ԿարևորՔաղաքական

Թլիկի չընտրված գյուղապետը կրկին կփորձի

Երեկ  Հայաստանի 16 համայնքներում  կայացել են  ՏԻՄ ընտրություններ։ 16–ից 12 համայնքում ընտրությունները հերթական էին, իսկ 4–ում ՝ արտահերթ։  Ընդամենը երկու համայնքում  են վերընտրվել կուսակցական  նախկին գյուղապետերը։Մյուս համայնքներում հաղթել են անկուսակցական թեկնածուները։ Համայնքներից մեկում համայնքապետի  մեկ  թեկնածու է եղել, բայց նա էլ  պարտվել է։

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի  գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուՍլավիկ Սալոյանը պարտվել է 9 կողմ և13 դեմ ձայնով։ Մյուս թեկնածուն ավելի վաղ ինքնաբացարկ էր ներկայացրել։  

«Համայնքն ինձ ընտրել է։ Ուղղակի համայնքի բնակիչներից շատերը գյուղում չէին, իսկ ով էլ կար, ուզում էր քավոր–սանիկ մեջտեղ բերել, սակայն նման բաներ մեր համայնքում չէր կարող լինել», – «Ռադիոլուրի»  հետ զրույցում ասել է  Սալոյանը։

Նախկին ՀՀԿ–ական գյուղապետն  այս տարվանից չի անդամակցում  որևէ կուսակցության։ Չգիտի, թե ինչու մրցակից չի ունեցել։  Սլավիկ Սալոյանը համայնքը ղեկավարել է 4 տարի, և չնայած պարտությանը՝ Թլիկի նախկին ղեկավարը չի ընկճվել և պատրաստվում է թեկնածությունն առաջադրել նաև առաջիկա  արտահերթ ընտրություններում:  

« Նորից եմ մասնակցելու ընտրություններին։ Այս անգամ շատ հնարավոր է, որ լինեն մրցակիցներ։ Ես չեմ կարող ասել, թե ովքեր կլինեն նրանք»։  

Նախորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է  14 ձայնով։ Արագածոտնի  մարզի  մեկ այլ՝ Հակո համայնքում 25 ձայնով հաղթել է ՀՀԿ-ական գործող  համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա  հստակ չկողմնորոշվեց՝  ի վերջո  կուսակցակա՞ն է, թե՞ ոչ։

« Նախկին ղեկավարության ժամանակ  բոլոր գյուղապետերն էլ հանրապետական էին,  անունով էին հանրապետական, թե չէ այդ կուսակցությունը գյուղի մեջ ի՞նչ  դեր կարող է խաղալ։ Ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցում, ես ուղղակի  աշխատում եմ իմ ժողովրդի համար։ Ես չգիտեմ, ես հիմա չեմ անդամակցում ոչ մի կուսակցության ուղղակի գյուղում  իմ գործերն են անում»։  

Համայնքը 12 տարի ղեկավարած և վերընտրված համայնքապետի համար  առաջնային  խնդիրը մթերման ցածր գներն  են։  Միսն  ու կաթը ցածր գներով են իրացվում,  գառն էլ էժան  գնով է արտահանվում  Իրան՝ ասում է։

«Պետք է խնդրենք կառավարությանը  հնարավորության չափով  կարողանա աջակցել գյուղերին»։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ամփոփելով 7 մարզերի 16 համայնքներում  անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները , նշեց, որ     ընտրություններն  անցել են խաղաղ, բոլոր տեղամասերում եղել են թեկնածուների  վստահված անձինք։ Դիտորդություն է իրականացրել    4  տեղական հասարակական կազմակերպության 147 դիտորդ։

«Բովանդակային վերլուծությամբ այս պահին կարող ենք փաստել, որ  չեն արձանագրվել խախտումներ, որոնք ունեին մասշտաբային բնույթ։ Սոցցացներում եղել են գրառումներ, որոնք վերաբերել են առանձին հանգամանքների, բայց այդուհանդերձ,  բոլոր գրառումները հանդիսանալու են   տարածքային ընտրական հանձնաժողովներում   մանրամասն քննության առարկա»։

«Ռադիոլուրի» այն դիտարկմանը, թե  ՏԻՄ ընտրությունները կուսակցությունների համար շարունակում են անհետաքրքիր մնալ,  Տիգրան Մուկուչյանը  չարձագանքեց․  միայն նկատեց, որ  կուսակցություններն իրենք են ընտրում, թե ինչ ձևաչափով  ու որ ընտրություններին մասնակցեն։

Back to top button