ԿարևորՀասարակություն

Ով կարող է գաղտնալսել․ԱԺ–ն ու կառավարությունը տարբեր կարծիքի են

Խորհրդարանում այսօր քննարկել են  մի նախագիծ, որը տարաձայնության առիթ է դարձել  խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության միջեւ։ Ոլորտը, որի պատճառով արձանագրվել է տարաձայնությունը, ոստիկանությունն է։  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են իրավապահներին նոր՝ ինքնուրույն գաղտնալսելու լիազորություն տալ․  իրենց նախաձեռնությունը հիմնավորում են արագ եւ կտրուկ բարեփոխումների անհարժեշտությամբ։ Կառավարությունն առաջարկվող  լուծումը  հատվածային է որակում՝ կարևորելով  համապարփակ կարգավորումները։

Կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը տարբեր դիրքերում են ոստիկանությանն առնչվող մի նախագծի պատճառով։  «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկում։

Նախաձեռնությունը ողջունում է խորհրդարանական մեծամասնությունը, բայց կառավարությունը դեմ է։ «Իմ քայլ»–ից Անդրանիկ Քոչարյանը հիշեցնում է Մարտի 1–ի,  նախկին պաշտոնյաների եւ օլիգարխների կողմից ձեռք բերված գաղտնալսող սարքերի մասին, իսկ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հակադարձում է՝  ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ամբողջական ծրագիրը դեռ ընդունված չէ։  

Անդրանիկ Քոչարյան․ «Այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին շատ կարեւոր նախաձեռնություն է։ Իմ կարծիքով՝ պատահական չէ, որ 2007 թվականին ոստիկանությանը զրկել են այդպիսի հնարավորություն ունենալուց, եւ 2008–ին տեղի ունեցավ մարտի 1–ը։ Վերջերս շրջանառության մեջ հայտնվեցին անվտանգության ծառայության գեներալ–մայոր Տիգրան Բաղդասարյանի խոստովանական ցուցմունքները, որ մարտի 1–ի գործով անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթներ։ Եթե ոստիկանությունն այդ ժամանակ ունենար նման գործառույթ, նման կեղծումները կլինեին անհնար»։

Սրբուհի Գալյան. «Կառավարությունը չի ասում՝ ոչ, պետք չէ ոստիկանությանը տալ նման հնարավորություն։ Կառավարությունն ասում է, որ պետք չէ նման հատվածական կարգավորմամբ ոստիկանությունը գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն տալ»։

Պատգամավորների կարծիքով՝ ոստիկանությանը պետք է իրավունք տալ ունենալու տեխնիկական այն միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Նախագծի հեղինակները կարծում են, որ ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկողության ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը: Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները կարծում են, որ պատգամավորների նախաձեռնությունն անհրաժեշտ է ընդունել։ «Կողմ» պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

 «Մենք ժամանակ չունենք հապաղելու ու այլ նախագիծ բերելու, այլ գործիքակազմ տալու, որովհետեւ մեր ոստիկանությունը էս գործիքի կարիքն ունի։ Տեսեք՝ մեր երկրում գաղտնալսել են ԱԱԾ պետին։ Հիմա ի՞նչ արտահոսքի վտանգի մասին է խոսքը։ Առանց փակագծեր բացելու՝ ժամանակակից «sօft»-երը հնարավորություն են տալիս վերահսկելու այդ պրոցեսը՝ ժամանակ առ ժամանակ ստուգելու եւ ոստիկանությանը եւ ԱԱԾ–ին։ Ամենակարեւորը՝ հակակշիռների մեխանիզմ պետք է գործի ուժային կառույցներում»։

Նույն այս նպատակով առաջիկայում լրացուցիչ լիազորություններ են տրվելու նաեւ 2021 թվականին ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեին եւ Հատուկ քննչական ծառայությանը։ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հաստատում է՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն ունենալու են նաեւ այդ կառույցները։ Ամեն դեպքում, նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանն անդրդվելի է․

 «Ոստիկանության զարգացման ծրագրում ես չեմ տեսել այս հարցին կարգավորում տվող նորմեր։ Նույնիսկ քրեական դատավարական օրենսգրքի նախագծում չկան այն լուծումները, որոնք պետք է տրվեին։ Նոր հեծանիվ հնարելու կարիք չունենք։ Այս խնդիրն առաջացել է 10 տարվա եւ ավելի պրակտիկայի արդյունքում։ Էլ ինչին պետք է սպասենք՝ համապարփակ լուծում կամ չգիտեմ ինչ ։ Հարց է դեռ, թե այդ համապարփակ լուծումները ինչ արդյունք կտան։ Մենք արդեն տեսնում ենք խնդիրը, եւ օր առաջ պետք է լուծել այն»։   

Քննարկվող նախագիծը ստիպեց Արման Բաբաջանյանին հիշել ու նաեւ մյուսներին հիշեցնել, թե ինչ օր է այսօր։  Ուղիղ մեկ տարի առաջ  այս օրը տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները՝ հստակ ուղերձով եւ պահանջով։

 «Հիշենք, թե այդ ընտրություններն ինչի մասին էին եւ ինչի համար էին, այդ ընտրությունների գլխավոր ուղերձը եւ հիմնական անելիքը, մանդատը, որ տրվել է հենց բարեփոխումները արագացնելու եւ երկիրը նոր հիմքերի վրա դնելու ուղղակի հանձնարարություն է եղել»։

Մինչ կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը բանավիճում են նախագծի նպատակահարմարության մասին, խորհրդարանական ընդդիմությունը՝ վաղվա քվեարկությունից առաջ փորձում է կողմնորոշվել, թե որ կողմն է ճիշտ։ Վաղը նախագիծը քվեարկվելու է առաջին ընթերցմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button