ԿարևորՔաղաքական

CEPA-ն Հայաստանի ժողովրդարացման քարտեզն է․ հայ պատվիրակները Եվրանեսթում

Հայկական պատվիրակությունն այս օրերին մասնակցում է Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովին՝ «Եվրանեսթ»-ին՝ հստակ ուղերձներով․ «Հայաստանն այսօր և 10 տարի առաջ, երբ սկսվում էր Արևելյան գործընկերությունը բոլորովին տարբեր երկիր է»։ «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության բոլոր առաջարկներն ընդունվել են, իսկ ադրբեջանական հակահայ նախաձեռնությունները՝ տապալվել։

ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պարտավորությունները Հայաստանի ժողովրդավարացման հիմնական ճանապարհային քարտեզն են։ Այս մասին Եվրանեսթում ընդգծում է հայկական պատվիրակությունը։

Ուղիղ 10 տարի առաջ Հայաստանը հետխորհրդային վեց երկրների հետ, եվրոպական ընտանիքին մերձենալու ցանկությամբ, միացավ Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագրին։  2013-ին, երբ Հայաստանը 3 տարի բանակցելով Եվրամիության հետ, անակնկալ չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը՝ փոխելով քաղաքական կուրսը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր սկիզբ տեղափոխվեցին։

Այսօր հայկական պատվիրակությունը Եվրանեսթում մի շարք անելիքներ ունի․  Հայաստանն այսօր և 10 տարի առաջ, երբ սկսվում էր Արևելյան գործընկերությունը, բոլորովին տարբեր երկիր է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատվիրակության անդամ Միքայել Զոլյանն այս մասին նշում է՝ բացատրելով․ «Չի կարելի Հայաստանը դիտարկել երկրորդ էշելոնի երկիր, որովհետև այսպիսի միտում կա՝ այն երկրները, որոնք ասոցացման համաձայնագիր են ստորագրել, համարվում են առավել ակտիվ Արևելյան գործընկերության շրջանակներում։ Մենք բացատրում ենք, որ ունենք CEPA (համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) պայմանագիրը, որը կարևոր է գուցե և տարբերվում է ասոցացման համաձայնագրից»։ Ըստ Զոլյանի, Հայաստանն այսօր իր հաջողության պատմությունն ունի «Արևելյան գործընկերության» հետ, որը կարող է օրինակելի լինել։

Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը հաջողությամբ վավերացրել է հարևան Վրաստանը՝ պատուհան բացելով ազատ վիզային ռեժիմի սահմանման ու Եվրամիության լիիրավ անդամակցության հնարավորության։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի վրացի նախագահ Գեորգի Ծերեթելին նկատում է․  «Անշուշտ, հասկանալի է, որ Հայաստանը ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ, իսկ մենք՝ Եվրոպայի։ Հայաստանը, սակայն ևս ավելի շատ Եվրոպայի կարիքն ունի, Հայաստանը եվրոպական երկիր է։ Ես կարծում եմ, որ Եվրոպան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է»․ 

Եվրանեսթում հայկական պատվիրակությունն ամեն անգամ պետք է պատրաստ լինի ադրբեջանական գործելաոճին, որն այս 10 տարիների ընթացքում չի փոխվել։ Հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը, որ Եվրանեսթի նիստերին մասնակցում է դեռ հիմնադիր համաժողովից, ասում է․

«Առաջին նիստից սկսած հանդես էին գալիս հակահայկական  նախաձեռնություններով, բայց չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ նրանց նենգ ցանկություններն իրականություն դառնային»։ 

Այս անգամ ևս հայ պատվիրակները չեզոքացրել են ադրբեջանական կողմի  հակահայկական բոլոր նախաձեռնությունները․ Պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը նշում է․

«Էներգետիկ հանձնաժողովում ներկայացվել էր Մեծամորի փակման պահանջ, որը հնարավոր դարձավ ամբողջությամբ չեզոքացնել։ Մեր աշխատանքների արդյունքում այդ առաջարկին կողմ չքվեարկեց որևէ պատվիրակ բացառությամբ ադրբեջանական երկու պատգամավորի։ Սա իսկապես շատ կարևոր է մեզ համար, քանի որ ամեն տարի իրենք այս հարցը բարձրացնում են, դա նրանց հիմնական թիրախն է»  

Հայկական կողմի բոլոր առաջարկներն ընդունվել են։ Դրանցից մեկը վերաբերում է կրթական համակարգում այլատյաց ծրագրերն ի սպառ վերացնելուն։ Արևելյան գործընկերության բոլոր երկրները բացառությամբ Ադրբեջանի հանձն են առել կատարել որոշումը։

Նիստի բացման ընթացքում իր ելույթում հայ պատգամավորը կոչ արեց՝ հիշատակելով ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման օրը, հարգել աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը․ բոլորը ոտքի կանգնեցին, բացառությամբ ադրբեջանցի պատգամավորների։

Ցուցադրել ավելի
Back to top button