ԿարևորՀասարակություն

ՍԴ ճգնաժամ․ իշխանությունն անցավ պլան Բ–ի

Ձայների 83 կողմ, 33 դեմ հարաբերակցությամբ այսօր խորհրդարանն ընդունել է  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կառավարության առաջարկված փոփոխությունների նախագիծը, որով ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն է տրվում։

Քննարկումն ու քվեարկությունն անցել են  լարված մթնոլորտում։ Նախագիծն առայժմ ընդունվել է առաջին ընթերցմամբ, բայց  որոշվել  է երկրորդ ընթերցումն  անցկացնել առաջինից  24 ժամ հետո։

ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելն ընդհանուր առմամբ կպահանջի 630 միլիոն դրամ։ Կառույցի 9 դատավորից 2–ն են ընտրվել  նոր Սահմանադրությամբ, մյուս  7–ը ընտրվել են հին հին կարգավորումներով։ Դատարանի կազմից ամենաերկարը պետք է պաշտոնավարի նախագահ Հրայր Թովմասյանը։ Նրա լիազորությունների ժամկետը կավարտվի 2035 թվականին։  Դա նշանակում է, որ հենց այդ ժամանակ հնարավոր կլինի բոլորովին նոր Սահմանադրական դատարան ձեւավորել։  ԱԺ պետաիրավական հարցերի  հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյան․

«Այո, մենք թանկ ենք վճարում, համաձայն եմ, որովհետեւ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում սխալների համար թանկ է վճարում։ Այս սխալը չի եղել մեր կառավարության օրոք, բայց այո, մեր պետականության ընթացքում թույլ տված սխալ է եւ մենք ստիպված թանլ վճարելու ենք։Կգտնե՞ք աշխարհում այնպիսի երկիր, որտեղ ՍԴ դատավորները գրեթե ցմահ են պաշտոնավարելու։ Չկա։ Այս հարցում մեր կարծիքը կիսում են նաեւ միջազգային փորձագետները»։

Նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության։ Յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանում ստացված եզրակացությունը։ ԲՀԿ–ից պատգամավոր Շաքե Իսայանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տարբեր հատվածներ են ներկայացնում փաստաթղթից․

Շաքե Իսայան  «Դուք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը դրական գնահատեցիք։ Թույլ տվեք մեջբերել մի փոքր հատված։ Այնուամենայնիվ, մի քանի կամ նույնիսկ 9 դատավորից ավելի քան 7–ի հնարավոր միաժամանակյա թաշակի անցնելը կարող է խոչընդոտել դատարանի արդյունավետ գործունեությանը։ Վենետիկի իշխանությունն առաջարկում է վերանայել առաջարկվող սխեման այս մտահոգություն վերացնելու համար»։

Ռուստամ Բադասյան․ «Այնտեղ շարունակություն կար, որը, ըստ էության, առաջարկում է քննարկման առարկա դարձնել դեպքը, երբ 7 դատավոր միաժամանակ հրաժարական ներկայացնի։ Դրա համար կարգավորում ենք նախատեսել»։  

Խորհրդարանական երեք խմբակցություններից երկուսը դեմ է նախագծին։ Ընդդիմադիրների ընկալմամբ՝ իշխանությունը ցանկանում է ազատվել իր համար անընդունելի գործիչներից։ Ամենաշատը տրվում էր հենց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունը։

Նաիրա Զոհրաբյան ․ «Բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերեւից ներքեւ քաղաքական է։ Իշխանությանը դուր չի գալիս ՍԴ այս կազմը եւ հատկապես նրա նախագահը։ Ասել, որ մեր ուշքը գնում է «Հրայր Թովմասյան+վեցնյակի» համար, այդպես չէ, բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական եւ որեւէ քաղաքական պրեսինգ, ինչպես եղել է նախկինում, չի լինելու»։

Գեւորգ Գորգիսյան․ «Մենք չենք ուզում նոր ՍԴ–ն լինի հինը միայն այն  տարբերությամբ, որ ՀՀԿ–ի տեղը լինեն ՔՊ–ի կամակատարները։ Չենք ուզում»։

Արման Բաբաջանյան․ «Իրավիճակն արդեն ճգնաժամից էլ խորն է, եւ ես խորապես հիասթափված եմ երկրորդ այս փորձից։ Մենք ավելի հատու միջոցների հասնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնելու շատ շուտով»։

Ընդդիմադիրները փորձում են կռահել նաեւ հարկատուների վերաբերմունքը նախագծի հանդեպ՝ արդյո՞ք շարքային քաղաքացին պատրաստ է իր հարկերի հաշվին պահել ՍԴ–ի երիտասարդ դատավոր–կենսաթոշակառուի։ Իշխանությունն այս առումով ունի իր ընկալումը։ Այն ներկայացնում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․  

 «Հարկատուները մեզ 71 տոկոս ձայն են տվել, ասել են՝ գնացեք ամբողջը փոխեք։ Ու հիմա էլ մեզ մեղադրում են, ասում են՝ ավելի արագ փոխեք։ Վստահեցնում եմ, ավելի արագ փոխելու ենք ու ոչ միայն այդտեղ»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաստատում է, որ քննարկվող նախագիծը վերաբերելու է միայն ՍԴ դատավորներին։ Մյուսների  բարեվարքությունը ստուգվելու է այլ կարգավորումներով։

Սա մեկնված ձեռք է, որը պետք է սեղմել, կարծում է արդարադատության նախարարը։

Առաջարկն, ի դեպ, ունի ժամկետներ։ Նախագծի նախնական տարբերակում սահմանված էր 2020 թվականի հունվարի 31–ը։ Այժմ սահմանվում է, որ տրվող հնարավորությունից կարող են օգտվել ՍԴ այն դատավորները, որոնք վաղաժամ կենսաթոշակի գնալու համար կդիմեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ։ Այդ դեպքում դատավորի լիազորությունները դադարելուց հետո մինչեւ Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքի լրանալը նրան հատկացվելու է կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button