
Այսօր Վաշյե-Լագրավը և Լիժենը կհանդիպեն Լոնդոնում անցկացվող Grand Chess Tour-ի եզրափակիչում, իսկ Արոնյանը և Կարլսենը՝ երրորդ տեղի համար մրցամարտում:
Grand Chess Tour-ի կիսաեզրափակիչ փուլում բոլոր պարտիաներն ավարտվել են: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվել է չինացի Դին Լիժենին:

Նախ գրոսմայստերներն անցկացրել են 2 դասական պարտիա, որոնցում հաղթող չի եղել: Արագ խաղի 2 ու կայծակնային խաղի 4 պարտիաներում ավելի ուժեղ է գտնվել Դին Լիժենը:
Մյուս կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Վաշյե-Լագրավ և Լիժեն եզրափակիչ խաղում կխաղարկվի 150,000$, իսկ երրորդ տեղի համար Արոնյան և Կարլսեն մրցամարտում կխաղարկվի 60,000$:
Grand Chess Tour-ի կիսաեզրափակչում և եզրափակչում հանդիպումներն ընթանում են հետևյալ կարգով
• երկու դասական խաղ. 6 միավոր հաղթանակի, իսկ 3-ը`ոչ-ոքիի համար
• երկու արագ խաղ. 4 միավոր հաղթանակի և 2-ը `ոչ-ոքիի համար
• չորս կայծակնային խաղ. 2 միավոր հաղթանակի և 1-ը `ոչ-ոքիի համար