ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 10-ը Արցախի անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրն է

Արցախում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես պետական ​​անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության oր:

1991 թվականի այս օրն արցախահայությունն արտահայտեց իր կամքը, «Այո» ասելով ԼՂՀ անկախության հանրաքվեում: 2006 թ. նույն օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը:

1991-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, կոպիտ խախտելով գործող օրենսդրությունը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենք ընդունեց` վերացնելով ազգատարածքային միավորի գոյությունը: Արցախահայությունը որոշեց անցկացնել համաժողովրդական հանրաքվե:

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որին մասնակցեց գրանցված ընտրողների թվի 82,2% — ը, ընթացավ հայկական բնակավայրերի անդադար ռմբակոծման ներքո: Քվեաթերթիկում, որ տպագրված էր երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն, ձևակերպված էր հետևյալ հանցը. «Դուք համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվի անկախ պետություն, և ինքնուրույն որոշի համագործակցության ձևաչափերը այլ պետությունների և կազմակերպությունների հետ»։  99,89% «կողմ» քվեարկեց Ադրբեջանից անկախություն ստանալուն:

Հանրաքվեի արդյունքներն ու դրա ժողովրդավարական բնույթը և թափանցիկությունը հաստատվել են անկախ միջազգային դիտորդների կողմից:

Միջազգային դիտորդներն իրենց վերջնական գնահատման մեջ նշել են, որ «հանրաքվեն անց է կացվել զինված ագրեսիայի պայմաններում, որն արտահայտվել է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրետանային ռմբակոծության պայմաններում: Քվեարկության օրը հրետանային ռմբակոծությունից զոհվել՝ 10, վիրավորվել՝ 11 հայ: Կանայք և երեխաները գիշերներն անցկացնում են նկուղներում, մանկապարտեզներն ու դպրոցները փակ են: Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրետանային արկ է նետվել Ստեփանակերտի դպրոցներից մեկի վրա: Չկա խմելու ջուր, հաց, դեղորայք»:

Դեկտեմբերի հանրաքվեից 15 տարի անց՝ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 98,58%-ը:

Սահմանադրության օրը տոնական և ոչ աշխատանքային է:

Շնորհավո՛ր տոնդ, Արցախ:

Ցուցադրել ավելի
Back to top button