոն ծրագրով կարողանա ասֆալտապատ դարձնել Զորավար Անդրանիկի փողոցն ամբողջությամբ:

Back to top button