ԿարևորՀասարակություն

Սուրբծննդյան տոնավաճառ․տնակների աճուրդը՝ դեկտեմբերի 13-ին

Երևանի 2750-ամյակի այգում իր հյուրընկալ դռները կբացի սուրբծննդյան տոնավաճառը՝ «Christmas market»-ը:

Թե ինչու՞ ոչ Հյուսիսային պողոտայում և ոչ մասնավորի հետ՝ քաղաքապետարանը պարզաբանում է. նախկինում կրպակները տնտեսվարողներին տրամադրվել են առանց մրցույթի և առանց համայնքի նկատմամբ որևէ պարտավորության: Նախկին կազմակերպիչները նոր պայմաններով համայնքի հետ համագործակցել չեն ցանկացել: Այս տարի առաջին անգամ տնակ-կրպակները վարձակալությամբ կտրամադրվեն աճուրդով:

«Ձևաչափի փոփոխությունը մեզ համար կարևոր սկզբունք էր, քանի որ տոնավաճառը չէր կարող լինել միայն վաճառքի վայր:

Այն պետք է մասն կազմեր մեր ընդհանուր միջոցառումների և ունենար մշակութային բաղադրիչ: Գրեթե ամեն օր այս տարածքում կլինի հետաքրքիր երաժշտություն, հայկական խոհանոցի համտեսի հնարավորություն: Կարծում եմ, քաղաքապետարանի այս ձևաչափով տոնավաճառի կազմակերպումը նաև խրախուսելի է, որովհետև պահպանվում է հավասարության սկզբունքը: Աճուրդին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իսկ Հյուսիսային պողոտայում կլինի եղևնիների ցուցադրություն»,-ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:


2750-ամյա այգում՝ շատրվանների երկու ուղղությամբ ձգվող ճեմուղիներում, կտեղակայվեն տոնավաճառի 40 տնակ-կրպակները:
«Հիմքերը մետաղական են, պատրաստված են փայտից: Մշակված են այնպես, որ դիմանան եղանակային պայմաններին: Երկու տեսակի տնակներ ունենք՝ 3 և 4 մետր բարձրությամբ: Ոճով գրեթե նույնն են, բայց արտաքնապես կտարբերվեն: Տնակները 5 և 6 քմ տարածքով են: Ներսում կլինեն սեղաններ, դարակաշար: Տնակները կապահովվեն նաև էլեկտրականությամբ: Գործն արվում է սիրով, որովհետև քաղաքի համար է, ու վայելելու ենք բոլորս»,- նշում է տնակների պատրաստմամբ զբաղվող ընկերության տնօրեն Բագրատ Դիվանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button