ԿարևորՀասարակություն

Մի կողմից բեռի նվազեցում, մյուս կողմից՝ լրացուցիչ բեռ. Ֆինանսների նախարարը` առողջության հարկի մասին

Ֆինանսների նախարարությունը կարծում է, որ նոր հարկատեսակը բեռ է՝ տնտեության մրցունակության տեսանկյունից:

«Մի կողմից հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն՝ որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից, ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում՝ առողջության հարկ սահմանելով»,- Հանքավանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:  

«Կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի կամ վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա, որովհետև նույն վարձու աշխատողը, եթե խնայողություններ գեներացներ դրա փոխարեն, ապա կարող էր ինքը ներդրումներ կատարել, հավելյալ արժեք ստեղծելու պոտենցիալ ձևավորելով: Հիմա կստացվի, որ այդ ներդրման փոխարեն ներդրում է կատարվում առողջապահության համակարգում: Դրանով է պայմանավորված մեր տեսակետը, և կարծում ենք, որ այն պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա»,-նշեց  Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարն ասաց, թե այս հարցի վերաբերյալ քաղաքացիների վերաբերմունքը այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել. «Որովհետև դժգոհություներն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ»,- հավելեց Ջանջուղազյանը:

Հարցին, թե առողջապահության հարկի վերաբերյալ ֆինանսների նախարությունն ունի՞ նախընտրած շեմ, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց.

«Ֆինանսների նախարարության նախընտրելի շեմը զրոն է: Հարցը չափի մասին չէ, հարցն ուղղության մասին է»,- ասաց:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ իր առաջարկած առողջապահության ապահովագրությանը դեմ են արտահայտվել ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close