ԿարևորՀասարակություն

Օդային կամուրջներ, հայկական մյուզիքլ եւ Բրեգովիչ՝ Ամանորի Երեւանում

Վերջին օրերին  քննարկումների առանցքում  ամանորյա տոնակատարությունների համար հատկացվող գումարների թեման է։  Երևանի ավագանու  ընդդիմադիր խմբակցությունները քաղաքապետարանի ծախսերի մեջ շռայլություն և անարդյունավետություն  են տեսնում։ Քաղաքապետարանից հակադարձում են՝ քաղաքի բյուջեից հատկացվող գումարը ոչ միայն չի ավելացել,  այլև նվազել է։

Փոխքաղաքապետ  Տիգրան Վիրաբյանն այսօր  ներկայացրել է  նախորդ  տարիների ամանորյա ծախսերի պատկերը ու նաև պատմել, թե ինչ է սպասվում մայրքաղաքում տոնական օրերին։

Վերջին երկու  տարում  ամանորյա տոնակատարությունների կազմակերպման համար  մայրաքաղաքի բյուջեից հատկացվող գումարը չի փոխվել։ 2020 թվականին Երևանի քաղաքապետարանը միջոցառումների համար հատկացնելու է 54 մլն դրամ, որն ավելի քիչ է, քան նախորդ տարիներին հատկացվածը՝ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Կառավարությունը, սակայն, փոփոխություն է առաջարկել՝ միջոցառումը դարձնել համապետական և հրավիրել  միջազգային հեղինակության արտիստի։ Արտիստը Գորան Բրեգովիչն է, որը  Երևանում՝  Հանրապետության հրապարակում,  դեկտեմբերի 31–ին  իր խմբով հանդես կգա համերգային ծրագրով։ Նրա այցը Հայաստան կարժենա շուրջ 65 հազար եվրո գումար։

«Հաշվի առնելով Ամանորը, հաշվի առնելով   նման հեղինակության արտիստների միջազգային պահանջարկը, հաշվի առնելով այն,  որ այդ գումարը բաշխվում է խմբի ամբողջ  անձնակազմին, ես կարծում եմ, որ այս արտիստը պետք է նորմալ պայմաններով, միջազգային չափորոշիչներին համապատասխան  գալ Հայաստան»,– նշեց փոխքաղաքապետը։  

Քաղաքապետարանը չի ավելացրել ամանորյա ծախսերի բյուջեն, մյուս տարի էլ չի ավելացնելու՝ հայտարարեց Տիգրան Վիրաբյանն ու շեշտեց, որ ամեն տարի քաղաքային իշխանությունը հնարավորինս  կրճատում է  այն  ծախսերը, որոնք էապես չեն ազդելու միջոցառումների որակի վրա։ Թեև կառավարության որոշմամբ   մշակութային միջոցառումները  կարող են կատարվել մեկ անձից գնումով, սակայն այս տարվա  տոնակատարությունները  կազմակերպելու են  4 տարբեր ընկերություններ։    

«Եթե գեղարվեստական ստեղծագործական հարցերով պատասխանատու է մեկ ընկերություն, այդ  ընկերության տեխնիկական սպասարկումն իրականացնում է  մեր կողմից ընտրված  մեկ այլ  ընկերություն։ Հնարավորություն չի տրվել, հենց ինքը՝ կազմակերպիչը, ում պատվիրվել է  գեղարվեստական մասը, ինքը ընտրի իր տեխնիկական պատասխանատուին»,–ասաց Վիրաբյանը։   

Ամանորյա ծախսերի արդյունավետության մասին  այսօր խոսել է նաև վարչապետը։ Նա, ըստ էության բացատրել է, թե ինչու է կառավարությունը որոշել  իր կողմից ավելացնել տոնակատարությունների ծախսերը։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է  Ամանորը Հայաստանից դուրս չնշել,   իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներին  ու ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս ամենաուշը դեկտեմբերի 31–ին լինել Երևանում։ Վարչապետը կարծում է, որ այս ավանդույթը զարգացնելով՝  լուծելու ենք  սոցիալ–հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր։

«ՀՀ շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ ավանդույթի համաձայն Ամանորը նշում են դրսում, ինչը տնտեսական լուրջ խնդիր է մեր երկրի համար։ Մեր երկրից գումարները արտահոսում են, և մենք խնդիր ենք դրել, որ ՀՀ քաղաքացիները Ամանորը նշեն Հայաստանում։ Միջոցառումների այս կոմպլեկսը, որ պլանավորել ենք ունի  այդպիսի նպատակ։ Երկրորդ կետը մենք սրանով ուզում ենք էլ ավելի խթանել  տուրիստների հոսքը»,– ասել է ՀՀ վարչապետը։ 

Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ամանորյա ծախսերը  չարդարացված են համարում  և քաղաքային իշխանություններին հորդորում են  այդ միջոցներն  ուղղել այլ խնդիրների լուծմանը։ «Լույսից» Թեհմինա Վարդանյանը, որն  այսօր փոխքաղաքապետի ասուլիսին օնլայն հետևելով  էր եկել  քաղաքապետարան, դժգոհ է, որ  միջոցառումները կազմակերպվելու են  միայն Հանրապետության հրապարակում և հարակից տարածքում։

Ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն արդեն  սկսվել են։ Դեկտեմբերի  21–ին՝ ժամը 20.00–ին, Հանրապետության հրապարակում կվառվեն  գլխավոր տոնածառի լույսերը, որը կուղեկցվի համաշխարհային  ամանորյա հիթերի նոր գործիքավորմամբ ստեղծված մյուզիքլով։

«Մեր համաքաղաքացիները, այն հյուրերը, որոնք կլինեն  Երևանում հնարավորություն կունենան հայ  էստրադայի աստղերին  տեսնել ոչ միայն երգչի կերպարում, այլ նաև  որպես արտիստներ, մյուզիքլի դերասաններ։ Մենք այդ օրը կունենանք մշակութային բարձրաճաշակ միջոցառում»,– ասաց Տիգրան Վիրաբյանը։   

Հիմնական միջոցառումները նախատեսված են Հանրապետության հրապարակում և 2750–ամյակի այգում։ Կենտրոնական հրապարակում՝ շատրվանների  մոտ,  կառուցվում է ժամանակակից քաղաք՝  ժամանակակից դեկորներով ու լուծումներով։ Կկառուցվի նաև դեպի գլխավոր տոնածառ տանող վերգետնյա անցում՝ համաքաղաքացիներին անվտանգ երթևեկություն ապահովելու համար։

«Տարիներ շարունակ մարդիկ, փորձելով  մոտենալ  հիմնական եղևնուն, հնարավորություն չեն ունեցել  չխախտել անվտանգության կանոնները, և դա արվել է խախտումներով։ Սա ժամանակավոր կոնստրուկցիաներով կառույց է, որը հնարավորություն կտա անվտանգ դարձնել  մեր համաքաղաքացիների երթևեկությունը»,– նշեց փոխքաղաքապետը։     

2750–ամյակի այգում կազմակերպվելու է  Ամանորի տոներին նվիրված տոնավաճառ, միջոցառումները շարունակվեն մինչև  հունվարի 13–ը։ Այս այգում միջոցառումները  կլինեն ամենօրյա՝ համերգային ծրագրեր ու մանկական ներկայացումներ։  Իսկ հունվարի 5–ին Հանրապետության հրապարակում  կլինի մանկական  համերգ–ներկայացում։

Ցուցադրել ավելի
Back to top button