ԿարևորՀասարակություն

«Տղիս անունը գուզեմ Ժաշկ դնեմ»․ Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի հիշողությունները

Գյումրի ծննդատանն այդ օրն առավոտյան լույս աշխարհ եկած մանուկների ճիչերն էին լսվում և ուրախ բացականչություններ,- տղա՜ է տղա…

Սակայն…

ժամը 11 անց 41 րոպեին, 1 ակնթարթում ուրախ ճիչերը լռեցին, զարհուրելի հռնդյունով մոխրակույտ դարձավ ծննդատան շենքի նորակառույց հատվածը: Լենինականի ծննդատան շենքը 2 մասնաշենքից էր բաղկացած, հին և նոր, հինը՝ որ  կառուցվել էր 1937 թ-ին, կանգուն մնաց, նոր մասնաշենքը, որն ընդամենը մի քանի տարի էր շահագործվել՝ խորհրդային միության խրոնիկ թալանի ու անբարեխիղճ շինարարների պատճառով խլեց 40 կյանք, լավագույն բժիշկներ, բուժանձնակազմ, նորաթուխ մայրեր ու նորածիններ:

1988-ը բաժանարար հանդիսացավ Գյումրիի պատմության համար: Անցած-գնացած օրերից դրվագներ պատմելիս գյումրեցիները հաճախ են անում «նախքան երկրաշարժը» կամ՝ «երկրաշարժից հետո» արտահայտությունը: 7 մագնիտուտով, 9-10 բալ ուժգնությամբ, 35-45 վայրկյան տևած երկրաշարժը խլեց 25 000 կյանք, թողեց՝ 50 000 հաշմանդամ:

Զրուցակիցս Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ  Ֆելիքս Գրիգորյանն է, կյանքի 55 տարին նվիրել է սիրած աշխատանքին, երկրաշարժի մասին խոսելիս միայն մխիթարական դրվագներն է հիշում, հատկապես՝ ապրելու, կորուստը վերականգնելու տենչն ու բեյբի բումը: 

«Ամենատպավորիչն այն էր, որ այդ ծնունդների մեծ թիվ էին կազմում այն ծնունդները, որոնց մայրերը երեխա էին կորցրել»,– պատմում է Ֆելիքս Գրիգորյանը։

88-ի դեկտեմբերի 7-ը լավ է հիշում, մի մառախլապատ օր էր, Երևան էին կանչել, նախարարություն:

— Գնում էի իմ ընկերոջ մեքենայով, Ազատան գյուղի մոտ երկրաշարժը սկսվեց: Ընկերս՝  վարորդը, կանգնեցրեց մեքենան ասաց,- ես երևի ինֆարկտ ստացա,- ասի մի վախեցի ինֆարկտ չես ստացել երկրաշարժ է: Էնքան ուժեղ էր ցնցումը, որ լողում էր մեքենան, իջանք, բռնել էինք մեքենայից, որ ցած չընկնեինք, կարծես ծովի ալիք լիներ ամբողջ ավտոճանապարհը:

Տեսնում են հարևան Ազատան գյուղը կանգուն է, շարունակում են ճանապարհը, որ ժամադրությունից չուշանան:  Երևանում է իմանում կատարվածի մասին ու շտապում տուն, ընտանիքին փնտրելու:

— Եկել եմ տուն, տեսել եմ մեր շենքը չկա, ուղղակի մի բլուր է: Արագած փողոցում 5 շենք կար, 5 շենքի փոխարեն 5 բլուր էր, բլուրներից մեկը մեր տունն էր: Մայրս ու փոքր տղաս տանն են եղել, փոքր տղայիս քեռին մի կերպ հանել է 8 կոտրվածքով, դա ուղղակի հրաշք էր, իսկ մայրս… Մորս գտել ենք 6-րդ օրը, շենքն արդեն մաքրելու ժամանակ, էսպիսի ահավոր վիճակ էր: Էդ ամեն ինչը պարզելուց հետո գնացի գտա փոքր տղայիս, որը հիմա բժիշկ է Երևանում, միակ երևացող կոտրվածքը, դա ոտքի ոլոքի բաց կոտրվածքն էր, հատակ մաքրելու չոտկը դրել էի կողքը կապել էի, ինչքան որ հնարավոր էր: Երկաթգծի հիվանդանոցի բակում պառկած էր, ցավերից լացում էր, ասի մի լաց, տես ինչքան մարդ կա կողքդ պառկած, իրենց ցավը լուռ տանում են,  բայց ասեմ, որ պառկածների մեծ մասն արդեն մահացած էին:

Միայն մահացածներն այդ օրերին կարող էին լուռ տանել ցավը: Բայց… կյանքը շարունակվում էր, փլատակների մեջ ու փողոցներում շարասյունով դրված դագաղների կողքին նաև նորածնի ճիչ պիտի լսվեր: Գյումրիում ծննդօգնությունը կազմակերպվում էր երկաթգծի հիվանդանոցում, ինչը համեմատաբար անվտանգ էր: Ախուրյանում՝ որտեղ այդ ժամանակ աշխատում էր Ֆելիքս Գրիգորյանը, սկզբնական փուլում, ծնունդները վրաններում էին ընդունում:

— Դեկտեմբերի 26-ին զինվորականները վրաններ խփեցին Ախուրյանի ծննդատան բակում, 28-ին արդեն ծնունդ ընդունեցինք: Էքստրեմալ պայմաններում շատ դժվար է աշխատելը, բայց այնքան շուտ է ադապտանում ժողովուրդը, և բժիշկները, և բուժանձնակազմը, և նույնիսկ ծննդաբերող կանայք շատ շուտ հարմարվում են, մտածում են, որ էս է, պետք է ամեն ինչ անեն, որ բարեհաջող ելք ունենա: Ինչքան էլ էլեկտրականություն չկար, մութ էր վրանների մեջ, ուղակի դրված էին գեներատորներ, որոնք լուսավորում էին այնքան, որ աչք աչքի տեսնի, և նույնիսկ ջերմաստիճանի այնպիսի տարբերություն կար, որ ծնված երեխան գոլորշու միջից էր ծնվում, որովհետև ցուրտ էր, ինքը տաք տեղից էր դուրս գալիս, Բայց  ոչ մի մանկական մահացության կամ արտառոց դեպք չգրանցվեց:

Այդ օրերնին Գյումրիում ծնվում էին նաև հումորներ, սև հումորներ: Դրանցից շատերն իրական դեպքեր  էին, որոն հետո դարձան անեկդոտներ:

-Են ցուրտ տարիներին, որ լույս չկա, մի հատ մոմ էր վառված, բուժքույրը նստած է ընդունարանում, վերարկուն, վերարկուի վրայից ճերմակ խալաթը վրան գցած, ծննդաբերող կինը մտնում է բուժքույրը դողացող ձեռքերով անուն ազգանուն է լրացնում և այդ հարցումների մեջ կա մեկ այլ տող, հարցնում է «ջրերը գնացե՞լ են» պտղաջրերի մասին է խոսքը, ամուսինը պատասխանում է «բժշկուհի ջան, ես եմ բաց թողել, որ չսառեր»:    

Գյումրեցիներից շատերը վիշտը հումորով էին սփոփում ոմանք էլ՝ պատմության դասը սերունդներին հիշեցնելու իրենց բանաձևն էին գտել:

-Մեկն եկավ բողոքելով, որ զագսում չեն գրանցել տղայի անունը, ասի ինչ անուն էինք դրել, ասեց՝ Ժաշկ, ասում է Ժաշկ մնա, որ հիշեն, եթե 24 թին ժաշկի ժամանակ Ժաշկ անունով մարդիկ ունենային, միշտ կհիշեին ու կարգին շենքեր կսարքեին, որ էսքան զոհեր չունենայինք:

Արդեն սերունդ է փոխվել, Գյումրիի միջին սերունդը մի ամբողջ երիտասարդություն վատնեց  փլատակների ու մոխիրների մեջ: Աղետի գոտին զարգացման գոտու վերածելու ծրագրերը, եթե նույնիսկ անճանաչելի փոխեն նոր Գյումրին, ապա հիշողությունների սպին չի վերանա ավագ սերնդի մտապատկերում:  

Back to top button