ԿարևորՄշակույթ

Խաչատրյանի երաժշտությունն ու իմ խառնվածքը համահունչ են․ Մաքսիմ Վենգերով

Դեկտեմբերի 14-21-ը Երևանում տրամադրությունը խաչատրյանական է։ Խաչատրյանի  7-րդ միջազգային փառատոնը ընդգրկում է հինգ համերգ․ 3-ը սիմֆոնիկ, 2-ը՝ կամերային։ 

Փառատոնը կբացվի դեկտեմբերի 14-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և  աշխարհահռչակ  ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ համերգով։ 

7-րդ անգամ Երևանում անցկացվող  Խաչատրյանի միջազգային փառատոնը, ինչպես ամեն  տարի, այս անգամ ևս  կներկայանա  պրեմիերաներով, հետաքրքիր ծրագրերով  և անվանի մենակատարներով։  

«Արամ Խաչատրյանն այն դեմքն է, որով մենք իսկապես կարող են խոսել  ազգային ու միջազգային մշակույթի նույնականացման մասին»․ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ՝ Խաչատրյանի 7-րդ փառատոնը մեկ անգամ ևս աշխարհին որպես հայկական բրենդ Խաչատրյանով ներկայանալու հրաշալի հնարավորություն է, միաժամանակ՝ հայկական իրականությունը խաչատրյանական բովանդակությամբ լցնելու լավ առիթ։

«Ամեն ամեւնը, ինչ կապվում է մեր երաժշտական գագաթի՝ Արամ Խաչատրյանի հետ, յուրաքանչյուրիս անձնական նվաճումն ու ձեռքբերումն է։ Եվ բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են կոմպոզիտորի անվան հանրայնացման ու միջազգայնացման հետ, չափազանց կարևոր են նաև պետական մշակութային քաղաքականության տեսանկյունից»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ իրականացվող խաչատրյանական 7-րդ փառատոնի շրջանակում Երևանում կկայանա հինգ համերգ։  2019-2020 թվականների  համերգաշրջանի  ընթացքում  նվագախմբի  ռեզիդենտ արտիստն է աշխարհահռչակ  ջութակահար, «Գրեմմի» մրցանակի  կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը։ 

Նրա մասնակցությամբ դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  կկայանա փառատոնի մեկնարկային  համերգը։ «Ներկայացվելու է ֆենոմենալ երաժշտություն»,-վստահեցնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ֆենոմենալ  ծրագրով՝ աշխարհահռչակ Վենգերովի հետ միասին,  նվագախումբը համերգային մեծ շրջագայության կմեկնի դեպի Եվրոպա և Ռուսաստան։  Ըստ Սմբատյանի ՝բացառիկ ութ համերգ է նախատեսված եվրոպական դասական արվեստի խոշորագույն կենտրոններում և Մոսկվայում։

«Վենգերովը արտիստ է, որին հետևում է աշխարհը, այս իմաստով նրա հետ այս շրջագայությունը կարելի է համարել  տարվա մեր մեծ ձեռքբերումը»։

Մաքսիմ Վենգերովն առաջին անգամ չէ Հայաստանում, բայց առաջին  այցն էր Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարան։  Ասաց՝ պարզապես հրաշալի է։ Նաև անկեղծացավ․ «Խաչատրյանի երաժշտությունն ու իմ խառնվածքը  համահունչ են, ինքս էլ շատ զգացմունքային եմ։

 «Այդ երաժշտությունն առաջին հերթին առանձնանում է իր գունեղությամբ, շատ արևային է, մարդկանց վառ հույզեր է հաղորդում, և զգացմունքայնությունը պարզապես ապշեցնում է»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Մաքսիմ Վենգերովի  համերգային շրջագայության  ամբողջ ընթացքը տեսանկարահանվելու է փաստավավերագրական ֆիլմի տեսքով և ցուցադրվելու է  աշխարհի առաջատար դասական երաժշտության ալիքով՝  Medici TV-ով։

Ցուցադրել ավելի
Back to top button