ԿարևորՀասարակություն

Շահագործման է հանձնվել երկրաշարժի ժամանակ ավերված «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

Դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ՝ 2008 թվականից իրականացվել էր կայարանի ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացումն ու հիմնանորոգումը (գծային տնտեսություն, քարշային ենթակայան, միկրոպրոցեսորային կիսաավտոմատ արգելափակման համակարգ):

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է ներկաներին և աշխատակիցներին ու մաղթել անփորձանք աշխատանք․ «Ուրախ եմ, որ Հարավկովկասյան երկաթուղիները ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, մաղթում եմ ձեզ ծանրաբեռնված, բայց անխոչընդոտ աշխատանք»։

Անբասիր աշխատանքի և վաստակի համար Հարավկովկասյան երկաթուղիների մի շարք աշխատակիցների Շիրակի մարզպետը հանձնել է շնորհակալագրեր։

Նշենք, որ «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է գրեթե 360 գնացք: Բեռնաթափման տարեկան ծավալը կայարանում կազմում է 4000 տոննա նավթալից բեռներ: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է նոր շենք, վերականգնվել էլեկտրակենտրոնացման համակարգը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումներ: Բոլոր կառույցները գազաֆիկացված են, ապահոված են աշխատանքի բոլոր պայմանները: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է 44 մլն դրամ:

Back to top button