ԿարևորՄիջազգային

Լավրովը Վաշինգտոնում է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգերի մայրաքաղաք Վաշինգտոնում է: Սա արտգործախարարի առաջին այցն է Վաշինգտոն` 2017 թվականից ի վեր:

«Ամերիկայի Ձայնի» փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպմանը մասնակցել է նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Արտգործնախարար Լավրովի այցը համընկել է ԱՄՆ-ում թեժ քաղաքական զարգացումների հետ՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու Ներկայացուցիչների պալատում սկսած գործընթացի հետ: Ռուսաստանի և ԱՄՆ երկկողմ հարաբերություններն այսօր ցածր մակարդակի վրա են: ԱՄՆ-ում պնդում են, որ Ռուսաստանը փորձել է ազդել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, որը հաստատել է հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի զեկույցը: Մոսկվան սակայն չի ընդունում մեղադրանքները:

ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Լավրովն ու Պոմպեոն առանձին բանակցություններ են անցկացրել, որին հաջորդել է Ռուսաստանի ու ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամլո ասուլիսը, որի ընթացքում Պոմպեոն, ռուս-ամերիկյան հարաբերությունները բնութագրելով «բարդ», նշել է, թե որևէ սխալ չկա այն հարցում, որ 2016 թվականին Ռուսաստանը փորձել է ազդել ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա: Իսկ արտգործնախարար Լավրովը կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը՝ կրկին պահանջելով հավելյալ ապացույցներ այս հարցում: Պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի որևէ ներգրավվածություն ԱՄՆ-ի ընտրություններում:

Արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինայի արևելքում առկա հակամարտությունը: Արտգործնախարար Լավրովը տեղեկություններ է տրամադրել փարիզյան գագաթաժողովի ընթացքի մասին: Պետքարտուղար Պոմպեոն կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնը ճանաչում է Կիևի տարածքային ամբողջականությունը:

Օրակարգում են եղել նաեւ Սիրիայի հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագիրը, Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրն ու ԱՄՆ-ի հետ միջուկային զենքերի վերաբերյալ համաձայնագրերը:

Ցուցադրել ավելի
Back to top button