ԿարևորՀասարակություն

Գիշերօթիկները փակվում են․ պատրաստվենք խնամատարությանը

Առանց ծնողական խնամքի մնացած ու կյանքի բարդ իրավիճակում հայտնված երեխաների ճակատագրի հիմնական պատասխանատուն պետությունն է։ Բայց պետությունն, իհարկե, չի կարող փոխարինել ընտանիքին։  Բացը փորձում են լրացնել  որդեգիր ու խնամատար ընտանիքները։  Որքանո՞վ են այս ինստիտուտները կայացած Հայասատանում․ թեման  արդիական է  հատկապես գիշերօթիկ դպրոցները փակելու վերաբերյալ կառավարության որոշումից հետո։ 

Առանց խնամքի մնացած երեխաների որդեգրման կարգում  վերջին տարիներին օրենսդրական լուրջ փոփոխություններ են կատարվել։  «Եթե նախկինում որդեգրումը ընտանիքի և երեխայի իրավունքն էր, հիմա առաջնայինը երեխայի լավագույն շահն է։ Երեխա որդեգրել ցանկացող ընտանիքը մինչև որդեգրումն այժմ պետք է համապատասխան ծրագրերի մասնակցի՝ սովորելով, թե ինչպես վերաբերվել որդեգրված երեխային»,-ասում է արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

 «Ներպետական ոլորտում նախկինում չունեինք վերահսկող մեխանիզմներ, ծնողների կրթման մեխանիզմներ։ Չգիտեինք՝ սոցիալական մարմինները ինչ իրավունք և պարտականություններ ունեն։ Օրինակ՝ անարգել այցելել, շփվել երեխայի հետ` պահպանելով որդեգրման գաղտնիքը: Ես լիահույս եմ, որ սոցիալական մարմիների այդ վերահսկողությունը կարող ենք իրականացնել։ Եթե առանցքում դնենք երեխայի՝ ընտանիքում դաստիարակվելու և խնամվելու իրավունքը, և ամբողջ օրենսդրությունը կառուցենք այդ սկզբունքի վրա, պրակտիկ արդյունքր միանշանակ կտեսենենք»։

Որքան փոքր է երեխան, այնքան մեծ է որդեգրման  պահանջարկը։  Սա ընտանիքում երեխայի ինտեգրման կարևոր երաշխիքներից  է։ Ինչ վերաբերում է սահմանափակումներին, թե  ովքեր չեն կարող երեխա որդեգրել․ «Դրանք կապված են առողջական վիճակի, տարիքի, ինչպես նաև որդեգրող ընտանիքի նյութական ապահովվածության խնդիրների  հետ»,-ընդգծում է արդարադատության նախկին փոխնախարարը։

Անդրադառնալով, այսպես ասենք, միջազգային որդեգրումներին, այսինքն Հայաստանից դուրս տարվող երեխաներին՝  Քրմոյանն ասում է․ «Երեխայի որդեգրման միջազգային կոնվենցիայի անդամ պետություններում այս հարցի նկատմամբ վերաբերմունքը չափազանց խիստ է։ Հայաստանի  կառավարությունն իրավունք ունի տարին 2 անգամ պետական բյուջեի ու միջազգային դոնորների միջոցներով այցելել տվյալ երկրներ` տեղում տեսնելու, թե երեխան ինչպես է ապրում նոր ընտանիքում։

Կոնվենցիայի անդամ չհանդիսացող երկրներում վերահսկողություն իրականացնելն ավելի բարդ է։ Այս դեպքում հարաբերությունները կարգավորվում են երկկողմ պայմանագրերով։ Քրմոյանը, սակայն, խորհուրդ է տալիս խուսափել նման որդեգրումներից։

«Ես կարծում եմ` այդ դեպքերը պետք է լինեն բացառիկ։ Օրինակ` եթե որդեգրում է որևէ ազգական, որը բնակվում է կոնվենցիայի ոչ անդամ որևէ երկրում։ Ազգակցական կապի դեպքում մենք երաշխիքներ կունենանք, որ երեխայի նկատմամբ բավարար հոգատարություն կլինի»։ 

Որդեգրումից հետո երեխայի խնամքն ու դաստիարակությունն   այլ  ընտանիքում կազմակերպելու նախընտրելի մյուս տարբերակը խնամատարությունն է։ Խնամատար ընտանիքը որոշակի ժամկետով ստանձնում է երեխայի խնամքն ու դաստիարակությունը  մինչև  երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը, նրա  18 տարեկան դառնալը, անհայտ բացակայող ճանաչված ծնողի  հայտնվելը և այլն։ Այս համակարգի կայացումն առավել արդիական է դարձել  գիշերօթիկ դպրոցները փակելու վերաբերյալ կառավարության որոշումից հետո։  Կառավարությունը ծրագրել էր  մինչև դեկտեմբեր փակել Հայաստանում գործող 4 գիշերօթիկները, Գյումրու թիվ 2 գիշերօթիկ դպրոցը գործելու է մինչև հաջորդ տարվա հուլիսի 25-ը։  Ռիսկային խմբի բոլոր երեխաները տեղավորվելու են այստեղ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանի տեղեկացմամբ՝ լուծարվել է նաև Վանաձորի մանկատունը։ Այս մանկատան շուրջ չորս տասնյակ սաների մի մասը ընտանիք է վերադարձել, որդեգրման ոչ ենթակա երեխաների մի մասն էլ ենթակա է խնամատարության։

Ըստ նախարարության պաշտոնյայի՝ ինչպես խնամքի հաստատությունում, խնամատար ընտանքիում  ևս ծառայություն է մատուցվում, որը ենթադրում է աշխատավարձ։ Հաշվարկված է նվազագույն աշխատավարձ գումարած  հաստատություններում երեխայի խնամքի համար նախատեսված գումար։ Առողջական խնդիր ունեցող երեխայի խնամքը ստանձնելու դեպքում գումարը երեսուն տոկոսով ավելանում է։ Երկրորդ երեխայի խնամատարությունը ստանձնելու դեպքում ծնողը ստանում է 100 տոկոս ֆինանսավորում։ Բավականին խիստ ու հստակ են նաև խնամատարությունը ստանձնող ընտանիքի հանդեպ վերահսկուղության մեխանիզմները։ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության ղեկավար Միրա Անտոնյանը նկատում է․ «Հայաստանում խնամատարություն իրականացնող ընտանիքների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե ճիշտ  քարոզչություն տարվեր»։ 

«Երբ Լոռու և Գեղարքունիքի մարզում իրականացնում էինք խնամատարության ծրագիրը, բավական էր միայն գյուղից գյուղ գնալ ու մարդկանց բացատրել, թե ինչ է խնամատարությունը և ինչպես նրանք կարող են օգնել, որպեսզի փոխվի մեկ ուրիշի երեխայի ճակատագիրը, և արդյունքում 300 մարդ էր գրանցվել  խնամատար դառնալու համար»։

Միրա Անտոնյանը հավելում է ․ «Մենք միայն ցեղասպանության պատճառով ենք ստիպված եղել   ունենալ  մանկատներ, մինչ այդ հայերի մեջ չեն եղել լքված երեխաներ։  Յուրաքանչյուր գյուղում ընդամենը մեկ քահանան փոխարինել է ամբողջ պետությանն ու համակարգին՝ գտնելով  քիչ թե շատ կայուն եկամտով  հարգարժան մի ընտանիք ու նրան հանձնելով երեխայի խնամքը։ Իսկ դա մեծ  պատիվ էր  ցանկացած ընտանիքի համար։  Մի ժողովուրդ, որի բառապաշարում կան հոգեզավակ ու հոգեծնող բառերը,  չի կարող վատ վերաբերվել  խնամատարությանը։  

Ցուցադրել ավելի
Back to top button