ԿարևորՏնտեսական

ՀԱԷԿ-ը կարող է աշխատել մինչեւ 2036 թվականը

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել են Հայկական ատոմակայան։ Նրանք ծանոթացել են 2019-ին ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։

Հայաստանի ատոմակայանում շրջայց կատարելուց հետո ՀՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել են լրագրողների հարցերին:

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկել եւ գործող էներգաբլոկը կաշխատի նախ մինչեւ 2026 թվականը, բայց թույլատրելի է կյանքը երկարացնել մինչեւ 2036 թվականը՝ ի պատասխան հարցերի տեղեկացրել է Սուրեն Պապիկյանը:

Հայաստանի ատոմակայանի երկրորդ բլոկն արդիականացվում է ՌԴ-ի տրամադրած 270 մլն դոլար վարկի միջոցով։ Արձագանքելով խոսակցություններին, որ այս վարկի չափը հնարավոր է նվազեցվի՝ դարձնելով մինչեւ 200 մլն դոլար, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին ասաց. «Հիմա քննարկումներ են ընթանում եւ, որքան որ ես եմ հասկանում, դեկտեմբերի վերջերին՝ մոտավորապես դեկտեմբերի 26-ին, նախատեսվում է հերթական համատեղ նիստը, որտեղ այդ հարցերը կբարձրացվեն եւ կքննարկվեն»։       

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ վարկի երկարաձգման հիմքերը քննարկվել են եւ կա փոխհամաձայնություն։ Դա պայմանավորված է որոշ աշխատանքների երկարաձգման անհրաժեշտությամբ՝ ասաց նախարարը։

« Այդ իսկ պատճառով մինչեւ 2021 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները հասցնել իրենց ավարտին»,– նշեց նախարար Պապիկյանը։

Անդրադառնալով Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու ծրագրերին՝ Սուրեն Պապիկյանը նկատեց, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ բարձրավոլտ էլեկտրացանցերն արդեն իսկ կառուցվում են։

«Մենք նախատեսում ենք մյուս տարվա ավարտին արդեն իսկ ունենալ այդ աշխատանքների ավարտը։ Սա բերելու է նրան, որ Հայաստանը, այո, դառնա տարանցիկ ուղի ոչ միայն Վրաստանի եւ Իրանի, այլ նաեւ ԵԱՏՄ երկրների եւ, մասնավորապես, ՌԴ-ի համար, որովհետեւ այն հզորությունները, որ նախատեսվում է Հայաստանում կառուցել՝ իրացնել, այդ հնարավորությունը մեզ ընձեռելու է»,– նշեց Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանը չկիսեց դիտարկումը, թե ԵՄ-ի հետ համաձայնագրով պայմանավորվածություն կա ատոմակայանը շահագործել մինչեւ 2026 թվականը եւ դադարեցնել շահագործումը։ Նա նկատեց, որ ատոմակայանների լիցենզավորումը միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի գործընկերների հետ քննարկումների արդյունքում է տեղի ունենում, ապա հավելեց, որ մեր ատոմակայանն այս պահին եւ ընդհանրապես գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան եւ այն բարձր գնահատականը, որ միջազգային կառույցները տալիս են խոսում է այն մասին, որ գործընկերների մտահոգությունները տեղին չեն։

«Մի բան փաստ է, որ ՀՀ–ի համար ատոմակայանն ունի ստրատեգիական նշանակություն։ ՀՀ-ն խնդիր ունի էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ լինել, այլ նաեւ շարունակել լինել արտահանող երկիր։ ԱԷԿ-ը ապահովում է ՀՀ-ի էներգիայի 40 տոկոսն այս պահին, բայց իր ողջ հզորությամբ գործելու դեպքում այն կարող է հասնել մինչեւ 50 տոկոսի։ Եվ շրջափակված լինելով երկու երկրների կողմից, ՀՀ-ն այս փուլում, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք անցել կամ մեր հզորությունները թույլ չեն տվել այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ, որպեսզի մենք կարողանանք մեզ նման ճոխություն թույլ տալ, այս փուլում գործընկերները պետք է որոշակի փոխըմբռնումով մոտենան Հայաստանի ատոմային էներգիայի խաղաղ շահագործմանը, որովհետեւ սա մեզ համար ունի կենսական նշանակություն»։

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկել եւ գործող էներգաբլոկը կաշխատի նախ մինչեւ 2026 թվականը, բայց թույլատրելի է կյանքը երկարացնել մինչեւ 2036 թվականը, ինչի հնարավորությունները այն ունի, բայց դա  արդեն ապագայի խնդիր է՝ արձագանքելով նոր ատոմակայանի կառուցման մասին հարցին ասաց Սուրեն Պապիկյանը: Նա նշեց նաեւ, որ գործող բլոկի մոդեռնիզացիան անընդհատ է անհրաժեշտ՝ անվտանգության տեսանկյունից։

«Մենք մինչեւ 2026 թվականի համար ունենք հիմնավորումներ, բայց, ռեակտորի իրանի թրծումից հետո, կարող ենք եւս երկար աշխատել։ Այսինքն, առանց անվտանգության հիմնավորման ռեակտորի իրանի հետագա շահագործումը չի լինի»,– տեղեկացրեց ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

Մովսես Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, որ եթե նախկինում կար  անվտանգության մեկ համակարգ, արդիականացման արդյունքում այսօր լիարժեք անվտանգության երկու համակարգեր կան, որոնք գործող կայանների համար միջազգային ստանդարտներով ընդունելի տարբերակ է։   

Ցուցադրել ավելի
Back to top button