ԿարևորՀասարակություն

Սիրիահայերի 76%-ը ցանկանում է ընդմիշտ մնալ Հայաստանում

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը  պատրաստ է հաճախ հանդիպել, համագործակցել, լսել ու լսելի դարձնել սիրիահայերի ձայնը,  ասել է Զարեհ Սինանյանը՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակում մի խումբ սիրիահայերի հետ հանդիպման ժամանակ:  Հանձնակատարը խոսել է սիրիահայերի և իրաքահայերի տարերային հայրենադարձության փորձի, դրանցից դասեր քաղելու անհրաժեշտության, ինտեգրման դժվարությունների մասին, հավելել, որ այժմ Հայաստանում բնակվում են 10-12 հազար սիրիահայեր: Նրանց հատկապես հուզող խնդիրներն առնչվում են բնակարանային, կրթական, առողջապահական, աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմաներին:

Չնայած այս ամենին՝ ըստ «Հալեպ» ՀԿ-ի ուսումնասիրության տվյալների՝ հարցմանը մասնակցած սիրիահայերի 76%-ը հեղափոխությունից հետո ցանկանում է ընդմիշտ մնալ Հայաստանում, 90%-ը ցանկություն ունի հայրենիքում սեփականություն ձեռք բերել:

Սիրիահայերը կարևորել են իրենց խնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի վերաստեղծումը, որին ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Ինչ վերաբերում է արևմտահայերենի պահպանման խնդրին, հանձնակատարն ընդգծել է՝ դա նաև իր համար է սկզբունքային հարց, և արևմտահայերենը՝ որպես մշակութային ժառանգություն, պետք է պահպանվի:

Հանդիպման ավարտին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում սիրիահայ և իրաքահայ 46 ուսանողների շնորհվել են կրթաթոշակներ: Ծրագիրն իրականացնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button