Արագածոտնում մարզային ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար կսահմանվեն հերթափոխեր

Ձմռան ամիսներին մարզային նշանակության ճանապարհների սպասարկումն ու պահպանությունը հավուր պատշաճի իրականացնելու նպատակով Արագածոտնի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանությունն իրականացնող 4 ընկերությունների, ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները մարզպետ Դավիթ Գևորգյանին են զեկուցել իրենց կազմակերպությունների տեխնիկական հագեցվածության վիճակի մասին, վստահեցրել են, որ ապահովված են բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ունեն աղի, ավազի բավարար քանակություն և աշխատանքային ռեսուրսներ՝ նույնիսկ ամենաանբարենպաստ եղանակային պայմաններում աշխատանքները որակյալ կազմակերպելու համար:
Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներին մարզպետը հանձնարարել է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ճանապարհների մաքրման աշխատանքներին: Ձմռանը ճանապարհների անցանելիությունն ու բնակիչների անվտանգ երթևեկությունը ապահովելու համար սահմանել հերթափոխեր, հերթապահ հեռախոսահամար՝ ճանապարհների վիճակի մասին շուրջօրյա տեղեկատվություն ստանալու և փոխանցելու համար, ինչպես նաև համագործակցել ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ-ի, համայնքների ղեկավարների, ոստիկանության ստորաբաժանումների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ցանցային կամ այլ կոնստրուկտիվ արգելապատնեշներ կառուցելու միջոցով ճանապարհների երթևեկելի հատվածները ձնաբքից պատշպանելու, անհրաժեշտ վայրերում փրկարարական հենակետեր տեղակայելու, մարզի ճանապարհների սպասարկման աշխատանքների հետ կապված այլ հարցեր: