ԿարևորՀասարակություն

Սփյուռքի ամրապնդմանը միտված քայլերն ամրապնդում են նաև Հայաստանը

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Լոս Անջելեսում նա մասնակցել է Հայ-ամերիկյան թանգարանի գալա-երեկույթին, եղել է գլխավոր բանախոսներից մեկը:

Հանձնակատարն իր խոսքում նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին զուգահեռ՝ սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է ուծացման ու տարրալուծման գործընթացը, և հաջորդ տարիները և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից պահանջելու են ուժերի լարում և համատեղ գործողությունների ծրագրի իրականացում, որպեսզի դանդաղեցվի և կասեցվի ձուլման գործընթացը:

«Սակայն ամեն ինչ գորշ և բացասական չէ, տեղ-տեղ այս մտահոգիչ պատկերն ընդհատվում է հույսի և հայապահպանման բացառիկ դրսևորումներով: Դրանցից մեկը, թերևս, այս տարի Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրումն է: Ցանկացած քայլ, որը միտված է սփյուռքի ամրապնդմանը, նաև ամրապնդում է Հայաստանը»,-հավելել է Գլխավոր հանձնակատարը և ուրախություն հայտնել, որ այս թանգարանով հայությունը ևս մեկ անգամ երկարատև դրոշմ կթողնի ամերիկյան մշակույթի վրա:

Նա շեշտել է, որ թանգարանը ոչ միայն հայոց պատմության մատուցման մեկ հարթակ է, այլ նաև կրթական կենտրոն, որը կարևոր դեր է կատարելու հայապահպանման գործում: «Ցանկացած քայլ, որը միտված է սփյուռքի ամրապնդմանը, նաև ամրապնդում է Հայաստանը»,-հավելել է Զարեհ Սինանյանը:

Ելույթի ավարտին Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի բոլոր բարերարներին, Կալիֆոռնիայի նահանգապետ Գավըն Նյուսըմին և սենատոր Էնթոնի Պորտանտինոյին այն հսկայական դերի համար, որ նրանք ունեն թանգարանի ստեղծման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button