ԿարևորՏնտեսական

Փաշինյանը խորհրդարանում թվարկել է, թե ինչն է խանգարում բյուջեին

2020 թվականի բյուջեի նախագիծն այսօր խորհրդարանում ընդունվել է  ձայների 77 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ։ Փաստաթղթին դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

Բյուջեի նախագիծը խորհրդարանում է դեռ նոյեմբերի 13–ից, նախ՝ քննարկվել է գլխադասային հանձնաժողովներում, հետո՝ ԱԺ լիագումար նիստում։ Պատգամավորներն այդ ընթացքում առաջարկություններ են  ներկայացրել․ արվել է 160 առաջարկ՝ շուրջ 368 միլիարդ դրամի ընդհանուր ծախս ենթադրելով։ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոսի տնտեսական աճ։

Հակառակ ընդդիմադիր պատգամավորների քննադատությունների եւ «դեմ» քվեարկության՝ վարչապետը շարունակում է «հեղափոխական» բառն օգտագործել 2020 թվականի բյուջեի մասին խոսելիս։ Հիմնական քննարկումը ծավալվեց երեկ, այսօր Նիկոլ Փաշինյանը 30 րոպե տեւողությամբ ելույթում անդրադարձավ փաստաթղթի վիճահարույց կողմերին։

Կառավարությունը թերեւս ամենաշատը քննադատվեց պաշտպանական ոլորտի ծախսերի կրճատման համար։ Այդպես պնդում են ընդդիմադիրները, վարչապետը պատասխանում է այն սահմաններում, որքանով կարելի է հրապարակային խոսել այդ ոլորտի մասին։ 2018 թվականից պաշտպանական բյուջեն ավելացել է  66 միլիարդ դրամով, ինչը բյուջեի մոտավորապես 28 տոկոսն է։

«Կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ–ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, եւ ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է քաղաքականությունը տարածաշրջանում  ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ։ Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»։

Ընդդիմադիր գործից մինչեւ վարչապետ․ այս ճանապարհի ընթացքում Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձեւը չի փոխվել։ Նա առաջարկում է առաջ գնալ այն սկզբունքով, որ Հայաստանի եւ Արցախի ապագան կախված է յուրաքանչյուրի անհատական ջանքից։

 «Չենք գողանում մենք պետական բյուջեից։ Ես չեմ գողանում ոչ մի լումա։ Եվ ընդհակառակը՝ ասում եմ, այո, կկտրենք բոլոր այն ձեռքերը, ովքեր մեր երկրից մեր ազգային հարստությունից կփորձեն որեւէ բան վերցնել»։

Վարչապետը հանրության կողմից ընկալված է համարում ՀԴՄ–ների պարտադիր կիրառման հարցը։ Բյուջեի վրա ազդեցությունն արդեն ակնհայտ է։ Այժմ առաջարկում է անցնել նոր փուլի՝ ուշադրություն դարձնել «հաշիվ ապրանքագրերի» վրա։ Առեւտրի իրական ծավալը երեւում է հենց այդ փաստաթղթից։  Վարչապետի նոր կոչն ուղղված է ապրանքը առաքողներին եւ ընունողներին՝ չաշխատել առանց «հաշիվ ապրանքագրերի»։ «Վիճակագրական մանիպուլյացիաներ» անելու մեղադրանքների պատասխանը կրկին թվերով է․ այս տարվա բյուջեն գերակատարվում է 89 միլիարդ դրամով։ Սրանով արդեն ապահովագրված է 2020–ը։  

«Միջազգային պահուստները 2019–ի հոկտեմբերի դրությամբ գտնվում են պատմական բարձր մակարդակի վրա։ 2018 թվականի նույն ամսվա համեմատ աճել են 386 միլիոն դոլարով կամ 19 տոկոսով։ Սա վիճակագրական ցուցանիշ  չէ։ Սա փող է, որ այնտեղ դրված է։ Կարող եք հանձնաժողով կազմել, գնալ, ստուգել,  նաեւ հաշվել»։

Պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են շուրջ 6%։ Հայաստանում աճը կազմել է 0.1%։  Վարչապետը բացատրում է՝  մենաշնորհների դեմ պայքարի միջոցով հնարավոր եղավ ապահովել այդ ցուցանիշը։ Այս կամ այն խնդրից դժգոհողներին եւ տարբեր ոլորտներից օրինակներ ներկայացնող պատգամավորներին վարչապետը կրկին պատասխանեց օրինակներով։

 «Ժողովուրդ ջան, այո, գյուղատնտեսության ոլորտում վիճակագրորեն ունենք անկում։ Բայց չգիտե՞ք, որ իբր Հայաստանից խաղող են մթերել, հետո «դրսից» ինչ–որ կանյակներ են բերել, որ ձեւակերպեն «հայկական կոնյակ» եւ այլն։ Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ որեւէ այլ տեղից լոլիկ են բերել «հայկականի» տակ ձեւակերպել են։ Փակել ենք այդ ճանապարհը ու ճիշտ ենք արել։

126 դպրոցներին առնչվող քրեական գործեր, որտեղ 222 մարդ տնօրենների հետ որեւէ կապով ձեւակերպված է եղել ու չի գնացել աշխատանքի։ Միայն այս գործերով 350 միլիոն դրամի վնաս է հասցվել պետությանը։ Էն որ մենք 10%–ով աշխատավարձ ենք բարձրացրել, պատկերացնո՞ւմ եք, մենք այդ այդ գողացողների աշխատավարձն ենք բարձրացրել։ Պիտի այս երեւույթներն արմատախիլ արվեն, որ մեր բարձրացրածն էլ երեւա։

ՀՀ կառավարությունն այսօր փակում է 30–ամյա ԱԱՀ–ի գործարար հանրությանն ունեցած պարտքը։ Մենք չենք այդ պարտքը կուտակել, նախկին, նախկին, նախկին կառավարություններն են, բայց մենք փակում ենք այդ պարտքը։ Սա վիճակագրության տող չի, սա կոնկրետ փող է, որ գնում է կոնկրետ մարդկանց»։

2019–20 թվականների բյուջեների աննախադեպ ցուցանիշներից է նաեւ այն, որ այս տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից։ Կանխատեսումների համաձայն՝ այդ ցուցանիշով հաջորդ տարի կանցնենք նաեւ Ադրբեջանին։

«Սա է տնտեսական հեղափոխության դրոշը»։

Բազմաթիվ այլ ցուցանիշներ էլ հնչեցին վարչապետի խոսքում, բայց խորհրդարանական 3 ուժերից ընդամենը մեկը կողմ քվեարկեց հաջորդ տարվա բյուջեի օգտին։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ էին։ Եթե վերհիշենք վերջին 10 տարիներին խորհրդարանում բյուջեների նախագծերի ընդունման պատմությունը, ապա կարող ենք առանձնացնել 2016 եւ 2012 թվականները։ 2016–ը ապրիլյանի պատերազմի տարին էր, եւ այդ տարվա բյուջեն ընդունվեց ամենաշատ ձայնով՝ կողմ էր քվեարկել 97 պատգամավոր։ 2012–ը խորհրդարանական ընտրությունների տարի էր։ Այդ տարվա բյուջեն ընդունվեց մի կերպ՝ «կեղծ քվեարկությամբ»։ Հարեւանի փոխարեն քվեարկելու մեխանիզմով հազիվ ապահովեց 66 «կողմ» ձայնը։  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close