ԿարևորՏնտեսական

Հայաստանի պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ

2020 թվականին  բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորվի բացառապես ներքին աղբյուրներից, այդ նպատակով բյուջետային վարկեր չեն ներգրավվի ։  «Հայաստանն  ունի տնտեսական այնպիսի ներուժ, որ կարող է իր ներքին խնդիրները լուծել ներքին աղբյուրների միջոցով» – «Ռադիոլուրի»  հետ զրույցում ասել  է  ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը։

Նա հստակեցրել է՝ կառավարությունը  ոչ թե  հրաժարվելու  է  արտոնյալ վարկերից ընդհանրապես, այլ դրանք վերցնելու է կոնկրետ նպատակներով, հիմնականում  կապիտալ  ծրագրերի  իրականացման համար։

2020–ին  էականորեն փոխվելու է  նաև պետական պարտքին վերաբերող  իրավիճակը։ 

Հայաստանի պետական պարտքը նվազում է կանխատեսվածից արագ տեմպերով․ 2019-ի տարեվերջին այն կլինի ավելի ցածր նիշի վրա, քան կանխատեսվել էր 2019-ի բյուջեով:  Հոկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանի  պետական  պարտքը 7 մլրդ 711 մլն դոլար է, որից կառավարության բաժինը 6 մլրդ 603, ԿԲ–ինը ՝ 514 մլն դոլար է։

2020 թվականին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ցուցանիշը կնվազի 1.4 տոկոսային կետով՝ ասում է  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։  

«Բացի նրանից, որ մենք կունենանք  պարտք-ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ:  Եթե մենք 2019-2021 միջնաժամկետ ծախսերի ծրագրում կանխատեսել էինք, որ աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքև և 2019-ին կունենանք 50 տոկոսը գերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցություն, ապա հիմա կարծում ենք, որ այն կլինի 49 տոկոսից ավելի և 50 տոկոսից ցածր»։

2020 թվականի բյուջեի արդեն հաստատված օրենքով ակնկալվում է, որ պետական պարտք –ՀՆԱ հարաբերակցությունը հաջորդ տարի  կկազմի 48.2 տոկոս։ Հայաստանն այս առումով  պետական պարտքի նվազ բեռ ունեցող երկրների թվում է։ Նախարարը կարևորում է եվրոբոնդերի թողարկման հաջող գործարքն  ու հիշեցնում՝ նախկինում պարտքի մասին խոսելիս  2020 թվականը  հիշատակվում էր որպես սարսափելի  ծանր տարի, մինչդեռ, այժմ ամեն ինչ հարթվել է։

«Մենք, ըստ էության, մեր գործառնության արդյունքում կարողացանք հարթեցնել 2020 թվականի  պարտքի սպասարկման գրաֆիկը։ Ավելին՝ ոչ միայն զուտ չափի, այլ նաև պայմանների իմաստով կարելի է արձանագրել, որ իրավիճակի նկարագրությունը կտրուկ  փոխվեց։ Մեզ պարտքային գործիքի  շրջանակներում  տրվեցին  միջոցներ, որոնք էականորեն ավելի նպաստավոր են։ Ընդ որում՝ կարող էին տրամադրվել մոտավորապես 4 անգամ  ավելի, քան մենք այս պահին ներգրավվելու կարիք ունեինք»։ 

Հայաստանն ամենաշատը պարտք վերցրել է Զարգացման միջազգային ընկերակցությունից՝  ընդհանուր պարտքի 25 տոկոսը բաժին է ընկնում այս կառույցին, Ասիական զարգացման բանկից վերցրած վարկերը ամբողջի 17․5 տոկոսն են։ Եռյակը17․4 տոկոսով եզրափակում է Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը։ Ներգրավված վարկեր ունենք Աբու Դաբիի զարգացման հիմնադրամից, Չինաստանի արտահանման–ներմուծման բանկից։

Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը  «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝  «Ունենք վարկեր դոլարով, եվրոյով, ԱՄԷ դրամական միավորով, ճապոնական իենով»։

Ըստ ֆինանսական ոլորտի պատասխանատուների՝ 2020 թվականին բյուջետային աջակցության վարկեր չեն ներգրավվի։ Այդ վարկերը վերցվում են բյուջեի դեֆիցիտը  ֆինանսավորելու  նպատակով։ Հաջորդ տարի բյուջեի  դեֆիցիտը կֆինանսավորվի միայն  ներքին աղբյուրներից։

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է․ «Արդեն ունենք այնպիսի պոտենցիալ, որ կարող ենք մեր ընթացիկ խնդիրները լուծել մեր ներքին ռեսուրսների հաշվին»։

Կօգտագործվեն նախկինում ստորագրված վարկային համաձայնագրերով նախատեսված միջոցները։ Այստեղ 1․4 մլրդ դրամի չմասհանված մնացորդ կա, սա մեծ թիվ է՝ ասում է Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել  Խանվելյանը և բացատրում օրինակով։

«Որևէ վարկատուի հետ կնքել ենք պայմանագիր, որ նա պետք է մեզ տրամադրի պայմանականորեն ասեմ 100 մլն դոլարի միջոց՝ ենթադրենք ճանապարհ սարքելու համար։ Ճանապարհ սարքելը մեկ օրվա գործ չէ։ Դա կառուցվում է տարվա ընթացքում, առաջին տարվա ընթացքում ենթադրենք շինարարներն իրականացրել են  20 մլն դոլարի աշխատանք, որի դիմաց նրանց վճարում է  կատարվել։

Վճարումից հետո է գումարը պարտք դառնում։ 100 մլն–ի  պայմանավորվածություն կա, սակայն, 20 է պարտք, քանի որ  80 տոկոսը դեռ կատարված չէ, և այս 80 տոկոսն  ու մնացած վարկերի 80 մասերը  միասին կազմում են 1․4 մլրդ դրամ։ Սա մեր վարկային պորտֆելում մեծ գումար է»։

Կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը 5 % է, մինչև մարումը մնացած միջին ժամկետը՝ 9 տարի։

Back to top button