ԿարևորՀասարակություն

Ներդրում ոչ թե համակարգի, այլ առողջության մեջ․ նախարարը պնդում է ապահովագրության անհրաժեշտությունը

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  առողջապահության ապահովագրության հայեցակարգը, որով առաջարկվում է աշխատավարձի 6 տոկոսը ՝ որպես առողջապահության  հարկ, ուղղել առողջության ապահովագրմանը։ 

Հայեցակարգը  բուռն քննարկումների փուլում  է․ Արսեն Թորոսյանի առաջարկը միանշանակ չի ընդունվում  ոչ միայն  մասնագիտական շրջանակներում, այլև՝ կառավարությունում։

Հայաստանի  3 միլիոն քաղաքացիների համար առողջապահությունը  հասանելի դարձնելու համար աշխատողները պետք է վճարեն  առողջապահական հարկ: Առաջարկը առողջապահության նախարարությանն է։

«Նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատող բնակչության   41 տոկոսից ավելին ամսական 150 հազար դրամ և ավելի եկամուտ ունի, ու նրանց համար առողջապահության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ»,- ասում է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը։ 

Որքանո՞վ է նպատակահարմար, որ աշխատող քաղաքացիները վճարեն նաև չաշխատողների  համար։  Նախարարն անկեղծանում է՝ հայեցակարգի մշակման սկզբնական փուլում նախատեսել են, որ ապահովագրական վճարը վերաբերելու է միայն  աշխատողներին ու լինելու էր ոչ թե 6, այլ  1,5 -2 տոկոսի միջակայքում։ Բայց  աշխատողները, ըստ Թորոսյանի,  այսպես թե այնպես կարողանում են իրենց առողջապահական խնդիրները լուծել՝ թեկուզ վարկ վերցնելով։ Իսկ չգրանցված  աշխատողները , թոշակառուները, ինքնազբաղվածներն այս առումով  ավելի վատ վիճակում են։  Կառավարության հատկացումները պահպանվելու են, պարզապես  դրանք բավարար չեն՝ ասում է նախարարը։

 «Ապահովագրական ցանկում ոչ բոլոր հիվանդություններ են  ընդգրկված, բայց ընդգրկված է  այնքան հիվանդություն, որ այդ ոչ բոլորը դժվար է  թվարկել»,– ասում է նախարարն  ու թվարկում հայեցակարգում ընդգրկված բուժծառայություններից հիմնականները՝ սիրտ-անոթային հիվանդություններ՝ այդ թվում վիրահատություններ, քաղցկեղային գոյացությունների վիրահատություն, ճառագայթային ու քիմիոթերապևտիկ բուժումներ:

Առողջապահության ապահովագրման համակարգ ներդնելու նախաձեռնության դեմ բողոքում են  մասնավոր այն ընկերությունները, որոնք իրենց աշխատակիցներին արդեն ապահովագրել են։  Ըստ նրանց՝  հիմա էլ ցանկացած առողջապահական ծառայություն ստանում են իրենց նախընտրած  բուժհիմնարկներում, պետական ապահովագրությանը միանալու դեպքում ստիպված կլինեն կրկնակի վճարել՝ բժշկական նույն ծառայություններից օգտվելու համար։ Նախարարի վստահեցնում է, որ կրկնակի վճարելու կարիք չի լինի։

«Քանի որ մենք առաջարկում ենք առողջապահական ծառայությունների շատ լավ փաթեթ, որն ավելի ընդգրկուն է, քան իրենց ունեցածը, նրանք կարիք չեն ունենա կրկնակի վճարել»։

Արսեն Թորոսյանի առաջարկած  հայեցակարգը միանշանակ չի ընդունվում   նաև  կառավարությունում։ Ֆինանսների նախարարությունում, մասնավորապես,  կարծում են, որ նոր հարկատեսակը բեռ է՝ տնտեսության մրցունակության տեսանկյունից:

«Մի կողմից՝ հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամության մասին՝ որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից, ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում՝ առողջության հարկ սահմանելով։ Ֆինանսների նախարարության նախընտրելի շեմը զրոն է: Հարցը չափի մասին չէ, հարցն ուղղության մասին է»,–ասում է Ջանջուղազյանը։

Նախագիծը ոչ թե ֆիննախինն է, այլ՝  առողջապահության նախարարությանը՝ Ատոմ Ջանջուղազյանին հակադարձում է Արսեն Թորոսյանը։

 «Սա մեր նախագիծն է, որը մենք բրդում ենք՝ այդ թվում ֆիննախին  բացատրելով ու համոզելով,  որ շատ կարևոր է այս համակարգի ներդրումը։ Իհարկե, պարոն Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց ավելի պահպանողական է այս համակարգերի նկատմամբ,  քան ես։ Եթե ուզում ենք հարց լուծենք, գոնե հարց լուծելու ճանապարհով պիտի գնանք։ Մեզ ասել են  հարցի լուծումը ինչպես ե՞ք պատկերացնում, մենք տվել ենք այս նախնական հայեցակարգը»։

Հայեցակարգն առայժմ հանրային քննարկման փուլում է։ Առողջապահության նախարարությունը լսում է  կողմ  և դեմ բոլոր կարծիքները։ 

Ցուցադրել ավելի
Back to top button