ԿարևորՀասարակություն

Կոռուպցիայի ոլորտում մեզ համար չկա նախորդ-ներկա իշխանություն. Նիկոլ Փաշինյան

Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը արձանագրում է՝ Հայաստանում համակարգային կոռուպցիան դադարել է գոյություն ունենալուց, բայց դա չի նշանակում, որ այն այլեւս անվերադարձ է, կան անհանգստացնող խնդիրներ։   

Բացառված է, որ մենք որեւէ կոմպրոմիս ունենանք կոռուպցիայի հետ. ուղղակի բացառված է եւ ՀՀ-ում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի ամբողջապես — այս մասին այսօր շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ։

Նա վստահեցրել է, որ իշխանությունն ունի քաղաքական կամք եւ Կոռուպցիայի ոլորտում իրենց համար չկա նախորդ-ներկա իշխանություն, շատ ավելի խիստ են լինելու սեփական ամենամոտ թիմակիցների հանդեպ։  

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա՝ այսօր վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարզաբանելով՝ ասաց նաեւ, թե դա չի նշանակում, որ չկան կոռուպցիոն երեւույթներ։ Վարչապետը շեշտեց, թե կարեւոր է արձանագրել, որ ՀՀ–ում կա կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք։  

«Նույնիսկ մեր ամենամերձավոր թիմի անդամները եւ նույնիսկ մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որեւէ ներում եւ բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու եւ ներգրավվելու պարագայում»։

Վարչապետի խոսքով՝ ի սկզբանե երբ իրենք ասում էին պայքար կոռուպցիայի դեմ, դա քաղաքական իմաստով ընկալվում էր, այսպես ասած, պայքար նախորդ կոռումպացված իշխանությունների նկատմամբ։ Կոռուպցիայի ոլորտում մեզ համար չկա նախորդ-ներկա իշխանություն՝ շեշտեց Փաշինյանը։

«Իմ կողմից նշանակված պաշտոնատար անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը կրկնակի անընդունելի է, քան նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից եւ ես հույս ունեմ, որ դա տեսանելի է բոլորին, որովհետեւ վերջին 1.5 տարվա ընթացքում առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանքներ է առաջադրվել եւ այս պրոցեսը շարունակվելու է։ Բացառված է, որ մենք որեւէ կոմպրոմիս ունենանք կոռուպցիայի հետ։ Ուղղակի՝ բացառված է եւ ՀՀ-ում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի ամբողջապես»։

Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների համար սամանված պարգեւավճար-աշխատավարձերի թեմային՝ վարչապետը պարզաբանեց, որ դա արվել է ոչ այնքան կոռուպցիան կանխարգելելու համար, որքան կոռուպցիոն  գայթակղության տրված հնարավոր պաշտոնյային պատժելու դեպքում խղճի խայթ չունենալու համար։ Կոռուպցիայի դեմ պայքարի առումով դա շատ կարեւոր բաղադրիչ է համարում վարչապետը։ Ասաց, որ այդ տեսանկյունից էլ արդարացված է համարում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձեր բարձրացնելու իր որոշումը։

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ եւ լրացրեց նախկինում արված իր հայտարարությունը, թե՝ պետական բյուջեից ոչ մի լումա չի գողանում։ Բայց նաեւ գիտեմ, որ պետական միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում, ներառյալ վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը՝  ասաց։ Նշեց նաեւ՝ միշտ չէ, որ ժամանակ է ունեցել զբաղվելու այդպիսի հարցերով։

Պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսերի հետ կապված վարչապետի մտահոգությունների մասին հետաքրքրվեցինք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից։ «Ես կարծում եմ, խոսքը վերաբերում է նրան, որ ավելի արդյունավետ պետք է ծախսերը իրականացվեն, որը բնական երեւույթ է»,-ասաց փոխվարչապետը։ Լրագրողները փոխվարչապետին խնդրեցին այդ տեսանկյունից գնահատել նաեւ  Ամանորի տոնակատարությունների համար  Երեւանի քաղաքապետարանի կատարած հատկացումները.

 «Գիտեք, էս պահին ինձ համար դժվար է գնահատական տալը, որովհետեւ բոլոր բաղադրիչներին ծախսի չեմ տիրապետում։ Այնուամենայնիվ, ծախսերը պետք է լինեն արդյունավետ։ Դա կանոն է, որին մենք պետք է  հետեւենք»։

Թրանսփարենսի ինթերնեյշընըլ հակակոռուպցիոն կենտրոնն իր ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել է հակակոռուպցիոն պայքարում Հայաստանում արձանագրված առաջընթացը՝ 2018-ից հետո։

«Մենք ասում ենք, որ բուրգային կոռուպցիա այսօր չի նկատվում։ Մենք ասում ենք, որ համակարգային կոռուպցիա այս պահին դադարել է գոյություն ունենալուց։ Դա չի նշանակում, որ այն այլեւս անվերադարձ է եւ կարող է չլինել, բայց ասում ենք, որ այսօր դադարել է եւ առնվազն թուլացվել են այն  կապերը, այն հիմքերը, որոնցում որ գործում էր համակարգային կոռուպցիան»։ 

Էական առաջընթաց կա հաստատությունների գործունեության մեջ, բայց կան նաեւ անհանգստացնող խնդիրներ, որոնք պետք է լուծումներ ստանան։ Օրինակ, ըստ հակակոռուպցիոն կազմակերպության եզրահանգման, լրջորեն պետք է վերաբերել շահերի բախման երեւույթին ու փակել բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ստեղծել ռիսկեր։ Կազմակերպությունն առաջարկում է նաեւ, որ բարեփոխումներն ավելի արագ լինեն։ 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close