ԿարևորՔաղաքական

ԼՂ խնդրի կարգավորման հարցում Արցախի մոտեցումը նույնն է․ նախկին վարչապետ

ԼՂ կարգավորման հարցում չի կարող լինել բանաձեւ, որն անընդունելի է Արցախի ժողովրդի համար։ Այս մասին Երեւանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նաեւ շեշտել է, թե ունենք նախադեպ եւ այն իշխանությունը, որը շեղվի այդ կուրսից երկար կյանք չի ունենալու։ Նա շեշտել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների հայտարարած կուրսն այն է, ինչի մասին 30 տարի ասում են արցախցիները։

Թեմային այսօր անդրադարձել է նաեւ ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրա գնահատմամբ՝ միջազգային հանրության համար անընկալելի խնդիր է, երբ մի կողմից հայտարարվում է, որ կարգավորման հարցում ՀՀ-ի եւ ԼՂ-ի իշխանությունների մոտեցումները 100 տոկոսով նույնական են, իսկ մյուս կողմից ասվում է, որ Արցախը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։

Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Արցախում նույնն է մոտեցումը՝ ասում է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ԼՂ կարգավորման գործընթացներից, որոնք նա բանակցություններ չի համարում, այլ՝ հանդիպումներ, քանի որ նրա խոսքով, չի կարող լինել բանակցություն առանց Արցախի մասնակցության։ 

«Մենք հասկացել ենք, որ եթե իշխանությունները գնան այնպիսի տարբերակի, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար, կամ պիտի հրաժարվի բանակցություններից կատեգորիկ, կամ արժանանալու է նույն ճակատագրին՝ ստիպված է լինելու հրաժարվել իշխանությունից»,– հավելում է Հարությունյանը։      

Արայիկ Հարությունյանն ասաց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա նույն բանն է ասում. նախկինում  գոհ է եղել Արցախի իշխանությունների տնտեսական քաղաքականությունից, դժգոհ՝ ԼՂ կարգավորման հարցի հետ կապված։ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում արցախցիների մոտեցումները՝ ասել է, հիմա էլ է ասում։ Արցախի նախկին վարչապետը այսօր վերահաստատեց իր հայտարարությունը, որ արել էր ՀՀ ներկայիս իշխանությունների՝ ԼՂ հարցում որդեգրած կուրսի վերաբերյալ.

«Այո՛, ես այսօր հպարտությամբ ասում եմ, որ այն կուրսը Արցախյան խնդրի հետ կապված, որն ընտրել է, այն է, ինչ Արցախի ժողովուրդը խոսում է արդեն 30 տարի»,– նշում է Հարությունյանը։ 

ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, սակայն, կարծում է, որ խնդիր է եւ չի ընկալվի, երբ ասվում է, որ Արցախը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին, միաժամանակ հայտարարելով, որ ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների մոտեցումները 100 տոկոսով նույնական են։

 «Այդ ասելուց հետո, հնարավոր չէ պնդել, որ անհրաժեշտ է Արցախի մասնակցությունը բանակցություններին, որովհետեւ եթե արդեն նույն բանն են ասելու, ինչու՞ պետք է որ երկուսն էլ մասնակցեն»,– ասում է Մանոյանը։

Միջազգային համայնքի մոտ նման հանգամանքները հարցեր են առաջացնելու եւ հենց դրա համար պետք է, որ Հայաստանը Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքի, որտեղ այդ բոլոր հարցերը հստակեցված կլինի՝ ասում է Կիրո Մանոյանը։

«Այն, որ նախարարները համաձայնել են հաջորդ տարեսկզբին դարձյալ հանդիպել՝ դրական է, բայց թե ինչի մասին են խոսելու, անկեղծ, պարզ չէ։ Դրա համար էլ հաջորդ հանդիպումն ի՞նչ կլինի՝ բավական անորոշ է»։    

Արցախի նախկին վարչապետի գնահատմամբ՝ այսօր կոշտացել-խստացել է հայկական կողմի դիրքորոշումը, որը ներկայացնում է Հայաստանի իշխանությունը։ Ըստ նրա՝ այն միտքը, որ Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախությունը՝ ընդհանուր առմամբ, սակարկման թեմա չէ, դարձել է նախապայման մեզ համար։

«Հետագան կախված է լինելու, թե այդ նախապայմանն ինչպես է ընդունվում Ադրբեջանի եւ, ընդհանուր առմամբ, բանակցող Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ այլն։ Այսինքն, մեր դիրքորոշումը կոշտացել է, խստացել է եւ Ղարաբաղի անկախության, ավելի ճիշտ՝ ինքնորոշման, որը կարող է լինել անկախության կամ միացման տարբերակով, դարձել է նախապայման»։

Այդ նախապայմանն ընդունելու դեպքում Արայիկ Հարությունյանը խնդիր չի տեսնում, որ բանակցություններին մասնակցի նաեւ, ինչպես ադրբեջանական կողմն է ձեւակերպել, «ԼՂ-ի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչ։ Միաժամանակ, նա համոզված է, որ Ադրբեջանը նման նախապայման չի ընդունի, ուստի՝ հարցի լուծում առաջիկայում չի ակնկալում։

Կիրո Մանոյանի խոսքով՝ «ԼՂ ադրբեջանական համայնքի» բանակցություններին մասնակցության ձեւաչափն անհասկանալի է, թեպետ հիշեցնում է, որ նախկինում էլ նման պատկերացումներ եղել են՝ 80/20 տոկոս հարաբերակցությամբ։ Համոզված է, որ դա՝ նման ձեւաչափը, անիմաստ բան է եւ որեւէ  փոփոխություն չի կարող բերել բանակցություններին։      

«Այդ իմաստով մեր վարչապետի ասածը ոչ, այսպես ասեմ, մեծ խնդիր է իրականում, ոչ էլ ինչ-որ ձեւով բանակցություններին կնպաստի»։

Ակնհայտորեն չի կարող ԼՂ-ն եւ «ԼՂ ադրբեջանական համայնքը» հավասար կարգավիճակ ունենալ՝ եզրափակեց ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button