ԿարևորՀասարակություն

Գիտական աստիճանավորման նոր համակարգում «գիտությունների թեկնածուներ» չեն լինի

Ինչո՞վ է պայմանավորված օրենքի նախագծով գիտական աստիճանավորման երկաստիճան համակարգից մեկ աստիճանի անցնելու դրույթը։ ԿԳՄՍ նախարարության ֆեսբուքյան էջում բերված են հիմնավորումները։

«Գիտությունների թեկնածու» սահմանումը միջազգային ասպարեզում, մասնավորապես, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, որի մասն է կազմում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, առաջացնում է թյուրըմբռնում, քանի որ այդ անվանումը նշում է որակավորման արդեն իսկ ձեռք բերված աստիճան, այլ ոչ թե այդօրինակ աստիճան հայցելու հավակնորդություն: «Գիտությունների թեկնածու» որակավորումը, հակառակ հնչող պնդումների, չի համապատասխանում բարձրագույն կրթության որակավորման երրորդ աստիճանի՝ դոկտորի (PհD) աստիճանին նաև այն շնորհող ծրագրի բովանդակության առումով, քանի որ որպես բարձրագույն կրթության 3-րդ աստիճանում շնորհվող որակավորում և գիտական աստիճան դոկտորի որակավորումն այլ կրթական և հետազոտական բովանդակություն է ենթադրում:

Ներկայիս «գիտությունների դոկտոր» աստիճանը ամբողջովին գիտական աստիճան է, որը չի պարունակում կրթական բաղադրիչ և չի բնութագրվում կրթական վերջնարդյունքներով. այն շնորհվում է «գիտությունների թեկնածուի» աստիճան ունեցող անձին` համապատասխան ոլորտում իր կողմից իրականացրած ակնառու (նշանավոր) բացահայտումների, նորարարությունների և նորամուծությունների արդյունքում: Այդ կարգի նվաճումները պաշտոնապես ձևակերպելու՝ այս կամ այն կոչումներ կամ պատվավոր տիտղոսներ նախատեսելու հետ կապված հարցերը սահմանված կարգով կլուծվեն համապատասխան ենթաօրենսդրական կարգավորումներով։

Այս փոփոխության արդյունքում ներառյալ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը շնորհված «գիտության թեկնածուի» և «գիտության դոկտորի» գիտական աստիճանները պահպանում են իրենց իրավաբանական ուժը, սակայն «գիտության թեկնածուի» գիտական աստիճանն իրավականորեն հավասարեցվում է դոկտորի որակավորմանը (ուսումնառության գործընթացի կազմակերպումն օրենքի նախագծով նախատեսվում է ներդնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից):

Օրենքի նախագծում ամրագրված է, որ նոր՝ դոկտորական ուսուցման արդյունքում ուսանողը ձեռք է բերում խորը և համալիր գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ մեկ կամ մի քանի փոխհատվող ոլորտներում հետազոտական և մասնագիտական գործունեություն իրականացնելու և նոր գիտելիք ստեղծելու համար, իսկ ուսումնառությունն ամփոփվում է դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ և ուսումնառությունն ավարտած ու ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է դոկտորի գիտական աստիճան:

Ցուցադրել ավելի
Back to top button