

ֆինանսների նախարարության օրակարգում հարկային փոփոխությունների նոր փաթեթ է․ առաջարկվում է կրճատել հարկային արտոնությունների շրջանակը։ Վարչապետի հանձնարարականով՝ գնահատում են մինչ այժմ տրված հարկային արտոնություններն ու դրանց արդյունավետությունը։ Այդ ընթացքում ֆինանսների նախարարությունում հարկային քաղաքականության նոր առաջարկներ են նախագծվում։ Առաջարկվում է, օրինակ, հարկման դաշտ բերել նոր ոլորտներ։
Հարկային փոփոխությունների նոր առաջարկներ՝ ֆինանսների նախարարությունից։ Ըստ գերատեսչության՝ յուրաքանչյուր փոփոխություն պետք է կոնկրետ խնդիր լուծի տնտեսության ու հասարակության համար։ Ֆիննախում այս պահին կենտրոնացել են տնտեսության կարիքների գնահատման վրա։
Հարկային արտոնությունների շրջանակի կրճատում․ քաղաքականություն մշակող մարմնում կարծում են, որ հաճախ հարկային արտոնություններ ստանում են ոչ թե դրա կարիքն ունեցողները, այլ՝ ճարպիկներն ու հնարամիտները։ Արդյունքում՝ անհավասար մրցակցության մեջ են մտնում արտոնության իրական շահառուների խմբի հետ։
«Տնտեսության յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու պետք է գնահատի հարկային քաղաքականությունից իր ակնկալիքները՝ իհարկե հիմնավորված ու փաստարկված։ Բոլոր առաջարկները չէ, որ պետք է հանգեն հարկային արտոնության։ Դա կլինի խնդրի լուծման պարզունակ, հեշտ, կարճ , բայց անհասցե ու անհեռանկար ճանապարհ»,– հստակեցնում է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
2019 թվականի նոյեմբերի տվյալներով՝ կառավարությունն ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու իրավունք է տվել 12 ընկերության։ 2018–ի նույն ժամանակահատվածում խրախուսվել է նմանատիպ 19 ներդրումային ծրագիր:
Տվյալները «Ռադիոլուրին» փոխանցել են էկոնոմիկայի նախարարությունից։ Նախատեսված ընդհանուր ներդրումները կազմում են 222.1 մլրդ դրամ, տնտեսվարողները խոստացել են ստեղծել 1307 աշխատատեղ: Արտոնությունները տրամադրվել են մշակող արդյունաբերության, առողջապահության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում գործող ընկերություններին:
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել մոտեցումը՝ կրճատել հարկային արտոնություններից օգտվող ընկերությունների շրջանակը։
«Մենք ունենք բազմաթիվ հարկային արտոնություններ, որոնք տրամադրվել են պահի տակ կայացված որոշումներով։ Գործնականում ոչ ոք, այդ թվում ֆինանսների նախարարությունը, անկեղծորեն պետք է խոստովանեմ, հետահայաց վերլուծությամբ չի նայել ու չի գնահատել այդ արդյունավետությունը»,– ասում է Ֆինանսների փոխնախարարը։


Վարչապետի հանձնարարականով՝ գնահատում են մինչ այժմ տրված հարկային բոլոր արտոնությունները, փորձում են հասկանալ դրանց արդյունավետությունը։
Տարիներ շարունակ այս հարցը քննարկվել է, բայց քայլեր չեն ձեռնարկվել։ Պողոսյանի պնդմամբ՝ կիրառման պահին տարբեր շահագրգիռ խմբեր բողոքի ալիք են բարձրացրել։
«ԱԱՀ–ից ազատվելու արտոնությունների պրակտիկան ուսումնասիրելիս տեսնում ենք, որ այդ արտոնությունից օգտվողների շատ լայն շրջանակ ունենք, օբյեկտիվորեն հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք պետք է շարունակենք պահել ԱԱՀ–ից ազատման այս շրջանակը»,– նշում է պաշտոնյան։
Առաջարկվում է ԱԱՀ–ով հարկման դաշտ բերել նաև նոր ոլորտներ՝ օրինակ՝ առողջապահությունն ու բուհերը։ Հիմնավորումը հետևյալն է՝ առողջապահության ոլորտում ԱԱՀ–ի կիրառումը թույլ կտա ավելի շատ միջոցներ հավաքագրել, արդյունքում՝ ընդլայնել պետպատվերի ցանկը կամ ստեղծել նոր բուժհաստատություններ։ Ֆինանսների փոխնախարարը բերում է պլաստիկ վիրահատությունների օրինակը․ դրանք ԱԱՀ–ով չեն հարկվում, մինչև դրանց դիմում են վճարունակ անձինք։
«Հիմա ասում ենք՝ գուցե պե՞տք է բոլոր տեսակի բժշկական ծառայությունները, օրինակ, ԱԱՀ–ով հարկել, գեներացնել լրացուցիչ հարկային եկամուտներ, որոնք մեր հաշվարկներով բավականին շատ են լինելու, գումարներն ուղղել հասարակության սոցիալապես խոցելի խմբերի բժշկական ապահովման խնդիրների լուծմանը։ Օրինակ, կյանքի հետ անհամատեղելի բոլոր հիվանդությունների բուժումը դարձնել անվճար»,– ասում է փոխնախարարը։
Նույն խնդիրը, ըստ փոխնախարարի, նաև կրթության ոլորտում է․ նորաձև համարվող մասնագիտություններ կան՝ շատ բարձր ուսման վարձավճարով, այդ բուհերն ազատված են ԱԱՀ–ից։ Փոխարենը կարևոր մասնագիտություններ կան, որոնք պահելու համար պետությունը միջոցներ է փնտրում։ Այս դեպքում էլ ԱԱՀ –ի գումարները կարող են ուղղվել պետպատվերի տեղերն ավելացնելուն։
Ֆիննախում գիտեն, որ նոր առաջարկները բուռն քննարկում են առաջացնելու, սսում են՝ պատրաստ են լսել բոլոր դիտարկումները։