ԿարևորՀասարակություն

Ինչպիսին կլինի Պոլսո 85–րդ պատրիարքի գործելաոճը

Դեկտեմբերի 11–ին պաշտոնապես հայտնի կդառնա Պոլսո 85–րդ պատրիարքի անունը, բայց մինչև պաշտոնական հայտարարությունը նախնական տվյալներն արդեն հուշում են, որ հովվապետ կդառնա Սահակ սրբազան Մաշալյանը։

Նախօրեին Պոլսում անցկացվել է պատրիարքական ընտրության 2–֊րդ փուլը՝ ստամբուլահայ համայնքը ընտրել է աշխարհիկ 102 պատվիրակների, որոնց մեջ մեծ է Սահակ Մաշալյանի կողմնակիցների թիվը։

Շուրջ  10 տարի հոգեւոր հովիվ չունեցող Պոլսի հայ համայնքը երկու օր հետո պաշտոնապես կունենա նոր Պատրիարք։ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը անցկացվում է երկաստիճան սկզբունքով: Հոգեւորական 17 պատվիրակներն ընտրվել են դեկտեմբերի 7–ին՝ ընդհանուր Կրոնական ժողվի կողմից, իսկ նախօրեին ընտրվել էին  համայնքի 102 պատվիրակները։

Երկու օր անց հոգեւոր եւ աշխարհիկ դասի ներկայացուցիչիները միասին  կընտրեն Պոլսո 85–րդ պատրիարքին։  Ըստ ընտրությունները համակարգող Նախաձեռնակ  մարմնի՝  նախօրեին հաղթել են պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցները․նա  ստացել է  9008, իսկ Արամ եպսիկոպոս Աթեշյանը ՝ 3529 ձայն։

Ընտրությանը մասնակցել է 13704 ընտրող, 753 քվե անվավեր է եղել, իսկ 376 հոգի դատարկ ծրար է նետել քվեատուփի մեջ։ Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի կարծիքով՝  ձայների տարբերությունը փաստում է, որ ընտրական օրն անակնկալներ չեն լինի, և պաշտոնապես պատրիարք կընտրվի Սահակ Սրբազանը:

753 անվավեր քվեթերթիկի  և 376 դատարկ ծրարի առկայությունն  արդյո՞ք դիտարկել որպես բողոք  պետության կիրառած սահմանափակումների դեմ․  դիտարկմանը   Արա Գոչունյանը համաձայնում է և նշում,  որ այո, համայնքի շատ ներկայացուցիչներ իրենց բողոքն այդպես են  արտահայտել։ «Բայց ընդհանուր առմամբ մասնակցությունը բարձր էր»,– ընդգծեց Պոլսի մեր զրուցակիցը։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես չի մասնակցել աշխարհիկ պատվիրակների ընտրությանը եւ թվիթերյան  գրառմամբ նշել է, որ «պատմության սև էջերի վրա են արձանագրվելու այն պաշտոնյաների անունները, որոնք համայնքի պատիվը խաղալիքի վերածեցին, նաև այն հոգևորականների ու հիմնադրամների նախագահների անունները, որոնք համագործակցեցին իշխանությունների հետ»։ «Ընտրվածին էլ չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք»,–գրառման մեջ նշել էր Փալյանը։

Ստամբուլի հայ համայնքում դժգոհություն էր առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սահմանափակում էր մտցրել պատրիարքի ընտրության կանոնակարգում։  Ըստ նոր կարգի՝ պատրիարքի ընտրություններին կարող են մասնակցել միայն Պոլսո պատրիարքարանին ենթակա եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: Սահմանափակման պատճառով ընտրություններին չկարողացավ մասնակցել պատրիարքի գլխավոր թեկնածուներից մեկը՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

«Թուրքահպտակ չէ, բայց առանց թուրք իշխանությունների հետ համագործակցության հնարավոր չէ», –վերլուծելով ստեղծված իրավիճակը եւ թուրք քաղաքական գործիչների քաղաքականությունը՝ ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Նոր կանոնակարգով Թուիքիայի իշխանությունները փորձեցին վերահսկելի դարձնել պատրիարքին։ Այսինքն՝ ընտրվելու էր  իրենց իմացած մարդը՝ կամ Աթեշյանը, կամ Մաշալյանը։ Դրսի թեկնածուն, որը ավելի շատ ազատություն ինքնուրույն գործելու հնարավորություն կունենար,  նոր կանոնակարգով բացառվեց, ինչին դեմ դուրս եկավ հասարակությունը, Կարո Փայլանը։ Նրանք հրապարակային հայտարարեցին, որ այդ կերպ խախտվեց ազգային փոքրամասնության իրավունքը՝ Թուրքիան խառնվեց ներքին գործերին»։

Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագիրը կարծում է, որ պաշտոնական ընտրությունից եւ իրավաբանական ձեւակերպումից հետո Սահակ եպիսկոպոս Մաշալյանը համայնքի հովվապետությունը կստանձնի Նոր տարվա տոներից հետո, իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 11–ին  կընտրվեն Կրոնական ժողովի անդամները։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button