ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս դիմագրավել ժողովրդագրական մարտահրավերներին

1982-1992 թվականներին Հայաստանում եղել է շուրջ 77 հազար ծնունդ, իսկ 1992-ից 2002–ը՝ 46 հազար: Այսինքն՝ մոտ 41 %- ով ծնունդները պակասել են: Ծնելիության ցածր մակարդակը, միգրացիան ու մի շարք այլ գործոններ  այսօր էլ էական ազդեցություն  ունեն մեր   երկրի ժողովրդագրական պատկերի վրա։

Մասնագետներն ասում են, որ առաջիկա տարիներին բնակչության բացասական աճը կլինի Հայաստանի ամենալուրջ մարտահրավերներից  մեկը։  Ինչպե՞ս նվազագույնի հասցնել արտագաղթն ու  դիմագրավել դեմոգրաֆիկ մարտահրավերին։

Վերջին հինգ տարվա կտրվածքով ծնելիության ցուցանիշը Հայաստանում անկում է ապրել։ Եթե 2014 թվականին մեր երկրում ծնունդների թիվը 43  հազար էր, ապա 2018-ի տվյալներով՝ ծնվել է  36 574 երեխա։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ժողովրդագրության բաժնի պետ  Արտակ Մարկոսյանը նշում է, որ դրական դինամիկա ունենք  2019-ի առաջին ինն ամիսներին։

 «Հունվար-սեպտեմբերի կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք որոշակի բարելավում, այսինքն՝ ծնունդների անկումը կանգ է առել, նվազել է ընդամենը 20-ով։ 2011 թվականից հետո առաջին անգամ ունեք ամուսնությունների թվաքանակի աճ՝ 682-ով։ Ամուսնալուծությունները նվազել են 30-ով»։

Այդուհանդերձ, մասնագետներն ասում  են, որ Հայաստանում սկսվում է ժողովրդագրական գործընթացների նոր՝ ավելի բարդ  փուլ, ակտիվ ամուսնական տարիք է մուտք գործում 90-ականներին  ծնված սերունդը, որի թիվը մոտ 40 տոկոսով ավելի քիչ է, քան 1980-ականներին ծնվածներինը: Արդեն շոշափելի է դառնում  նաև սեռային անհամաչափության խնդիրը։

Արտակ Մարկոսյանի տվյալներով՝ 1-24 տարեկանների համախմբում այսօր ունենք մոտ 50 հազար հավելյալ տղա, որոնց ամուսնության տարիքում Հայաստանում զույգ գտնելու հեռանկարը խիստ մշուշոտ է։  Առկա է նաև առողջապահական լուրջ խնդիր․ 2014 թվականին իրականացրած հետազոտության արդյունքներով՝ շուրջ 90 հազար զույգ մեր երկրում ունի  անպտղության խնդիր։

Հայաստանում արդեն կան մարզեր, որտեղ մահերն ավելի շատ են, քան ծնունդները, առաջատարը Լոռին է։ Ժողովրդագրական անբարենպաստ ցուցիչները լրացնում է ծերացումը։  Բնական աճի ցուցանիշներից զատ՝ Հայաստանի ժողովրդագրական պատկերի վրա բացասաբար ազդող հիմնական մյուս գործոնը  շարունակում է մնալ  արտագաղթը։ Միգրացիոն պատկերի վրա ազդում է նաև  նպատակակետ երկրների միգրացիոն քաղաքականությունը՝ նկատում է  «Հայկական կարիտաս» ՀԿ ներկայացուցիչ Տաթևիկ Բեժանյանը։

«Մեր միգրանտների շուրջ 93 տոկոսը ընդհանրապես և աշխատանքային միգրանտների 96 տոկոսը մասնավորապես մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, որի միգրացիոն քաղաքականության ցանկացած փոփոխություն ազդում է մեր միգրացիոն հոսքերի վրա։ Նույնը կարող եմ ասել Եվրամիության երկրների մասին։ Դեկտեմբերի 5-6-ին Մոսկվայում տեղի ունեցավ  «Եվրասիայի միգրացիոն կամուրջներ» խորագրով գիտաժողովը, որտեղ 30 երկրից մոտ 200 մասնակից կար։ Ծանոթանալով նրանց միգրացիոն խնդիրներին, ես  տեսա  շատ լուրջ խնդիր, որը մեզ սպառնում է»։

Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրամիության երկրները ունեն ժողովրդագրական լուրջ խնդիր, որը փորձում են լուծել ոչ միայն բնական աճին միտված ծրագրերով, այլև      միգրացիոն  քաղաքականությամբ։ Այդ առումով, մեզ համար, ինչպես ասում է, առավել լուրջ վտանգ է Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը։

«Նրանց համար կարևոր են ԱՊՀ երկրները։ Բարենպաստ քաղաքականությունը տարվելու է ԱՊՀ երկրներից միգրանտների հոսքն ապահովելու համար։ Չինաստանի մասով խստացումներ կան»։

«Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության դեմ  Հայաստանը ոչինչ անել  չի կարող, փոխարենը կարող է  և պետք է ստեղծի  պայմաններ, որպեսզի իր քաղաքացին   Ռուսաստան մեկնելու կարիք չունենա»,- ասում է Տաթևիկ Բեժանյանը։

Իր քաղաքացուն Հայաստանում պահելու, ժողովրդագրական խնդիրները լուծելու նպատակով  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր մասով թիրախավորել է քաղաքացիների բնակարանային ապահովության խնդիրը՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի տեղեկացմամբ՝ նախագիծն արդեն կառավարությունում է։

«Նախատեսվում է մարզային բնակավայրերում միանվագ դրամական աջակցություն երեխա  ունեցող ընտանիքներին հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար։  Ծրագրից օգտվելու համար պետք է ունենալ առնվազն երկու երեխա։ Երկրորդ կարևորագույն ծրագիրը երեխա ծնվելու դեպքում հիփոթեքային վարկ փակող ընտանիքին տրվող աջակցությունն է։ Պետությունը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի՝ կախված նրանից, թե որերրորդ երեխան է ծնվում ընտանիքում»։

2020 թվականի հուլիսի մեկից նախատեսվում է առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվող միանվագ նպաստը  սահմանել 300 հազար դրամ։ Խնամքի նպաստի չափը ներկա 18 հազարի փոխարեն կսահմանվի 25 500 դրամ։   Խնամքի նպաստը կտրամադրվի անկախ հանգամանքից՝ մայրը աշխատում է, թե՞ ոչ։

Ցուցադրել ավելի
Back to top button