ԿարևորՀասարակություն

Ապրիլյան հանձնաժողովը պետք է լսի նաև Սերժ Սարգսյանին․ Անդրանիկ Քոչարյան

2016 թվականի ապրիլյան դեպքերի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարացնելու առաջարկն այսօր քննարկվել է խորհրդարանում։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝  քննիչ հանձնաժողովները ստեղծվում են 6 ամսով՝ գործունեության ժամկետը  ևս 6 ամսով երկարացնելու հնարավորությամբ։

Առաջին 6 ամսվա ընթացքում Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն ուսումնասիրել է  2684 էջ ծավալով գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթեր։

Հանձնաժողովը հրավիրել է 21 նիստ, քննվել է 10 զինծառայող, ինչի արդյունքում կազմվել է 415 հարց։ Դրանց վերաբերյալ ստացվել են պատասխաններ։ Վերջին փուլում լսվող պաշտոնյաների թիվը կարող է հասնել 40-ի, որն առնվազն մի քանի ամսվա աշխատանք է։ Քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ աշխատանքներում դիմադրության չեն հանդիպել։

«Դիմադրությունների, որպես այդպիսին, հանձնաժողովը չի հանդիպել, գուցե չհասկացված պահեր եղել են, բայց հանձնաժողովը կարողացել է հաղթահարել այդ չհասկացված պահերը, եւ այսօր մենք  ունենք լիարժեք առաջ գնալու ավելի մեծ հնարավորություն, քան սկզբնական փուլում է եղել։ Ինչ վերաբերում է, թե ովքեր պետք է լինեն այս վերջին փուլում հրավիրյալները, նրանք հաստատված են մեր հանձնաժողովի կողմից։ Այո, հանձնաժողովը պարտավոր է լսել նրանց, ընդհուպ մինչեւ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, որովհետեւ ինքը վերջին հաշվով իրականացրել է գլխավոր հրամանատարի գործառույթ, եւ հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքագրվել են, ուսումնասիրվում են եւ վերջնական պատասխանները պետք է ստանանք նաեւ Սերժ Սարգսյանից, իսկ դրանից առաջ, բնականաբար, բոլոր այն պաշտոնյաներից, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցել են կառավարման առումով առնչություններ»։

Աշխատանքային ժամկետը երկարացնելու առաջարկով խորհրդարանին դիմել է նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերում ջրային ոլորտն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։

Այս ամենին զուգահեռ Աժ–ում ստեղծվում է նոր քննիչ հանձնաժողով։ Մինչեւ 15 անդամ է ունենալու   ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016–2019 թթ․ ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Նախաձեռնող խմբի անդամ, ԲՀԿ–ից պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշում է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումն ուղղված չէ որեւէ անձի կամ կառույցի դեմ․

«Թիրախում  ոչ թե ինչ–որ անհատ կամ կազմակերպություն է, թիրախում կոնկրետ մեր քաղաքացիների համար լրջագույն խնդիր հանդիսացող ուղեւորափոխադրումներն են, որ այսօր ունենք մի շարք քաղաքներ, որոնք հետ կապը ուղղակի կտրվել է մայրաքաղաքի։ Ունենք լրջագույն խնդիր ներմարզային ուղեւորափոխադրումների մեջ։ 205 մարզային ուղեգծեր կան, չհաշված Արմավիրի մարզը, որոնցից վերջին 3 տարում 36–ն արդեն փակվել են։ Ունենք լրջագույն խնդիր հենց Երեւանի եւ մյուս խոշոր քաղաքների հետ, որոնք այսօր փաստացի իրականացվում են, բայց իրականացվում են այնպիսի կազմակերպությունների եւ անհատների կողմից, որոնք պետության կողմից լիցենզավորված չեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button