ԿարևորՄիջազգային

Պուտին–Զելենսկի հանդիպումը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

Միջազգային հանրության ուշադրությունն այսօր սևեռված է Փարիզի վրա․ այնտեղ կայանալու է «Նորմանդական քառյակի» հանդիպումը։ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հավաքվում են՝ քննարկելու Դոնբասի ճգնաժամի կարգավորման հետագա քայլերը։ Օրվա ինտրիգը, սակայն, Պուտին–Զելենսկի առաջին հանդիպումն է։

Մի քանի հեռախոսազրույց կայացել է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև Զելենսկու՝ երկրի ղեկը այս տարեսկզբին ստանձնելուց հետո։ Այսօր կկայանա նրանց անձնական ծանոթյությունը՝ նորմանդական քառյակի հանդիպման շրջանակներում։ Սա վերջին երեք տարում այս ձևաչափով առաջին հանդիպումը կլինի։ Ինչի մասին են խոսելու երկու նախագահները դեմ առ դեմ հանդիպմանը, այն կլինի քառակողմ հանդիպումից առաջ թե հետո, դեռևս չի հաղորդվում։

Փարիզյան շփումներից ինչպես Պուտին–Զելենսկի հանդիպման, այնպես էլ Դոնբասի հակամարտության կարգավորման տեսանկյունից ակնկալիքները բավականին համեստ են։

Վլադիմիր Զելենսկին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը բավականին հավակնոտ խոստմամբ՝ վերջ տալ Դոնբասի հակամարտությունը, և նախընտրական գլխավոր հայտարարություններից էր Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մտադրությունը, թեև փորձագետները կարծում են, որ երկու երբեմնի եղբայրական պետությունների միջև հարաբերություններում իրական ջերմացման մասին խոսք չկա, Զելենսկին ազդակներ է ուղարկում բանակցելու, բայց ոչ Կրեմլին զիջումներ անելու մասին։ Ուկրաինան և Ռուսաստանը այսօր հետապնդում են տրամագծորեն հակառակ նպատակներ։

Ուկրաինայում մտավախություն ունեն, որ Զելենսկին չի կարողանա ավելի ամուր դիրքերից բանակցել իր ավելի փորձառու պաշտոնակցի հետ։  Կիևում ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել «Մոսկվայից հեռու մնա», «Ոչ կապիտուլյացիային», «Ռուսական գազը օղակ է մեր վզին» և այլ նմանատիպ կարգախոսներով։

Ուկրաինական ընդդիմությունը Փարիզի բանակցություններին հետևում է Մայդանից․  նրանք այնտեղ են սպասելու Պուտին–Զելենսկի բանակցությունների ավարտին և խոստանում են անցնել անժամկետ բողոքի գործողությունների, եթե փարիզյան բանակցություններում Զելենսկին «փորձի խաղալ  Պուտինի կանոններով»։

Ցուցադրել ավելի
Back to top button